Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը. ԱԳՆ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մայիսին հայտարարել էր, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի hաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի որոշած հերթականությամբ։
«Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 18–ին Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի 3–րդ հանդիպման շրջանակում Հայաստանը հայտարարել է նախարարների հաջորդ հանդիպումն ընդունելու պատրաստակամության մասին»,–ասված է ԱԳՆ–ի պատասխանում։
Գերատեսչությունը հավելել է, որ հաջորդ հանդիպման ժամկետների և անցկացման վայրի մասին որոշակիություն լինելուն պես անպայման կտեղեկացնեն լայն հանրությանը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ «3+3» հարթակի վերջին նիստը տեղի է ունեցել Ստամբուլում 2024 թվականի հոկտեմբերին։