Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

08 հուն 2024 12:00

Հեծանիվ քշելով ցանկանում են ցույց տալ, որ չեն վախենում փողոց դուրս գալ, սակայն իրականում վախեցած են

Հեծանիվ քշելով ցանկանում են ցույց տալ, որ չեն վախենում փողոց դուրս գալ, սակայն իրականում վախեցած են«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյանը։

- Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարեց, որ Ադրբեջանի ու Հայաստանի սահմանադրությունները խնդիրներ են ստեղծում խաղաղության հասնելու ճանապարհին։ Արդյոք դա ակնա՞րկ է այն մասին, որ Ալիևի այս պահանջը շուտով գործնական փուլ է մտնելու։

-Կարծում եմ, այո: Գործող վարչախումբը խուսափում է նոր սահմանադրության հանրաքվե անցկացնել, հասկանալով, որ պարտվելու են, ինչը կնշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Պարզ է, որ հնարավոր սահմանադրության հանրաքվեն ցույց կտա, որ չունեն հանրային վստահություն: Մյուս կողմից վախենում են, որ հանրաքվեի բացասական արդյունքները Ադրբեջանի նախագահը կարող է օգտագործել որպես նոր պատերազմ սկսելու պատրվակ, իսկ Ադրբեջանին պետք է ուժային եղանակով Սյունիքով ճանապարհ բացել: Սա է ողջ պատմությունը և դրա համար Փաշինյանի արտգործնախարարը փորձում է հանդիպակաց խնդիր դնել, որ Ադրբեջանը նույնպես պետք է սահմանադրության հանրաքվե անցկացնի, ինչից, բնականաբար, Ալիևը կհրաժարվի:

-Ալիևը հայտարարեց, որ Մինսկի խումբը պետք է դադարի գործել։ Հավանական համարո՞ւմ եք, որ Փաշինյանն էլ նման հայտարարությամբ հանդես գա՝ հետևելով Ալիևի հայտարարությանը։

-Կարծում եմ, որ Փաշինյանը, վերջիվերջո կհամաձայնի դա անել, սակայն դրանով կարող է լուրջ խնդիրներ ունենալ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, կամ գոնե առնվազն երկուսի հետ, որովհետև այդ երկրները Մինսկի խմբի միջոցով պահպանում են իրենց լեգալ ներկայությունը տարածաշրջանում: Արցախի հարցը չի փակվել, այդ խնդիրը դեռ «կրակելու» է և դրա համար Ալիևին պետք է, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվի այդ խմբի առկայությունից՝ որպես դեռևս պաշտոնապես հակամարտող կողմ: Ադրբեջանի տարածքային ամբողջության ճանաչումը Արցախի հարցը չի փակում, որովհետև այդ հարցում Արցախի ժողովուրդն է սուբյեկտը:

-Մարիա Զախարովան հայտարարել է, որ եվրոպացի դիտորդների ներկայությունը Հայաստանում հակառուսական, հակաադրբեջանական ու հակաիրանական բնույթ է կրում։ Ի՞նչ է ուզում ասել նա։

-Զախարովան հերթական անգամ զգուշացնում է, որ Հարավային Կովկասում Արևմուտքի ներկայությունը վտանգավոր է տարածաշրջանի գլխավոր երկրների համար և Հայաստանի կառավարության քաղաքականությունը՝ Արևմուտքից ուժեր հրավիրելը, կարող է հանգեցնել մեծ պատերազմի և դրանից առաջին հերթին Հայաստանը կտուժի:

-Գազալցակայանի պայթյունը քննարկում էր ամբողջ Հայաստանը, իսկ Փաշինյանն այս առավոտ հեծանիվ է քշում մի խումբ մարդկանց հետ ու հայտարարում, որ հեծանիվը կյանք է։ Նախորդ անգամ վաղ առավոտյան հեծանիվ քշելը, դրանից առաջ Աննա Հակոբյանի փողոցներում պտտվելը կմեկնաբանե՞ք։

-Դա ցույց է տալիս, որ վախենում են հանրությունից և իրենց համակիրներին ու ռեժիմի անդամներին ցանկանում են ցույց տալ, որ չեն վախենում փողոց դուրս գալ:  Դրանից պետք է հասկանալ, որ իրականում վախենում են ու դրա համար նման ցուցադրական ակցիաներ են անում, այն էլ գաղտագողի: Մյուս կողմից այդ անձինք արդեն օրակարգ չեն թելադրում, նորությունները իրենք չեն «սարքում», դրա համար իրենց պետք է, որ իրենք հայտնվեն նորությունների գլխամասում:

-Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահից հետո ինչ-որ փոփոխություններ հայ-իրանական հարաբերություններում ակնկալե՞նք նոր ձևավորվելիք կառավարությամբ, թե ոչ։

-Նոր կառավարության ձևավորումը կարող է մեծ փոփոխությունների բերել: Իրանում իշխանության տրանսֆորմացիա է գնում: Հնարավոր է, որ Ռահբարի փոփոխություն էլ լինի մոտակա ժամանակահատվածում: Մինչև նոր նախագահի ընտրությունները չլինեն, լուրջ փոփոխությունների մասին խոսելը դեռևս վաղ է, սակայն, փոփոխություններ անկասկած կլինեն: Իրանի աշխարհաքաղաքական դերը գնալով ավելի է մեծանում և այդ փոփոխություններից շատ բան է կախված, հատկապես մեզ համար:

-Ինչպե՞ս կգնահատեք նախօրեին Բագրատ սրբազանի հրապարակած ճանապարհային քարտեզը։

-Սրբազանի ճանապարհային քարտեզը նոր չէ, դրա մասին խոսվում էր դեռևս Վազգեն Մանուկյանի գլխավորած շարժման ժամանակ: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում դա ճիշտ առաջարկ է:

hraparak.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր