«Փաստ». Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է, որ ապագա խորհրդարանում ներկայացված լինի գոնե չորս ուժ
Երեկ վերջապես որոշ մանրամասներ ներկայացվեցին ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Առարկայական փոփոխություններին դեռ հարկ կլինի անդրադառնալ: Այս պահին էական է այն հանգամանքը, որ ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցչի, Ընտրական օրենսգրքի հայեցակարգը հոկտեմբերի 5–ին ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ: Սա բնական է, այդպես էլ պետք է լիներ: Սակայն շատ ավելի ուշագրավ է ուղարկման ամսաթիվը, այսինքն՝ հոկտեմբերի 2–ին խորհրդարանում և նրա պատերի տակ տեղի ունեցածից երեք օր անց: Սա ինքնին հապճեպության նշան է, քանի որ օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումները կայացել են ամռանը, իսկ փաստաթղթի նախագիծը, մեր տեղեկություններով, պատրաստ է եղել շատ ավելի շուտ, քան հոկտեմբերի 5–ն է, ու մինչ այդ չէր ուղարկվել: Եթե հաշվի առնենք, որ փաստացի արդեն հստակ է, որ մինչև դեկտեմբերի կեսը Հայաստանում կանցկացվի Ազգային ժողովի արտահերթ ընտրություն, ապա տարօրինակ վիճակ ենք ստանում: Նախ, եթե Ընտրական օրենսգիրքը չենք հասցնում փոխել և ընտրությունների ենք գնում հին օրենսդրությամբ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այսպես հրատապ փորձաքննության ուղարկել այն: Ի վերջո, ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր նշել, Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ նախկինում անցկացված խայտառակ ընտրություններում մեղքը Ընտրական օրենսգրքինը չէ, և ամենևին կարիք չկա վերջինիս «նստեցնել մեղադրյալի աթոռին»: Հարցն ըստ էության քաղաքական կամքն է: Այդ պարագայում հանգիստ կարելի էր դեկտեմբերին գնալ ընտրությունների առանց հապճեպության:
Սակայն ելնելով հենց նույն շտապողականությունից՝ պետք է ենթադրել, որ իշխանությունները ցանկանում են մի ձեռքով երկու ձմերուկ բռնել, այն է՝ և՛ դեկտեմբերին ընտրություններ անցկացնել, և՛ առնվազն մինչ ընտրությունների նշանակման օրը, այսինքն՝ մոտավորապես մինչև նոյեմբերի 10–ը ընդունել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Սա առավել հավանական տարբերակ է նաև այն տեսակետից, որ Նիկոլ Փաշինյանին հիմա անհրաժեշտ է, որ ապագա խորհրդարանում ներկայացված լինի գոնե չորս ուժ: Ինչո՞ւ: Պարզ մաթեմատիկական հաշվարկ է. եթե նույնիսկ ֆանտաստիկ երևակայությամբ պատկերացնենք, որ ՔՊ–ն դարձյալ ստանում է 80 տոկոս քվե, իսկ մյուս բոլոր մասնակից կուսակցությունները միասին՝ 20, ապա երկրորդ և երրորդ տեղերը գրաված ուժերը, եթե նույնիսկ չհաղթահարեն 5 կամ 7 (4, 6) տոկոսի շեմը, խորհրդարանում կունենան 15–16–ական պատգամավոր: Արդյունքում ցանկացած իշխանության համար ավելի բարդ է գործ ունենալ այդպիսի ազդեցիկ ուժերի հետ, քան, ասենք, 7–10 հոգանոց երեք ուժերի: Ուստի պատահական չէ, որ փոփոխություններով նախատեսվում է կուսակցությունների համար անցողիկ շեմը սամանել 4 տոկոս, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս: Նախատեսվում է նաև, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի նվազագույն թիվը ներկայիս 3–ի փոխարեն դառնա 4՝ անկախ անցողիկ շեմից: Այսինքն, օրենքով երաշխավորվելու է, որ հաջորդ խորհրդարանում ներկայացված կլինի նվազագույնը 4 քաղաքական ուժ: Սա ինքնին բավական խոսուն է: Սակայն այս պարագայում ի հայտ է գալիս հենց այն մտահոգությունը, որը առկա է քաղաքական ուժերի գերակշիռ մասի մոտ. արդյո՞ք կուսակցությունները կկարողանան մեկ ամսում ադապտացվել նոր օրենսդրության պայմաններին ու նոր պահանջներով գնալ ընտրությունների: Սկզբունքորեն կուսակցություններն ուրիշ գործ էլ չունեն, քան կուսակցական շինարարությունը, և ցանկացած պահի պիտի պատրաստ լինեն ընտրությունների: Այդուամենայնիվ, ժամանակը չափազանց կարճ է նոր օրենսդրությանը հարմարվելու համար: Ժամանակը չափազանց կարճ է նաև փոփոխություններին ծանոթանալու, քննարկելու և ընդունելու համար: Թեպետ, մյուս կողմից, խորհրդարանում ստեղծված ներկայիս ստատուս քվոյի պայմաններում գուցե թե քննարկելու կարիք էլ չլինի:
Նոր օրենսգրքի հետ կապված՝ կան անհանգստություններ այն առումով, որ փաստացի անկուսակցական, որևէ կուսակցության ցուցակով առաջադրվել չցանկացող կամ հնարավորություն չունեցող անձինք մեկընդմիշտ զրկվում են ընտրվելու սահմանադրական իրավունքից: Սա ինքնին լուրջ խնդիր է, ինչին դեռ կանդրադառնանք հետագայում:
Ինչևէ, մինչև Ամանոր շատ հետաքրքիր օրեր են սպասվում: Ինչպես ասում են, թամաշայի պակաս չենք ունենա: Իսկ հետո: Հետո ձմեռ է...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում