«Երևանի Ավտոբուս»-ը վարորդներին տարիներ շարունակ չի տրամադրել օրենքով հասանելիք արձակուրդը          Բաքվին լուծում ենք առաջարկել, որը ընդունելի կլինի և' հայ, և' ադրբեջանցի ժողովուրդների համար       Վիտամինային խառնուրդ հատկապես ձմռանն իմունիտետը ամրացնելու համար    

31 օգոս 2023 11:49

Ալիևի համար դա կլիներ դեմքի և հեղինակության անդառնալի կորուստ,եթե բեռները տեղ հասնեին.որպեսզի Լաչինի միջանցքը բացվի, Հայաստանը պետք է գին վճարի ու շատ թանկ

«Սպասելի էր, որ Ադրբեջանը թույլ չի տալու նաև Ֆրանսիայից եկող հումանիտար բեռների մուտքը ԼՂ, որովհետև Ալիևի համար դա կլիներ դեմքի և հեղինակության անդառնալի կորուստ իր իսկ հասարակության աչքում: Բացի դա՝ թույլ երևալն ավտորիտար ռեժիմների համար մահացու վտանգ է, հղի ներքին ապակայունացմամբ»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ մեկնաբանելով Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնությունը, որը Հակարիի կամուրջի մոտ չի ստացել ԼՂ մուտք գործելու հնարավորություն:
Քաղաքագետը նկատում է՝ այն, ինչ տեղի է ունենում, կարող է ձեռք բերել միջազգային հնչողություն:

«Եվրամիության արտգործնախարարների հանդիպում է սպասվում, որտեղ քննարկվելու է մի քանի քաղաքական հարց, այդ թվում՝ Ուկրաինայի, Կովկասի, մասնավորապես՝ Արցախի հարցը: Այստեղ հայկական դիվանագիտությունն աշխատելու տեղ ունի, և շատ կարևոր է ֆիքսել շահերի, նպատակների և արժեքների միասնություն և համատեղ գործողությունների պլան Հայաստանի և Եվրամիության, Եվրամիության առանձին առանցքային երկրների միջև, որոնք, կարող են իրենց քաշային կատեգորիայից ելնելով, ազդեցություն ունենալ տարածաշրջանային պրոցեսների վրա: Սակայն մենք պետք է հասկանանք, որ այս ամենն ունի և ունենալու է քաղաքական գին»,- ասում է նա:

Ըստ Մեհրաբյանի՝ որպեսզի Լաչինի միջանցքը բացվի, և դրա համար արևմուտքը ջանքեր գործադրի, Հայաստանը պետք է գին վճարի, և այդ գինը ռուսների դուրս գալն է տարածաշրջանից:
 
«Մեզ համար դա ուղղակի գտած բան է, մանավանդ, որ Ֆրանսիայի ներկայացուցիչներն իրենց գորիսյան ասուլիսում ասացին՝ այնպես, ինչպես Պուտինն է թիրախավորվում, պետք է թիրախավորվի նաև Ալիևը: Հայաստանը պետք է նաև ընդունի Հռոմի ստատուտն առանց վերապահումների, որով ընդհանրապես Պուտինի և Պուտինի «պուդելների» ոտքը կկտրվի Հայաստանից, և կկարողանանք արդեն անհատական հայցեր ներկայացնել Հաագայի միջազգային քրեական դատարան»,- նշում է զրուցակիցը:
Անդրադառնալով Ադրբեջանի իբր մարդասիրական քայլին՝ ԼՂ ժողովրդին մարդասիրական բեռներ ուղարկելուն՝ քաղաքագետն ասում է՝ Ադրբեջանը որոշել է ուղղակի ձեռք առնել հայ ժողովրդին, այնպես, ինչպես դա անում էին նացիստները համակենտրոնացման ճամբարներում:
«Երբ երեկոյան հարբած զվարճանում էին՝ մի կտոր հաց սեղանից շպրտելով մի քանի գերիների և ըմբոշխնելով, թե ոնց են իրար ծեծում: Ադրբեջանի քայլը դա է, որովհետև, եթե ձեր սիրտը հումանիստական է և ցավում է սովի մատնված մարդկանց համար, նախևառաջ բերքով լի դաշտերի ուղղությամբ մի կրակեք, մի կրակեք տրակտորների վրա, սովը մի օգտագործեք որպես ձեր քաղաքական օրակարգը պարտադրելու գործիք: Սա ուղղակի կապիկություն է, ընդ որում, ըստ որոշ վարկածների, այդ PR ակցիան պետք է տեղի ունենար Մեհրիբան Ալիևայի ծննդյան առթիվ, և նա իր «հումանիզմը» նաև լրագրողների առաջ դներ ցուցադրության, բայց այդ պայմանավորվածությունը չկայացավ: Ռուսներն էլ փորձում էին համոզել արցախցիներին ընդունել այդ առաջարկը՝ հնարավորություն ստեղծելով, որ տիկին Մեհրիբանն իր «հումանիզմը» ի ցույց դնի, և դրա դիմաց արցախցիները հաց ուտեն»,- ասում է նա:
Մեհրաբյանը համոզված է՝ այս իրավիճակի «ճարտարապետը» ռուսներն են, և իրերը պետք է կոչել իրենց անուններով և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում:
«Մարիա Զախարովայի այսօրվա «լրփաբարո» հայտարարությունից այն կողմ (սեփական երկրի պարտավորությունները «մոռացած» ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին մեղադրել է Հայաստանին՝ հայտարարելով, թե Լաչինի միջանցքում առկա ներկա իրավիճակը հետևանք է ՀՀ-ի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, որը ներառում է նաև ԼՂ-ն -խմբ.) մենք էլ ասելիք չունենք, դրանց ոտքը պետք է կտրվի ՀՀ տարածքից, տարածաշրջանից, և այստեղ Երևանն անելիք ունի: ՌԴ-ն պետք է իր դիրքերը կորցնի Հայաստանում ամենօրյա ռեժիմով՝ մի օր ռադ լինի «Զվարթնոց» օդանավակայանից, մի օր՝ Իրանի սահմանից, էն մյուս օրը ռադ լինի «Գազպրոմ»-ը, մի օր ՀԱՊԿ-ից դուրս գանք, էն մյուս օրը՝ ԵԱՏՄ-ից և այսպես շարունակ»,- ասում է Մեհրաբյանը՝ զայրանալով. «Ախր կարմիր կովը կաշին չի փոխում, կարմիր խոզը՝ նույնպես: Ինչո՞վ էին նրանք զբաղված 1988-91 թվականներին, այդ նույն կարմիր կովերը և խոզերը: Եթե սովետը երեք ամիս ուշ «սատկեր», այնտեղ հայ չէր մնա: Հիմա նրանք զբաղված են նույն բանով, սովետի նույն թերմածքն են մնացել այնտեղի իշխանությունում և անում են նույն բանը, ու նրանք պիտի խաղաղապահություն անեի՞ն Արցախում: Մեկընդմիշտ պետք է եզրակացություն անել՝ կարմիր կովը կաշին չի փոխում»,- կարծում է նա:

Ռուբեն Մեհրաբյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ այդ ամենին հասնելու համար ԼՂ-ն, ինչպես նաև Երևանը պետք է բարձրաձայնեն հումանիտար ճգնաժամի ստեղծման պատճառները, ոչ թե դրանց կեսը, որը վերաբերում է Ադրբեջանին. «Կա մյուս՝ ավելի կարևոր կես՝ ՌԴ-ն է: Այս ամենը չէր լինի, եթե չլիներ Ռուսաստանի ոչ թե թողտվությունը, այլ ուղղակի աջակցությունը: Դա նշանակում է, որ ՌԴ զորքերը այլևս ի վիճակի չեն և ցանկություն չունեն կատարել իրենց այն պարտավորությունները, որոնք ստանձնել իրենց նախագահի ստորագրությամբ: Հետևապես մեզ պետք է այլ կոնտինգենտ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր