Սա էլ կանցնի, իսկ Հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը՝ օտար մարմինները արտավիժելուց հետո
Միքայել Սրբազանի նամակը.«Նախ և առաջ՝
Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ
Ձեզ և մեզ մեծ աւետիս
Ցանկանալով կցանկանայինք Սուրբ ծնունդն անցկացնել աղոթքի և գոհաբանության մեջ, սակայն հայրենադավների և տիրադավների միությունը իր զինված բանդայի անդամներով վերստին ալեկոծեց մեր սուրբ եկեղեցու անդորրը՝ «բարեվարքության» արհեստական և մտացածին օրակարգով:
Այո, ինչպես 2000 տարի առաջ, այնպես էլ այսօր դարձյալ մոլեգնել են Հերովդեսն ու Հերովդիադան, զոհ են փնտրում, անմեղի արյուն՝ ի գոհացում իրենց հիվանդագին մտագարության:
Բարեվարքության մասին խոսողները՝ ապաշխարության և պահեցողության մեջ լինելու փոխարեն, տգիտության և անտեղյակության գլուխգործոց են ստորագրում՝ դրանով իրենց ողորմելիության դատավճիռն ստորագրած լինելով:
Հիրավի, հայրենադավը գցել է տիրադավներին, ողորմելին՝ խղճալիներին, անամոթը՝ անպատկառներին, անբարոյականը՝ բարոյազուրկներին, ճղճիմը՝ չնչիններին:
Եվ դեռ դրան հաջորդում են բացահայտ զինված հանցագործությունները ինչպես Երևանում, այնպես էլ Թալինում:
Տգետները գոնե պատմություն իմանային, որ նման դեպքեր եկեղեցին բազմիցս է հաղթահարել:
Հուսով ենք, որ մեր ժողովրդի զավակների ստվար հատվածը հասկանում է իրականությունը և ճիշտ ախտորոշում կիրականացնի: Սա էլ կանցնի, իսկ Հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը՝ օտար մարմինները արտավիժելուց հետո:
Այո, եկեղեցին կբարեկարգվի և կմաքրվի, սակայն այնպես, ինչպես Աստված է կամենում, և ոչ թե՝ ինչպես ողորմելի ոչնչությունները:
Իսկ Քրիստոս ճշմարտապես ծնվեց և հայտնվեց,
Ձեզ և մեզ մեծ ավետիս»։
Օրհնությամբ՝ Միքայել արք. Աջապահյան
194-րդ օր ապօրինի բանտարկության
06.01.26
