Թե ում երեսից և ինչից ենք փախել, դեռ պատմությունը կգնահատի
Արտակ Բեգլարյանը գրում է. «Հարգանքներս ու երախտագիտությունս Արմինե Մովսիսյանին, ով իր հոր արժանի զավակն է և ում հետ շուրջ 15 տարի ընկերներ ենք:Իսկ Արցախի ժողովրդի ցեղասպանության ու հայրենազրկման ալիևյան հանցագործությանը ամենաշատ օժանդակած հայը (էլ չասեմ՝ պետության «ղեկավարը») պարզապես իրավունք չունի մուննաթ գալու իրենց բնական իրավունքների ու հույզերի մասին խոսող արցախցիների վրա, արժանապատիվ մոր ու երեխայի վրա, հլը մի հատ էլ մեզ անվանի «փախածներ»:
Թե ում երեսից և ինչից ենք փախել (այն էլ՝ լքված ու միայնակ կերպով արժանապատվության մարտ տալուց հետո), դեռ պատմությունը կգնահատի:
Իսկ արցախցի «քույրերի ու եղբայրների» ինտեգրման մասին ո՞վ էր մի քանի օր առաջ խոսում, հանձնարարություններ ու խոստումներ շռայլում: Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով…
Ահա հերթական ապացույցը, թե ում կողմից է այս տարիների ընթացքում կառավարվել արցախցիների դեմ ատելության քարոզը իշխանական ու պետական ալիքներով և թե ինչու գեթ մեկ անձ պատասխանատվության չի ենթարկվել այդ հանցագործությունների համար՝ ի տարբերություն իրենց նախընտրած ու պատվիրած դրվագների, ինչի համար կին ու երեխա էլ են բերման ենթարկում, մարդկանց ասֆալտին էլ են փռում ու հասցնում մահվան դուռը:
Հ.Գ. Հորդորում եմ բոլոր սրտացավ անձանց այս օրերին առանձնահատուկ կերպով արձանագրել արցախցիների դեմ ատելության, խտրականության, անհանդուրժողականության ու թշնամանքի քարոզի և բռնության գործադրման հրապարակային կոչերի դեպքերը և հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնել իրավապահ մարմիններին»:
