Ավագ երկուշաբթի՝ Հիսուս թզենուն ասաց. «Այսուհետև հավիտյան պտուղ չունենաս», նույն պահին թզենին չորացավ
Ավագ երկուշաբթի՝ Հիսուս թզենուն ասաց. «Այսուհետև հավիտյան պտուղ չունենաս», նույն պահին թզենին չորացավ Ավագ շաբաթվա առաջին օրը՝ Ավագ Երկուշաբթին, խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը:
Ավագ Երկուշաբթին նաև «Անպտուղ թզենու» հիշատակության օրն է:
Մատթեոս ավետարանիչը գրում է, որ Հիսուս Բեթանիայում գիշերելուց հետո, առավոտյան Երուսաղեմ վերադառնալիս քաղց զգաց և ճանապարհին մի թզենի տեսնելով՝ եկավ նրա մոտ և ոչինչ չգտավ, այլ միայն տերև: Հիսուս թզենուն ասաց. «Այսուհետև հավիտյան պտուղ չունենաս»: Եվ նույն պահին թզենին չորացավ (Մատթեոս 21:18-22):
Անպտուղ թզենու չորացման դրվագը օրինակն ու խորհրդանիշն է հավատի ու դրա հրաշագործ զորության. «… Եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլ թեկուզ և այդ լեռանն ասեք՝ ելի՛ր ու ծովը ընկի՛ր, այն կկատարվի: Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք»,- ուսուցանում է Հիսուսը (Մատթեոս 21:20-22):
«Թզենին» հրեաներն են, ովքեր բարի գործերի պտուղ չունեն, այլ միայն Մովսիսական օրենքի և հրեական անունների տերև, որ իրենց հրեա են անվանում, բայց չեն, այլ չարի գործակիցներ են: Եվ Հիսուսը, նրանց բարի գործերի պտուղների քաղցն ունենալով, երբ դրանք նրանց վրա չգտավ, արգելեց շնորհի հեղումը: Ոչ հեթանոսները կարող են պատճառաբանել, թե՝ քրիստոնյաներ չենք, ուստի պտղի ժամանակը չէ, ոչ էլ հրեաները, որովհետև յուրաքանչյուր հասակից պտուղ է պահանջվում:
Բարոյականապես՝ անպտուղ և տերևազարդ թզենին այն քրիստոնյաներն են, ովքեր միայն հավատք ունեն, բայց ոչ բարի գործ: Ինչպես որ տերևն է ծառի նշանը, այնպես էլ հավատքը՝ քրիստոնյայի. Քրիստոսը մեծ քաղցով դեպի մեր հոգիներն է գալիս՝ առաքինի պտուղ գտնելու՝ թե՛ մեր պատանեկության, թե՛ երիտասարդության և թե՛ ծերության ժամանակ: Հետևաբար հո՛գ տանենք, որ անպտուղ չլինենք, որպեսզի Տերը մեզ էլ թզենու նման չչորացնի:
Ավագ Երկուշաբթիի շարականի խոսքերի համաձայն խնդրենք Տիրոջից. «Մարդկային մեր բնությունը նորոգող Հիսուս, որ ի խորհուրդ հնացյալ մարդու, այսօր չորացրեցիր անպտուղ թզենին, և մեզ՝ մեղքից հնացյալներիս, նորոգիր անմահ կյանքի համար»:
