Փաստաթուղթ․ Ինչ կարգավիճակով են ԱԳ նախարարն ու իր սանիկը ներգրավված Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից արված գողության քրեական գործում․ «Ժողովուրդ»

Բանն այն է, որ դեռ տարիներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գողացել են շուրջ 20 կտոր արժեքավոր գրքեր։ Նախկին տնօրենը կասկածներ էր հայտնել, որ գողությունը կատարվել է ասպիրանտների կողմից, այդ մասին հայտնել էր նորանշանակ տնօրեն Հայկ Դեմոյանին։
Դեմոյանը հաղորդում էր տվել, ապա հարցաքննվել իր իսկ հարուցած վարույթի շրջանակում։
Օգոստոսի 27-ին Ժաննա Անդրեասյանի ասուլիսի ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան, թե որպես նախարար ինչ է անում 19 կտոր արժեքավոր գրքերը վերականգնելու համար, նախարարը նշեց, թե անտեղյակ է, չի մեկնաբանում նախաքննություններ․ մեր նշած գործի վերաբերյալ ոչինչ չկարողացավ ասել։
Քանի որ գործում շոշափվում են նաև արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանի և ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի անունները, «Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր ՀՀ Քննչական կոմիտե՝ տեղեկանալու․
1. Ի՞նչ փուլում է գտնվում նշված քրեական վարույթը։
2. Ի՞նչ է հաստատվել նախաքննությամբ՝ գրքերի գողության փաստի առնչությամբ: Հաստատվա՞ծ է արդյոք հանցակազմը։
3. Ինչու՞ մինչ օրս վարույթը չի տեղափոխվել դատաքննության փուլ՝ հաշվի առնելով, որ գործի նախաքննությունը տևում է արդեն ավելի քան երեք տարի:
4. Ի՞նչ կարգավիճակով են ներգրավված ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նրա սանիկ, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ նշված գործի շրջանակում:
5. Կա՞ արդյոք պաշտոնապես ձևակերպված «կասկածյալի» կամ «մեղադրյալի» կարգավիճակ նրանցից որևէ մեկի համար, և եթե այո՝ ի՞նչ հիմքերով:
6. Եթե նրանք հարցաքննվել են, ապա ի՞նչ հարցերի շրջանակում և ի՞նչ հանգամանքներ է պարզել քննչական մարմինը:
7. Նշված գործի շրջանակում ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել՝ ՀՑԹԻ-ից հնարավոր գողացված գրքերի ցուցակը վերականգնելու կամ վնասի չափը գնահատելու համար:
