Տեսանյութ.Հայաստանում ձյուն է տեղում, որոշ հատվածներում մառախուղ է          Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»       Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»    

09 սեպ 2023 11:28

Լրջագույն մարտահրավերի և սպառնալիքի առջև կարող ենք կանգնել, առավել ևս, որ ֆրանսիական և բրիտանական նավերը մեր լեռները չեն բարձրանում

Հայաստանում և Արցախում սահմանային զորաշարժի կադրերը տագնապ են առաջացնում: Փորձագետները փաստում են, որ հող է նախապատրաստվում սահմանային հերթական ագրեսիայի համար: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ասում է՝ սահմաններին տեղի ունեցողը նվազագույնն ուժի կիրառման սպառնալիք է:


«Երկրորդ՝ չի բացառվում, որ այդ ուժը կիրառվի և՛ Արցախում, և՛ Հայաստանում: Ինչո՞ւ, որովհետև Փաշինյանը և՛ Բրյուսելում, և՛ Պրահայում, և՛ Սոչիում ու Մոսկվայում խոստումներ է տվել, որոնք, ամենայն հավանականությամբ, չի կատարում: Մեղմ ասած, հոգեհարազատ է իր ներքին էությանն ու բնավորությանը, որը, ցավոք, միջպետական հարաբերություններում է կիրառում, այն է՝ խոստացածը չանել: Հիմա Ադրբեջանն ուժի դիրքերից պարտադրում է, որ նա դա անի: Կառավարության վերջին նիստում իր խոսքի ժամանակ, երբ անդրադառնում էր իրավիճակի նկարագրությանը, Փաշինյանն ասաց, որ երկու անգամ Բրյուսելում, մեկ անգամ Պրահայում և 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունները պատրաստ է կատարել: Նշանակում է՝ հասկացել է, որ, այնուամենայնիվ, այն խոստումները, որ տվել է տարբեր հարթակներում և տարբեր միջնորդներով, իրեն ուժի սպառնալիքով կամ սպառնալիքի կիրառմամբ պարտադրում են անել: Դրա համար բարձրաձայնեց, որ պայմանավորվածությունները կարող է կատարել: Բայց հիմա Ալիևը կարող է ասել, որ խաղադրույքներն ավելի են բարձրացել և նոր պահանջներ առաջարկի Փաշինյանին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ռազմական փորձագետը:


Արցախում նախագահական ընտրություններ են, կա կոնսենսուս թեկնածու Սամվել Շահրամանյանի շուրջ: «Կա ներքին ռեսուրսների կոնսոլիդացիայի խնդիր, որը Արայիկ Հարությունյանի ժամանակ չի արվել: Նոր նախագահի խնդիրն այդ ռեսուրսների կոնսոլիդացիան է, ժողովրդի մեջ խմբային, կուսակցական շահերը մի կողմ դնելը և պետական ինստիտուտներով երկրի ղեկավարի շուրջ համախմբվելը: Ներքին, մարդկային և մասնագիտական ռեսուրսների կոնսոլիդացիան և արդյունավետ կառավարումը պետք է առաջնային նպատակ լինի, բնականաբար, նաև արտաքին քաղաքական դաշտում Արցախը կարող է գործնական քայլեր անել, որը որակապես և շատ արագ կարող է իրավիճակ փոխել»,-նշում է մեր զրուցակիցը:


Վերջին շրջանում լարվել են հայ-ռուսական հարաբերությունները: Օդում հարց է պտտվում՝ Հայաստանը ցանկանում է տարածաշրջանից դո՞ւրս մղել Ռուսաստանին: «Այն մասին, որ Ռուսաստանը չի հեռանալու, օրեր առաջ ասաց ՌԴ նախագահի մամուլի խոսնակը: Դա միակ անձն է, որի խոսքերը կարող ենք ընդունել որպես այդ երկրի ղեկավարի խոսք: Իրենք ո՛չ Հայաստանից են դուրս գալու, ո՛չ Արցախից: Հավաքական Արևմուտքին, ավելի կոնկրետ Մեծ Բրիտանիային, Թուրքիային և Իսրայելին պետք է այստեղից դուրս մղել ռուսական ռազմական ներկայությունը:


Աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման կիզակետում ենք հայտնվել, և այդ բախման ավարտական փուլին Հայաստանի օրվա իշխանությունները անվտանգային ճարտարապետություն են փոխում, չունենալով Արևմուտքի՝ Հայաստանի անվտանգության ապահովման մասով տված կիսատպռատ խոստումների գործնական կիրառումը, Հայաստանի իշխանությունները մեծ հաշվով հրաժարվում են այն պաշտպանությունից, որն այսօր առկա է Հայաստանում և Արցախում: Քո պաշտպանիչ գործիքակազմը կոտրում ես՝ հիմք ընդունելով մյուսների բանավոր հայտարարությունները, իսկ հավաքական Արևմուտքի, մասնավորաբար՝ ԱՄՆ-ի կեցվածքը վերջին շրջանում տարբեր պետություններում տեսել ենք: Այդ առումով լրջագույն մարտահրավերի և սպառնալիքի առջև կարող ենք կանգնել, առավել ևս, որ սովորաբար ֆրանսիական և բրիտանական նավերը մեր լեռները չեն բարձրանում»,-եզրափակում է Հայկ Նահապետյանը:



 «Փաստ» օրաթերթ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր