Եթե արձանի ապամոնտաժում, ապա առաջին հերթին Մառնեուլիում տեղադրված Ջալիլ Սաֆարովի կիսանդրին
![Եթե արձանի ապամոնտաժում, ապա առաջին հերթին Մառնեուլիում տեղադրված Ջալիլ Սաֆարովի կիսանդրին Եթե արձանի ապամոնտաժում, ապա առաջին հերթին Մառնեուլիում տեղադրված Ջալիլ Սաֆարովի կիսանդրին](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-02/medium/1549704790_51440222_2306256782996964_1038403090786549760_n.jpg)
-Ախալքալաքի Բուղաշեն
գյուղում արցախյան ազատամարտի հերոս Միքայել Ավագյանի կիսանդրու
վերաբացման առիթով վրաստանաբնակ ադրբեջանցիները մեծ աղմուկ բարձրացրեցին: Երեկ էլ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ազգությամբ
ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ, ինչպես նաև մի քանի վրացի քաղաքացիական ակտիվիստներ
բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով ապամոնտաժել արձանը: Ըստ Ձեզ, ո՞րն է միտումը
և ի՞նչ նպատակ է հետապնդում:
-Գաղտնիք չէ,
որ Ադրբեջանը հետևողականորեն և բոլոր հնարավոր միջոցներով փորձում է փչացնել հայ-վրացական հարաբերությունները, կամ գոնե ստվերել
այն։ Ներկայումս, պաշտոնական Երևանը և պաշտոնական Թբիլիսին, փաստորեն փորձում են միջպետական
հարաբերությունները բաձրացնել մեկ այլ մակարդակի՝ նախապես ամրապնդելով փոխադարձ վստահությունը
և հուսով ենք, որ այդպես էլ կլինի։ Այս գործընթացն
իհարկե ադրբեջանա-թուրքական տանդեմի և վերջինիս վրաստանյան արբանյակների սրտով չէ,
քանի որ ինչպես նշեցի, նրանք այլ նպատակ ունեն։
-Ակցիայի մասնակիցները Միքայել Ավագյանին անջատողական են անվանել՝ հայտարարելով,
թե իբրև նա մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին: Կարո՞ղ ենք սա որպես սադրանք դիտարկել:
-Միքայել
Ավագյանը Արցախյան ազատամարտի մասնակից է և միանշանակ սուտ է այն տեղեկատվությունը,
որ իբրև մասնակցել է վրաց-աբխազական պատերազմին, որը տեղի է ուեցել 1992-93 թթ։ Միքայել
Ավագյանը 1990 թվականից տեղափոխվելով Սյունիքի մարզ, մինչև զոհվելը մասնակից է եղել
Հայաստանի սահմանների պաշտպանությանն ու Արցախի ազատագրմանը։ Վստահ չեմ, բայց հուսով եմ չեն լինի մարդիկ, ովքեր կհավատան, որ
Միքայելը ցերեկները մասնակցել է Արցախի ազատագրմանը, իսկ գիշերները վրաց-աբխազական
պատերազմին։ Ակցիայի մասնակիցները, սադրանքի միջոցով, փորձում են խաղալ վրացիների նուրբ լարերի հետ, սակայն
չեմ կարծում, որ Վրաստանի իշխանությունները կուլ կտան այդ խայծը։
-Հարցի վերաբերյալ ինչպիսի՞ն է Վրաստանի իշխանության
և հասարակության վերաբերմունքը:
-Հասարակության
մեջ, հասարակական-քաղաքական հատվածում, զանգվածային լրատվամիջոցներում ցավոք գտնվում
են մարդիկ, որոնք տրվում են ադրբեջանա-թուրքական սադրանքին, ինչ որ կոչերով հանդես
գալիս և ավելի հեռուն գնալով վիրավորական արտահայտություններ հնչեցնում, ինչը միանշանակ
չի բխում հայ-վրացական հարաբերությունների տրամաբանությունից և այստեղ պաշտոնական Թբիլիսին
նույնպես մտածելու բան ունի։
Իսկ, իշխանությունը փաստորեն փորձում է պահպանել հավասարակշռված
դիրքորոշում՝ ի ուրախություն մեզ և ի պատիվ իրեն։
-Իսկ Ջավախքում ինչպիսի՞ տրամադրություններ
են:
-Ջավախքում
լարվածություն չկա։ Առաջին անգամ չէ, որ նմանատիպ և այլ սադրիչ գործելաոճի են դիմակայել։ Պատասխանը տրված է, որ եթե արձանի ապամոնտաժում,
ապա առաջին հերթին պետք է ապամոնտաժվի Մառնեուլի ադրբեջանաբնակ գյուղում տեղադրված,
Արցախյան պատերազմի մասնակից Ջալիլ Սաֆարովի
կիսանդրին, որն աչքի է ընկել խաղաղ բնակիչներ սպանելով և հավանաբար այդ պատճառով էլ
ստացել է հերոսի կոչում, իսկ այնուհետև նաև Հեյդար Ալիևի հսկայական արձանը Թբիլիսիի
կենտրոնում։
Վստահ
եմ, որ ջավախքցիներն ինչպես միշտ, կպահպանեն
հավասարակշռված դիրքորոշում, բայց միևնույն ժամանակ թույլ չեն տա, որ ադրբեջանա-թուրքական
սադրանքներն ու կեղտոտ խաղերը, արդյունքներ ունենան ու
բացասաբար անդրադառնան Հայաստան-Վրաստան և ընդհանրապես հայ-վրացական հարաբերությունների
վրա։