Կարմիր խաչը գիտակցված կամ չգիտակցված կերպով դարձավ Բաքվի հետ համագործակցող սուբյեկտ
Հակարի կամրջի վրայից Վագիֆ Խաչատրյանի առեւանգման միջադեպով տեսանք, որ հարձակման թիրախ է դարձել ոչ միայն Արցախի քաղաքացին, այլեւ տեսանք, որ թիրախավորվեց Կարմիր խաչը, որը մարդասիրական մանդատ իրականացնող սուբյեկտից վերածվեց Ադրբեջանի հետ համագործակցող սուբյեկտի: Այս մասին «Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը՝ մարդու իրավունքների կոպտագույն խախտում․ ի՞նչ միջոցներ է պետք ձեռնարկել» թեմայով «Մեդիա կենտրոնին» տված իր հարցազրույցում նշեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
«Արտակարգ հանձնումները երբեք տեղի չեն ունենում մեկ կողմի գործողությունների շրջանակում, որպես կանոն լինում է երկրորդ շահագրգիռ կողմը, որը համագործակցելով հայցող պետության հետ, իրավական գործընթացներ շրջանառելով մարդու իրավունքների խախտումներ է թույլ տալիս: Կարմիր խաչը գիտակցված կամ չգիտակցված կերպով դարձավ այն համագործակցող սուբյեկտը, որի միջոցով նախապատրաստվեցին եւ իրականացվեցին մարդու իրավունքների խախտումներ: Եթե չլիներ Կարմիր խաչն իր մանդատով, ապա Վագիֆ Խաչատրյանը չէր հայտնվի Ադրբեջանի իրավազորության ներքո, եւ Ադրբեջանը չէր ունենա նրան հոգեբանական եւ ֆիզիկական խոշտանգումների ենթարկելու հնարավորություն»,-ասաց ՍԻրանուշ Սահակյանը:
Նա նկատեց, որ միջազգային իրավունքում պատասխանատվություն է կրում ոչ միայն այն երկիրը, որը խոշտանգում է անձին, այլեւ այն երկիրը, որն իր գործողություններով դրա համար պայման է ստեղծել. «Դրա դասական օրինակն է, որ երբ պետությունը կանխատեսելով, որ էքստրդիցիայի ենթարկվող անձը կարող է խոշտանգումների ենթարկվել հայցվող պետությունում, ուղարկում է: Մարդու իրավունքների ստանդարտները երկու պետության պատասխանատվությունն են դնում: Կան բազմաթիվ նախադեպեր, երբ զոհերը դիմում են հանձնող պետության դեմ եւ ասում՝ եթե դու հանձնես, կխախտես մեր իրավունքները: Այս դեպքում Կարմիր խաչը մարդու իրավունքների խախտող է դարձել»,-ընդգծեց նա: