Արևմուտքի համար Հայաստանն աշխարհաքաղաքական պայքարի գործիք է Մոսկվայի հետ հակադրության մեջ
«Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել է, որ Հայաստանի գիծը չի ենթադրում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանն արագացնում է ռազմաքաղաքական ու տնտեսական մերձեցումն արևմտյան երկրների ու միավորումների հետ։ Մեր հայ գործընկերներին բազմիցս ասել ենք, որ Արևմուտքի համար Հայաստանն աշխարհաքաղաքական պայքարի գործիք է Մոսկվայի հետ հակադրության մեջ»: ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Ըստ Գալուզինի, Երևանում գիտեն Մոսկվայի սկզբունքային գնահատականները ԵՄ-ին անդամակցելու և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության անհամատեղելիության մասին։
«Այլ ինտեգրացիոն միավորման կարգավորումներին անցնելու դեպքում Երևանը չի կարողանա ապահովել ԵԱՏՄ նորմերի և կանոնների պահպանումը, ինչը հղի է համապատասխան հետևանքներով։ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների ռազմավարական կարգավիճակն ամրագրված է հարուստ իրավապայմանագրային հենքով»:
Միխայիլ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը, ինչպես և նախկինում, Երևանին համարում է Մոսկվայի բնական դաշնակիցը Հարավային Կովկասում։
«Մենք միշտ կողմ ենք եղել ուժեղ և իսկապես ինքնիշխան հայկական պետությանը։ Համոզված ենք, որ Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային փոխգործակցությունն այլընտրանք չունի։ Մեր երկրների ու ժողովուրդների միջև ամուր կապերը մեծապես ձևավորում են հանրապետության և ընդհանուր տարածաշրջանի կայուն զարգացման հիմքը։ Երկկողմ համագործակցությունը, համակարգված աշխատանքն ընդհանուր եվրասիական կառույցների շրջանակում Հայաստանի ապագա բարգավաճման գրավականն են»,- ասել է Գալուզինը։
