Խաչմերո՞ւկ, թե՞ փակուղի.Բաքուն իր հռետորաբանությամբ ցույց է տվել, որ իրեն պետք է ոչ թե պարզապես երթուղի, այլ տարանցիկ երթուղի առանց Երևանի հսկողության
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-01/1706701578_sahman.jpg)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Թբիլիսիում Մետաքսի ճանապարհի ֆորումին ներկայացրել է տարածաշրջանի իր տեսլականը և այնտեղ իր երկրի տեղը, բայց երևում է, որ ներկայացրել է ցանկալին իրականության տեղ: Մեծ էկրանին ցուցադրվել է Հայաստանի քարտեզը, որից չորս սլաքներ են դուրս գալիս դեպի Սև, Կասպից, Միջերկրական ծովեր և Պարսից ծոց: Փաշինյանն առաջարկել է նաև այն սկզբունքները, որոնցով պետք է իրականացվի տարանցումը, և դրանք լակոնիկ կերպով արտացոլում են այդ հարցում Երևանի բոլոր մտահոգությունները։ Առաջին և հիմնական պայմանն այն է, որ «բոլոր ենթակառուցվածքները գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով նրանք անցնում են»: Երկրորդը, որ «յուրաքանչյուր երկիր իր տարածքում իրականացնում է հսկողություն իր պետական մարմինների միջոցով»: Նաև, որ «բոլոր երկրներն օգտագործում են միմյանց ենթակառուցվածքները հավասարության և փոխադարձության հիման վրա»։
Իհարկե այդ ամենը հիանալի է հնչում, բայց դա կարող էր աշխատել միայն այն դեպքում, եթե Հայաստանը Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից ընկալվեր որպես իրավահավասար գործընկեր։ Սակայն դա ամենևին էլ այդպես չէ։ Երեք խաղացողներն էլ հնարավորություն ունեն իրենց համար ավելի լավ պայմաններ ստեղծելու համար պայքար մղել, ինչը նշանակում է, որ նրանք դա կանեն: Միևնույն ժամանակ դեպի ծովեր ու օվկիանոսներ հարմարավետ մուտք ունենալու Երևանի գաղափարը միայն իրեն է պետք։ Ինչպես ճիշտ նկատել է հայ քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը, Նախիջևանն է բավականին հարմար որպես առևտրային ուղիների խաչմերուկ, մինչդեռ Հայաստանը չորսից երկու բաց սահմաններով մնում է տրանսպորտային փակուղում։ Բայց նույնիսկ այդ տարբերակն ավելի գրավիչ է հնրարավոր մյուսի համեմատ: Չունենալով Հայաստանով անցնող Զանգեզուրի միջանցքի կարիքը, Ադրբեջանը կարող է սկզբունքորեն հրաժարվել Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Հետո Հայաստանում իրավիճակը լրիվ տխուր կլինի՝ չկա տրանսպորտային հաղորդակցություն, չկա Ղարաբաղ, Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացած են, իսկ Ադրբեջանի սահմանին ամեն ինչ նույն կերպ վտանգավոր է։ Ի տարբերություն այդ տարբերակի կա մյուս ծայրահեղը՝ կախվածությունը երեկվա թշնամիներից։ Ասելով, թե Հայաստանը հեշտությամբ և էժան կերպով իր ապրանքները կուղարկի Ռուսաստան Ադրբեջանի տարածքով, նրանք մոռանում են կարևոր մանրամասների մասին՝ բյուրոկրատական խոչընդոտները, սակագները և այլն։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը հասնի իր ուզածին, կարող է պարզվել, որ հայկական ապրանքների տարանցումը Վերին Լարսի ձյունածածկ ճանապարհներով այնքան էլ վատ տարբերակ չէ։
Այսպիսով Հայաստանի համար մնում է համեմատաբար լավ և միևնույն ժամանակ ոչ ամբողջովին ֆանտաստիկ մեկ սցենար։ Ադրբեջանը հաջողությամբ ստեղծում է միջանցք դեպի Նախիջևան Իրանով և, այնուամենայնիվ, Հայաստանի հետ ստորագրում է ինչ-որ համաձայնագիր։ Այդ դեպքում Երևանը հնարավորություն ունի դեռ բացել սահմանը մեկ այլ երկրի՝ Թուրքիայի հետ։ Նրա հետ առևտուրը հիմա էլ կա, բայց այն ամբողջությամբ անցնում է Վրաստանի տարածքով, ինչը ձեռնտու չէ: Առայժմ Անկարայից ստացվող ազդանշանները ցույց են տալիս, որ Հայաստանի հետ սահմանների բացումը կախված է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից։ Մյուս կողմից, արդեն կա նման նախադեպ, երբ 2009 թվականին Ադրբեջանն ուղղակիորեն միջամտեց Հայաստանի և Թուրքիայի մերձեցմանը, և Իլհամ Ալիևին սկզբունքորեն ոչինչ չի խանգարում կրկնել դա։