Այսօր Մեծ Պահքի երրորդ կիրակին է, այն կոչվում է Անառակի կիրակի

Անառակ որդին, խոր զղջում ապրելով իր գործած արարքների համար, որոշում է վերադառնալ հոր մոտ՝ զղջումով և ապաշխարությամբ: Նկատելով նրան՝ հայրն ինքն է ընդառաջ գալիս որդուն, գրկում է նրան և ընդունում հայրական տանը: Որդին ասում է նրան. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ…»: Հայրն, անշուշտ, ներում է նրան: Անգամ ի պատասխան ավագ որդու բողոքին, թե ինչու է ուրախությամբ և պատվով ընդունում հայրական ունեցվածքը վատնած անառակին, ասում է. «Քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»:
Աստված, ով առակում ներկայացված է հոր կերպարում, ներում է և գրկաբաց է ընդունում բոլոր նրանց, ովքեր գիտակցում են իրենց մեղքը, զղջում և ապաշխարում են:
Իսկ անառակ որդու դերում կարող է հայտնվել մեզանից յուրաքանչյուրն իր կյանքի յուրաքանչյուր փուլում: Ընդունելով որոշումներ՝ հաճախ մեղք ենք գործում, ապա նոր միայն հասկանում դրա՝ չարից թելադրված լինելը: Այդ պարագայում Աստծուն դառնալու ճանապարհին հարց է ծագում՝ արդյո՞ք կների:
Այս առակով, որը չորս ավետարանիչներից միայն Ղուկասն է ներկայացրել, հասկանում ենք, որ, անշուշտ, բոլոր դեպքերում, երբ զղջանք և ապաշխարենք, գրկաբաց ընդունվելու է մեր դարձն առ Աստված:
Զղջման, ապաշխարության ճանապարհն անցնում է պահքով, ուստի Մեծ Պահքի այս կիրակին էլ գալիս է մեզ ևս մեկ անգամ հիշեցնելու, որ ճշմարիտ զղջմամբ և ապաշխարությամբ կարող ենք ընդունված լինել Աստծու կողմից: