Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին    

26 հոկ 2023 11:59

Սեռական ոտնձգությո՞ւն 13-ամյա դպրոցական աղջկա նկատմամբ, թե՞ վրեժխնդրություն

«Հրապարակը»  գրում է,
Թալին քաղաքի թիվ 2 դպրոցում իրարանցում է, աղմուկ եւ սկանդալ։ Տեղեկություն է տարածվել, որ դպրոցի տնօրեն Օհան Գեւորգյանը 13-ամյա դպրոցական աղջկա պարբերաբար կանչել է իր աշխատասենյակ ու սեռական բնույթի գործողություններ կատարել, խնդրել, որ սեռական կապի մեջ լինեն:


«Հույս ունեմ, որ ոստիկանությունում գործը նորմալ ընթացք կստանա: Ինքս հետեւելու եմ»,- դեպքի մասին գրել էր բարձրաձայնող հասարակական ակտիվիստ Շուշան Փափազյանը։ Կա երեխայի ծնողի հաղորդումը՝ ոստիկանությանը ներկայացված, եւ ոստիկանության հաղորդագրությունն այս մասին։ 


Ըստ ՆԳՆ ոստիկանության Թալինի բաժնի տարածած հաղորդագրության, երեխայի մայրը՝ 35-ամյա Գոհար Գ.-ն, դիմում է գրել, որ «13-ամյա աղջիկը, ով սովորում է Արագածոտնի մարզի դպրոցներից մեկում, դպրոցի տնօրենի կողմից ենթարկվել է սեռական ոտնձգության․․․ Գոհար Գ.-ն հրավիրվել է ոստիկանության Թալինի բաժին, ով հայտնել է, որ դպրոցի տնօրենը պարբերաբար իր աղջկան կանչել է աշխատասենյակ, շոյել երեխայի մարմնի ինտիմ մասերը եւ փորձել երեխայի հետ ինտիմ կապ հաստատել»:  


Մինչդեռ դպրոցի տնօրեն Օհան Գեւորգյանը «Հրապարակի» հետ զրույցում հերքեց տեղեկությունը։ «Նման բան, իհարկե, տեղի չի ունեցել։ Հերքումը կտարածեմ»,- ասաց Օհան Գեւորգայնը։ Նա այնքան էլ վրդովված չէր, ավելի ճիշտ՝ ուրախ տրամադրություն ուներ։ «Առավոտ շուտ կարդացի, որ ես փորձել եմ Վրաստանի սահմանն անցնել, ինձ ձերբակալել են, եւ ես Նոյեմբերյանի բաժնում եմ։ Ես էլ եմ զարմացել։ Ոչինչ, մոտ օրերս քննչականը հերքումը կտպագրի, ես անձամբ կուղարկեմ ձեզ»,- ասաց նա։ Այնուամենայնիվ, ո՞վ եւ ինչո՞ւ է շահագրգռված՝ Ձեր մասին նման լուրեր տարածել, ի՞նչ է պատահել, ի՞նչն է պատճառը, եթե Ձեզ բանսարկում են, դա պետք է պատճառ ունենա։ 


Մեր հարցերին պատասխանելով՝ Օհան Գեւորգյանը պատմեց, որ երկու աղջիկ կոտրել են Թալինի մյուս՝ թիվ 1 դպրոցի պատուհանները։ «Դրանով զբաղվում է ոստիկանությունը։ Արդեն պարզել են, թե ովքեր են եղել։ Մեկն իմ դպրոցի սանն է։ Նրանց թվում է, թե ես եմ իրենց մատնել ոստիկանությանը»,- ասում է տնօրենը։ Ստացվում է, որ, ըստ տնօրենի, աղջիկը վրեժ է լուծել նրանից՝ իրեն ոստիկանությանը մատնելու համար։ 


- Ինչպե՞ս եք մատնել։ 


- Լավ, սա ասեմ, ու վերջ։ 20 պատուհան ամբողջությամբ լցրել էին գետնին։ Ոստիկանությունից երկու ոստիկան եկան, որ աղջկան տանեն բաժին։ Ես թույլ չտվեցի, ասացի՝ ես կխնդրեմ դասղեկին, դուք էլ ձեր մեքենան հանեք բակից դուրս, հակառակ կողմը կանգնեցրեք, որ պատուհաններից չերեւա, տարեք բաժին։ Բա՝ մենք այնտեղ մանկավարժ ունենք։ Ասացի՝ էդ մանկավարժն ինձ չի հետաքրքրում։ Թող իր դասղեկը բերի բաժին, հետ գա։ Ճանապարհին աղջկան ասացի․ եթե Գայանեն՝ ընկերուհիդ է կոտրել պատուհանները, ուրեմն մյուսը դու ես եղել։ Շուռ եկավ, թե՝ տենց բան չկա։ Ես էլ ասացի՝ ես ոստիկաններին կասեմ, որ կա։ Դե, պարզ է, չէի գնա պատմեի ոստիկաններին։ Դրանից ենթադրել են, որ ես եմ մատնել։ Ընկերուհին արդեն խոստովանել էր։ 


- Ու այդպես Ձեր դեմ հաղորդո՞ւմ են տվել։ 


- Այո, ու ես արդեն պարզել եմ, թե ովքեր են ուղղորդողները։ Նրանք են զանգել լրատվամիջոցներին։ 
Թալինի բնակիչներն էլ այս խառը պատմության վերաբերյալ այլ վարկած ունեն։ Նրանք նույնպես պատմում են, որ թիվ 1 դպրոցում օրեր առաջ միջադեպ է եղել, երկու աղջիկ կոտրել են բոլոր պատուհանները։ «Երկու աղջիկներն էլ տուժել են տնօրեններից։ Երկուսին էլ հեռացման հարց է դրված։ Բայց սրանք կասկածներ են»,- ասաց մեր աղբյուրը։ 
Խոսեցինք նաեւ Թալինի թիվ 1 դպրոցի տնօրեն Գարիկ Հովհաննիսյանի հետ, սակայն նրա պատասխաններն էլ ավելի խճճեցին պատկերը։ 


Գարիկ Հովհաննիսյանն ասաց, որ չգիտի, թե ինչու են աղջիկները կոտրել պատուհանները։ «Ի՞նչ իմանամ։ Ոչ ոք էլ չի իմանում»,- ասաց նա։


- Թալինում լուրեր են շրջում, որ երեխաները սեռական ոտնձգությունների զոհ են եղել եւ պատուհան կոտրելով՝ իրենց բողոքն են արտահայտել տնօրենների դեմ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս վարկածին։ 


- Դա մեզ հետ կապ չունի։ Ոստիկանությունն է խոսել իրենց հետ, ոնց որ թե ոչինչ չեն պարզել։ Իրենք ոստիկանությունում ասել են, որ մեր օրը հիշվող դարձնելու համար այդպես ենք արել։ 


- Բայց շատ տարօրինակ պատմություն է, համաձայն չե՞ք։


- Որ դպրոցի պատուհան են կոտրում, արդեն լավ չէ։ Չի կարելի կոտրել դպրոցի պատուհանները։ Աշակերտներից մեկն է եղել մեր դպրոցից։ 


- Դուք խոսե՞լ եք երեխաների հետ։ 


- Իհարկե, նա ոչ մի կերպ չի բացատրել իր վարքը։ 


Կա՞ Քննչական կոմիտեում վարույթ, թե՞ ոչ, ո՞ր հոդվածով է գործ հարուցվել։ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դպրոցի աշակերտի ծնողի հաղորդման առթիվ 14.10.2023 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ: Աշակերտուհին տուժող է ճանաչվել։ 


«Իրականացվում է ակտիվ նախաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով, հանձնարարություն է տրվել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության աշխատակիցներին։ Ելնելով երեխայի լավագույն շահից եւ անմեղության կանխավարկածի սկզբունքից՝ այլ տեղեկատվություն չի հրապարակվում»,- ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր