ԱԱԾ-ի բացահայտած «պետական դավաճանը» արդարացվեց, քրեական հետապնդումը դադարեցվեց

«Երեկ տեղեկացանք, որ քրեական հետապնդումը դադարեցվելու մասին որոշում է կայացվել, այսինքն՝ պաշտպանյալս ձեռք է բերել փաստացի արդարացվածի կարգավիճակ»,- Aravot.am-ին ասաց Դ. Թ-ի պաշտպան Արթուր Հարությունյանը:
Արթուր Հարությունյան Նրա խոսքով, իր պաշտպանյալը մոտ երեք ամիս անցկացրել է կալանավայրում. «2021-ի փետրվարին Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց նյութ, որ պետական դավաճանության մեջ մեղադրվող բազմաթիվ մարդիկ են ձերբակալվել, իմ պաշտպանյալն այդ մարդկանցից մեկն է եղել: Այն ժամանակ զինվորական էր, վարորդ, մեղադրվում էր պետական դավաճանության մեջ: Ի սկզբանե մենք հերքում էինք մեղադրանքը, բայց պաշտպանյալիս կալանավորեցին, հետո կալանքի ժամկետը երկարացրին:
Գործով մարդ էր անցնում, որը քննությամբ պետք էր վկայակոչված փաստերը ճշտելու համար, այդ մարդուն գտանք, ներկայացրինք քննության: Քննությամբ չհիմնավորվեց մեղադրանքը, կալանքի ժամկետը երկարացնելուց մեկ ամիս հետո վարույթ իրականացնող մարմինը պաշտպանյալիս ազատելու մասին որոշում ընդունեց»:
Փաստաբանը, գործի բնույթից ելնելով, չկարողացավ ասել, թե ինչն էր դրվել մեղադրանքի հիմքում, բայց ասաց, որ իր պաշտպանյալի դեմ ցուցմունք տվողներ չեն եղել: