Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

24 մար 2021 13:39

Գաղտնազերծումներ փակ գզրոցից․ Հայկ Դեմոյան

ԳԱՂՏՆԱԶԵՐԾՈՒՄՆԵՐ ՓԱԿ ԳԶՐՈՑԻՑ


ԳՐԱՌՈՒՄ No. 1


Կարդացի ԲՈԿ-ի նախկին նախագահ Սմբատ Գոգյանի գրառումը հայտնի պատմության և իր կյանքից գողացված երկու «հեղափոխական» տարիների մասին։ Պետք է խոստովանեմ, որ հետթավշյա հայաստանյան իրականության մեջ Սմբատ Գոգյանի պատմությունն ամենաազնիվն ու սկզբունքայինն է, գոնե ինձ համար։ Իսկ այդ պատմությունների մեջ առաջին ցնցումը շատերը ապրեցին 2018 թ․ հունիսին տեղի ունեցած «հետհեղափոխական» առաջին վերանշանակումից հետո։




Հիշու՞մ եք արդյոք, թե ո՞վ, պայմանական ասած հներից, առաջինը վերանշանակվեց իր պաշտոնին։ Կրկնեմ դա, պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո առաջին ՎԵՐԱնշանակումն էր։ Հիշեցնում եմ․ խոսքը Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մասին է։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այս որոշմանը շատերը ընդվզեցին, բողոքեցին՝ բերելով կոնկրետ հիմնավորումներ այսպիսի որոշման սխալ լինելու շուրջ։


Բողոքողներից մեկն էլ Դանիել Իոանեսյանն էր, ով ֆեյսբուքյան մի գրառմամբ դիմեց Արայիկ Հարությունյանին, մեղադրելով վերջինիս, իր խոսքերով ասած, «Հայաստանում գիտությունը կործանած մարդուն» նույն պաշտոնում վերանշանակելու մեջ։ Դ․ Իոանեսյանը դրանով չավարտեց իր գրառումը և հարց ուղղեց ԿԳՄՍ նախարարին՝ հետևյալ ձևակերպմամբ․ «Արդյո՞ք նման որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Սամվել Հարությունյանի որդին քո ընկերն է․․․»։ Այս հարցադրմանը նախկին նախարարը և վարչապետի ներկայիս գլխավոր խորհրդականը պատասխանեց «Այո»։ Սա, ինչպես ասում են, հիշեցման կարգով։


ԲՈԿ-ի, նույն ԲՈՀ-ի հետ կապված իմ դաժան փորձառությունն այլ հիմքեր ու տակավին չբացահայտված ծալքեր ունի։ Շատերն են հիշում 2012 թ․ պաշտպանած իմ դոկտորական ատենախոսության ոդիսականը։ Առաջին անգամ հրապարակում եմ փաստեր, որոնց մասին շատ քչերն են տեղյակ։


Ի՞նչ էր տեղի ունեցել։


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով միաժամանակ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարն էր, պաշտպանության էր ներկայացրել «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և Ղարաբաղյան հիմնահարցը․պատմահամեմատական վերլուծություն» վերնագրով դոկտորական ատենախոսությունը։ Ունենալով հայկական կրթություն, այդուհանդերձ որոշել էի ատենախոսությունը պատրաստել և պաշտպանել ռուսերենով՝ դրա գիտական արդյունքները ավելի մեծ լսարանին մատուցելու նպատակադրությամբ։ Ի դեպ նշեմ, որ ԲՈՀ-ի կանոնադրությամբ թույլատրվում է այլ լեզուներով ատենախոսություններ ներկայացնել պաշտպանության և ես հետևել էի օրենքի պահանջներին։




Առաջին հայացքից կարծես թե որևէ արտառոց բան տեղի չի ունեցել։ Կարևոր գիտական հիմնարկության տնօրեններից մեկը պաշտպանության էր ներկայացրել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և ռազմավարական անվտանգության համար կարևոր գիտական թեմա, որտեղ ահռելի ծավալի աղբյուրներ էր դրվում շրջանառության մեջ, իսկ բուն թեմայի մեջ անդրադառնում էի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայկական պետության, արցախահայության դեմ ցեղասպանական գործողություններին, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման, ռազմական օգնության տրամադրման, միջազգային մի շարք պայմանագրերի խախտման փաստերին՝ վերլուծելով դրանք պատմա-համեմատական մեթոդի կիրառմամբ։ Գլխավոր հիմնավորումը և եզրակացությունը որը թիրախավորվեց ԲՈՀ-ի և Գիտությունների ակադեմիայի կողմից, դա իմ կողմից առաջ քաշված այն թեզն էր, որ Թուրքիան հանդիսանում է հակամարտությունը սրացնող կողմ՝ հանդես գալով Ադրբեջանին անվերապահ աջակցություն ցուցաբերելու դիրքորոշմամբ։ ԲՈՀ-ը հենց այս թեզն էր համարում խոցելի։ Ատենախոսության տապալման «սրբազան» գործը հանձնվեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին, ով մեկ այլ ստոր գործարք գլուխ բերելու հանձնառություն կստանա նաև 2017 թ․ գարնանը՝նպատակ ունենալով առաջին փորձից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն անցկացնել ներկայիս, արդեն «հեղափոխական» թմբուկների ու շեփորների ներքո տնօրեն կարգված Հարություն Մարությանին։ (Դրա մասին Դաժան պատմություն No. 3-ում)


2012 թ․ փետրվարին ձայների մեծամասնությամբ պաշտպանված դոկտորական ատենախոսությունը ԲՈՀ-ի կողմից ինը ամիս շարունակ չէր հաստատվում և տարբեր պատճառաբանություններով այն ձգձվեց մինչև դեկտեմբերի 31-ը։ Ակնհայտ էր, որ խաղարկվում էր մի սցենար, որտեղ ես իմ ձեռքով պետք է չեզոքացնեի իմ պատրաստած ատենախոսությունը։ Ի դեպ, այս ընթացքում ատենախոսությունը պաշտպանությունից հանելու հորդոր եղավ նաև Բաղրամյան 26-ից, այն հիմնավորմամբ, որ որոշ գիտնականների շրջանում բողոք կա։ Խոսքը 5-6 մարգինալների մասին էր, ովքեր, վստահաբար իմ դեմ մոգոնված այս դավադիր գործարքի մասն էին կազմել, իսկ մյուսներն ուղղակի մոլորության մեջ ընկնելով հայտնվել էին բողոքավորների մեջ։


Նշեմ մի կարևոր դրվագ ևս․ ատենախոսության մասին չեզոք կարծիք տալու համար, այսպես կոչված «սև ընդդիմախոս» էր ընտրվել մի անձ, ով դատական հայց էր ներկայացրել իմ դեմ, սակայն ոչ մի անգամ չներկայանալով դատարան՝ պարտվել էր, ատենախոսության պաշտպանությունից երկու ամիս առաջ։ Պաշտպանությունից երեք ամիս անց զանգահարեցի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և հարցրեցի․ «Արմեն, տեղյա՞կ ես արդյոք, թե ԲՈՀ-ը ում է նշանակել սև ընդդիմախոս»։ Հետևեց նախարարի պատասխանը․ «Այո, Արմեն Այվազյանին»։ Հարցրեցի․ «Արմեն ջան, իսկ տեղյակ ես, որ օբյեկտիվ կարծիք հնարավոր չէ ստանալ մի մարդուց, ով իմ դեմ դատական հայց է ներկայացրել ու տանուլ է տվել այն և, ընդհանրապես, ինչպե՞ս հասկանանք սա, կարող ես ինձ բացատրել։ Չէ՞ որ սա դասական կոռուպցիայի օրինակ է․․․» Նախարարը խոստացավ զանգահարել և այդ զանգին սպասում եմ արդեն ինը տարի․․․


Այսպիսով ստանում ենք հետևյալ պատկերը․ Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ով նաև ԲՈՀ-ի գիտական խորհրդի անդամ է, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը և ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հատուկ հանձնարարականով փորձեցին տապալել մի աշխատանք, որտեղ ութ տարի առաջ կանխատեսվում էր այսօրվա զարգացումները՝ հստակ վերլուծությունների ու փաստերի հիման վրա։


Սա Գիտությունների ակադեմիային շատ բնորոշ խարդախ ու կոռուպցիոն գործարքներից միակն ու վերջինը չէր։ Հիշեցնեմ, որ այս դեպքում ԳԱԱ համակարգում գործող ինստիտուտի տնօրենը՝ ԳԱԱ նախագահության հովանավորությամբ փորձում էր տապալել ԳԱԱ մեկ այլ ինստիտուտի տնօրենի խիստ կարևոր ու արդիական գիտական աշխատանքի պաշտպանությունը։ Ավելորդ է ասել, որ ոչ ոք պատասխանատվության չկանչվեց և չպատժվեց ԳԱԱ ներսում տեղի ունեցած այս այլանդակությունների համար։




Եվ ի՞նչ եք կարծում, արդյո՞ք սրանով ավարտվեց իմ ատենախոսության ոդիսականը։ Ո´Չ։ Այս փաստը հրապարակում եմ առաջին անգամ։ Ատենախոսությունը հաստատվելուց հետո, հաջորդ տարի, 2013 թ․ այն տպագրվեց առանձին մենագրության տեսքով և գրքի առաջին շնորհանդեսը կազմակերպվեց Մոսկվայում՝ Аргументы и факты շաբաթաթերթի մամուլի սրահում։ Ներկա էին մոսկովյան վերլուծական կենտրոնների տնօրեններ, փոխտնօրեններ, ինչպես նաև դեսպան Վ․ Կազիմիրովը։ Ադրբեջանական դեսպանատունը ներկայացված էր պատկառելի կազմով և տեսախցիկով արձանագրեցին բոլոր ելույթները և միջոցառման մասնակիցներին։


Շնորհանդեսի նախորդ օրը այցելեցի Մոսկվայում ՀՀ դեսպանատուն և դեսպանին հրավիրեցի ներկա լինել հաջորդ օրվա շնորհանդեսին։ Դեսպան Օլեգ Եսայանը հրավերիս պատասխանեց հետևյալ կերպ․ «Հայկ ջան, ախր որ գամ Փոլադը կնեղանա․․․» Հիշեցնեմ, որ խոսքը գնում է Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու մասին։ Հասկանում եք չէ՞ որ այսպիսի շշմեցուցիչ պատասխանից հետո լիքը հարցեր են առաջանում․․․ Այց ցնցումից դեռ ուշքի չէի եկել, երբ շնորհանդեսի կազմակերպիչ մոսկվաբնակ իմ գործընկերը հայտնեց, որ Երևանից զանգահարել են Ակադեմիայից և հանդիմանել են իրեն՝ Հայկ Դեմոյանին աջակցելու և գրքիս շնորհանդեսը կազմակերպելու համար։


Պատերազմն ու դրա հետևանքներն ինձ համար նորություն չէին․ այս պատերազմի համազարկները գոնե ինձ համար լսելի էին դեռևս 2012 թ․ երբ ստորությունների այս շարքն անպատիժ թողնվեց ու շարունակվեց այլ ձևերով։ Դե իսկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տասնմեկ տարի աշխատելուց հետո արդեն «հեղափոխական» իշխանությունները հարմար գտան լիովին մեկուսացնել ինձ հաստատությունից, որտեղ չառաջարկվեց ոչ խորհրդականի, ոչ բաժնի վարիչի, որ էլ նույնիսկ ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի անդամի համեստ պաշտոնները․․․Դա էլ մեկ ուրիշ դաժան պատմություն է․․․


Ինչպես ասում են, պատմությունը ինձանից, հասկանալն ու հետևություններ անելը՝ Ձեզանից․․․


Հայկ Դեմոյան




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր