Հանգստի բացակայության պատճառով ի՞նչ բացասական երևույթներ կարող են ի հայտ գալ. Հարցազրույց հոգեբանի հետ
Ամառային հանգստի կազմակերպման արդյունավետության շուրջ զրուցեցինք Մ.Հերացու անվան ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, Սթրեսի և ցավի կառավարման կենտրոնի
ղեկավար, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
-Ի՞նչ դերակատարում ունի հանգիստը, արձակուրդը
մարդու կյանքում:
-Հանգիստը կարևոր նախապայման է առողջության պահպանման
և ամրապնդման համար: Այն նպաստում է նաև աշխատունակության և գործունեության արդյունավետության
բարձրացմանը: Կարելի է ասել, հանգիստը անհրաժեշտություն է մարդու կյանքում:
-Ինչպե՞ս կազմակերպել
ամառային հանգիստը, որպեսզի այն արդյունավետ լինի:
-Որպեսզի արդյունավետ լինի հանգիստը,
այն կազմակերպելիս անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ անձի ցանկությունները, նախասիրությունները:
Ոմանք նախընտրում են պասիվ, ոմանք էլ` ակտիվ հանգիստ: Այստեղ մեծ դերակատարում ունեն
անձնային առանձնահատկությունները, հատկապես խառնվածքի տիպը: Նաև հավելենք, որ մտավոր,
նստակյաց աշխատանքով զբաղվող մարդկանց խրախուսելի է ակտիվ հանգիստը, իսկ ֆիզիկական
ծանրաբեռնված գործունեության դեպքում անհրաժեշտ է ընտրել պասիվ հանգստի տարբերակը:
-Իսկ հոգեբանական և առողջական խնդիրներից խուսափելու համար ի՞նչ է պետք անել:
-Ժամանակին
հանգստանալ: Մարդիկ առողջության մասին հիշում են, երբ արդեն առողջության հետ կապված
որևէ խնդիր ունեն, ցավոք, այդպես է նաև հանգստի պարագայում: Մարդկանց մեծամասնությունը
մտածում է հանգստանալու մասին, երբ հոգնում է, կամ գերհոգնածություն է զգում: Հանգստի
մասին անհրաժեշտ է հոգալ ողջ տարվա ընթացքում` ապահովելով հանգստի և աշխատանքի ռեժիմների
հավասակշռություն:
-Հանգստի բացակայության
պատճառով ի՞նչ բացասական երևույթներ կարող են ի հայտ գալ մարդու մոտ:
-Առաջնահերթ
նկատում ենք ազդանշաններ հուզական ոլորտից` նյարդայնություն, տրամադրության փոփոխություններ,
անկումային տրամադրություն, ագրեսիա, անտարբերություն և այլն, որն ի դեպ իր անդրադարձն
է ունենում նաև իմացական ոլորտի վրա` նվազեցնելով ուշադրության, հիշողության, մտածողության,
երևակայության արդյունավետությունը: Անշուշտ, հոգեկանն ու մարմնականը փոխկապված են,
և հոգեկան վերը նշված փոփոխությունները ազդում են նաև մարմնականի վրա` առաջացնելով
տարբեր հոգեմարմնական գանգատներ: Հանգստի բացակայությունը
ազդում է նաև մարդու աշխատունակության, գործունեության արդյունավետության վրա:
-Արդյո՞ք գոյություն
ունի հանգստի համար արդյունավետ ժամանակային տևողություն:
-Գիտնականները
նշում են, որ հանգստի համար նվազագույն ժամանակը երկու շաբաթն է, նորման` երեք շաբաթ:
Իհարկե հանգստի արդյունավետ տևականությունը, ինչպես և բովանդակությունը մեծապես պայմանավորված
են անձի հոգեբանական առանձնահատկություններով:
Զրուցեց Իրինա Սարգսյանը