Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

13 սեպ 2023 11:39

Ի՞նչ ուղերձ ունի ադրբեջանական զրահատեխնիկայի, բեռնատարների վրա ներկով գրված գլխիվայր լատինական «A» տառը

Ադրբեջանը վերջին օրերին լրացուցիչ զորք, զենք ու զրահատեխնիկա է կուտակում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանին։ Հատկանշական է, որ ադրբեջանական, այնուհետև թուրքական մեդիայում և սոցցացերում սկսեցին լայնորեն տարածվել տեսանյութեր, որտեղ երևում են զինվորներ և զրահատեխնիկա տեղափոխող ավտոշարասյունը։


Ուշագրավ է շարասյան գրեթե բոլոր մեքենաների վրա սպիտակ ներկով արված նշանը։ Տեսանյութերից հասկացվում է, որ այդ բեռնատարների վրա ներկով գրված է գլխիվայր լատինական «A» տառը։


Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկություններից պարզ է դառնում, որ այդ նշանը պատկերված է «Նախիջևանն ու Ադրբեջանը իրար միավորելու նպատակով», գրում է Ermenihaber-ը։


Դա բացատրվում է հետևյալ կերպ․ «∀» տառի երկու թեք գծերից մեկը ներկայացնում է Նախիջևանը, մյուսը՝ Ղարաբաղը, իսկ միջին գիծը ներկայացնում է Զանգեզուրը, որը կմիացնի երկուսը»:


 
Մեկ այլ պնդման համաձայն, գլխիվայր լատինատառ «A»-ն նշանակում է «ամբողջականություն, միասնություն»։


Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ «այդ սիմվոլը բռնագրավումից հետո Ղարաբաղում հիմնված և Արցախ անունը ստացած ապօրինի կառույցը ոչնչացնելու և ողջ տարածքում Ադրբեջանի դրոշը կանգնեցնելու վճռականությունն է»։


Հիշեցնենք, որ նմանատիպ «ռազմաշունչ» տառ նկատել էինք Ուկրաինայի դեմ ռուսական ռազմագործողության ժամանակ, երբ ՌԴ ԶՈՒ-ին պատկանող զրահատեխնիկայի վրա ներկվել էր «Z» տառը։ ՌԴ ՊՆ-ն, մեկնաբանելով տառի նշանակությունը, հայտնել էր, որ «Z» նշանակում է հաղթանակի հետևից։


Հաշվի առնելով այս պնդումները, տարածաշրջանում առկա լարվածությունը, Հայաստանի և Արցախի նկատմամբ նոր հնարավոր ագրեսիան և վերջինիս իրագործման համար ստեղծված հիմքերը, Ադրբեջանի և Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային անթաքույց նկրտումները, կարող ենք ասել, որ այդ նշանը որոշակի ուղերձ է պարունակում՝ ցույց տալով կամ ազդարարելով այդ երկրների կողմից այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» ուժով ստանալու մտադրությունը։


Բայցևայնպես չենք կարող չբացառել նաև Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի վրա հոգեբանական ճնշում գործադրելու, ինչու չէ նաև ուժի ցուցադրման ակնհայտ սպառնալիքի տարբերակը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր