Թող ինքնահավելավճարվեն, ինքնապարգևատրվեն.Վճարվեք, հարստացեք, մորթեք, բայց արժեքներից մի՛ խոսեք

Զարմանալի է, երբ ՊԵԿ նախագահը, որն ի պաշտոնե պետք է ստանձնի հեղափոխության տնտեսական ամրագրման հիմնական պատասխանատվությունը, ավելին՝ դառնա տնտեսական հեղափոխության իրականացնողներից մեկը, հրաժարվում է հրապարակել իր կառույցի պարգևատրումների ցուցակը՝ հույժ կասկածելի հղում անելով անձի իրավունքների մասին օրենսդրությանը: Սա ճիշտ նույն պատասխանն է, ինչ տալիս են, երբ ասում ենք՝ բացեք ԿԳԲ-ի արխիվները, լյուստրացիա իրականացրեք: Սովորական քաղաքացին ինչո՞ւ է պարտավոր հենց այնպես հավատալ ՊԵԿ-ի պարոն նախագահին, որ պարգևատրումներում մեծ թվեր չեն եղել (թեև սովորական քաղաքացու և իրպեսների համար թվերի մեծն ու փոքրը շատ տարբեր են): Սա, իրոք, մտածողության խնդիր է, առնչվում է պետականության հիմնադրույթներին: Սա նաև քաղաքակրթական ընտրանքի խնդիր է – մենք բա՞ց հասարակություն ենք ուզում կառուցել, թե՞ մնալ իրազեկման փակվածության, տեղեկատվական անազատության մեջ:
Այսինքն՝ որոշ առանձնաշնորհյալներ կարող են տիրապետել մոլորակի վրա երբևէ եղած ամենաքստմնելի կառույցի՝ ԿԳԲ-ի տվյալներին, խաղացնել իրենց քաղաքական շահերին համապատասխան, երկիրը մշտապես թողնել գործակալների և «ստուկաչների» վերակացությանը, իսկ սովորական ժողովուրդը՝ երկրի հարազատ տերը, տեղեկատվության չտիրապետելով, պետք է ընտրությունից ընտրություն իր քվեն տա գուցե և իր հորը գնդակահարածին, Սիբիր քշածին, այսօր էլ՝ օտար երկրի շահերը սպասարկողին: Նույնն է՝ որոշ առանձնաշնորհյալներ կարող են իրենք իրենց պարգևատրել, իսկ սովորական ժողովուրդը պետք է կուրորեն հավատա, որ դրանք երեկ իրեն գջլող մաքսավորները չեն, որոնց հետ Ավետարանում սեղան չէին նստում: Այսպիսի «գաղտնապահությունը» ուղիղ հակոտնյան է ժողովրդավարության և վերջերս իրականացված հեղափոխության ոգու: Ժողովրդավարությունը պարզապես պահանջում է հրապարակայնություն, բացախոսություն, տեղեկացվածության իրավունք: Սա էլ դեռ ոչինչ, թեև վերաբերում է պետականության որակին: Կարելի է ըմբռնումով մոտենալ՝ մտածելով, որ ՊԵԿ նախագահն ու երևի էլի ոմանք գալիս են նախորդ կոռումպացված համակարգերի իրենց տաքուկ անկյուններից և դեռ չեն վարժվել Վարչապետի պահանջած ջերմային նոր ռեժիմին: Իր ասածները խմբագրել ջանացող ՊԵԿ պարոն նախագահը նոր ճեպազրույցում խմբագրման արդեն ոչ ենթակա մի նոր մոտեցում է ներկայացնում, ասելով, թե իր ղեկավարած կառույցում մարդիկ «իրենց ստեղծած արժեքին համապատասխան» են վճարվել:
Խնդիրն այստեղ «արժեք» հասկացության ընկալումն է: Իհարկե, այստեղ կարելի էր պաշտոնյանին ասել՝ «Կոշկակա՛ր, կոշիկից վերև մի՛ դատիր», ու վերջացնել, բայց խնդիրն իրոք խորապես հիմնարար է, վերաբերում է մեր հոգևոր անվտանգությանը: Այո՛, ՊԵԿ-ը մեր բոլորիս պետական բյուջե է բերել գուցեև մեծ գումարներ: Եթե այդ գումարներն են «արժեքը», ապա ո՞րն է, ասենք, մանկավարժի ստեղծած «արժեքը», ինչո՞վ է պետական շատ բարձր պաշտոնյան չափում «արժեքը»: Եթե անգամ նա օգտագործեր «նյութական արժեք» կապակցությունը (նույնիսկ ֆրեյդյան «սխալ բառերի» ֆենոմենը չի փրկի), միևնույնն է, խորքում գռեհիկ մատերիալիզմն է ճչում: Անձամբ ես 1987թ.-ից մանկավարժ եմ, որպես դոցենտ ստանում եմ 128 հազար դրամ:
Պարոն պետական շատ բարձր պաշտոնյան մի՞թե կարծում է, թե ես արժեք չեմ ստեղծել և չեմ ստեղծում: Կարո՞ղ է պարոն պետական շատ բարձր պաշտոնյան չափել իմ ստեղծածը, թե՞ դա արժեք չէ: Շատ բարձր այլ պաշտոնյաներ, ում ես եմ դասախոսել, իրենց թույլ չեն տա այդպիսի հակաքաղաքակրթական մոդուլներով մտածել, խոսել և գործել: Ես Կառավարությունից ամենևին չեմ պահանջում տարեվերջյան պարգևատրում, բայց և չեմ ուզում, որ ինձ վիրավորեն՝ արժեքներ ստեղծելն իրենց բացառիկ շնորհը համարելով: Պարոն շատ բարձր պաշտոնյան եթե 400 տարի էլ ապրի և գործի, միևնույն է, չի կարողանալու ստեղծել այն արժեքի գեթ մեկ տոկոսը, ինչ ես եմ ստեղծել, ավելին՝ չի կարողանալու հասկանալ, թե ո՛րն է իրական Արժեքը: Ես անձնապես եմ վիրավորված անկանոն, կամ որ ավելի ճիշտ է՝ նյութականացված մտքի այդ արտավիժումից: Կրկնակի ցավալի է, որ ես կարող եմ Արժեքի նորմալ պատկերացումը ներարկել միայն բուհական իմ լսարանին, իսկ պետության և քաղաքացու հոգին աղավաղող այս հակաքաղաքակրթությունը քարոզվում է ամեն վայրկյան, ողջ հանրապետությունով մեկ, տասնամյակներ շարունակ. որքա՞ն կարող է այդպիսի պիղծ մտքերի միջավայրում իր մարդկայնությունը պահել մեր դեռևս անաղարտ ու նվազող ժողովուրդը:
Կրկնեմ, ուրախ եմ, որ պետական շատ բարձր պաշտոնյաներից ու իրենց գործավարուհիներից յուրաքանչյուրը, կոռուպցիայից հեռու մնալու համար, որպես պարգևատրում մեկ օրում ստացել են իմ տարեկան աշխատավարձից պատիկային ավելին: Մաղթում եմ, որ է՛լ ավելին ստանան. ավելին, քան աղետի գոտու բոլոր անօթևանների տների գինն է: Թող ինքնահավելավճարվեն, ինքնապարգևատրվեն, եթե դա է իրենց երջանիկ և ազատ անհատ դառնալու միակ ճանապարհը: Վճարվեք, հարստացեք, մորթեք, բայց արժեքներից մի՛ խոսեք:
Միքայէլ Հայրապետեան
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ