«Թուրքիայից մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում». Արթուր Գրիգորյան          Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը       Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում,մասնակցում են զինծառայողներ նաև Քաթարից, Ղազախստանից, Պակիստանից և Ուզբեկստանից    

26 հուն 2016 11:04

Ավելի լավ է չհանգստանալ, քան քիչ հանգստանալ. Հոգեբան

Արդեն ամառ է և թերևս շատերին է մտահոգում այն հարցը, թե ինչպե՞ս կազմակերպել ամառային հանգիստը, որպեսզի այն արդյունավետ լինի: Թեմայի շուրջ Hayacq.com-ը զրուցեց Մ.Հերացու անվան ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. Սոնա Հարությունյանի հետ: 
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ամառային հանգիստը, հոգեբանական և առողջական խնդիրներից խուսափելու համար: 
Հանգիստը կարևոր նախապայման է առողջության պահպանման, վերականգնման նաև աշխատանքային գործունեության արդյունավետության համար: Յուրաքանչյուր տարի անհրաժեշտ է լիարժեք հանգիստ ապահովել մասնավորապես ամռանը: Հանգստի կազմակերպումը ենթադրում է և հանգստի անհրաժեշտ տևականություն, և տվյալ անձի համար ցանկալի բովանդակություն: Չենք կարող ասել, որ հանգստի այս տարբերակը լավ է, մյուսը` վատ: Այն խիստ անհատական է, կախված է անձնային առանձնահատկություններից, հետաքրքրություններից, ցանկությունից, աշխատանքային առանձնահատկություններից: Օրինակ, մտավոր, նստակյաց աշխատանքի դեպքում ցանկալի է ընտրել ակտիվ հանգստի տարբերակը, իսկ ֆիզիկական ծանրաբեռնված գործունեության դեպքում` պասիվ հանգիստը: 
Չհանգստանալու պատճառով ի՞նչ բացասական երևույթներ կարող են ի հայտ գալ մարդու մոտ: 
Նրանք, ովքեր չեն հանգստանում և նույնիսկ հպարտանում են, որ առանց հանգստի կարողանում են աշխատել, չեն գիտակցում իրավիճակի խնդրահարույց լինելը: Հանգստի բացակայությունը կարող է առաջացնել աշխատունակության նվազում, ցրվածություն, մոռացկոտություն, նյարդայնություն, հաճախադեպ են դառնում առողջական խնդիրները: Չհանգստանալը բացասաբար է անդրադառնում միջանձնային հարաբերությունների, աշխատանքային և ընտանեկան մթնոլորտի վրա: 
Ո՞րն է հանգստի համար արդյունավետ ժամանակային տևողությունը:
Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ ավելի լավ է չհանգստանալ, քան քիչ հանգստանալ: Գիտնականները նշում են, որ նվազագույն ժամանակը հանգստի  երկու շաբաթն է, նորման` երեք:
Ինչպե՞ս խուսափել հետարձակուրդային սթրեսներից: 
Որպեսզի խուսափենք հետարձակուրդային սթրեսից, անհրաժեշտ է գրագետ պլանավորել հանգիստը: Ինչպես արդեն նշեցինք, հանգստի կազմակերպումը ենթադրում է և հանգստի անհրաժեշտ տևականություն  և  բովանդակություն: Իհարկե, հետարձակուրդային ադապտացիայի դժվարությունները պայմանավորված են նաև անձնային առանձնահատկություններով: Անշուշտ, կարելի է հաշվի առնել հոգեբանական հետևյալ նյուանսները. հանգստի մեկնելուց առաջ անավարտ գործերը հնարավորնս ավարտին հասցնել, արձակուրդից վերադառնալ 2-3օր շուտ նախքան աշխատանքի գնալը, նաև արձակուրդն այնպես պլանավորել, որ աշխատանքի վերադառնալ չորեքշաբթի կամ հինգշաբթի, քանի որ աշխատանքային շաբաթի կրճատումը հեշտացնում է ադապտացիան: 
 
Զրուցեց՝ Իրինա Սարգսյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր