ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

08 ապր 2019 20:24

ԵՄ-ն կարևորել է, որ Հայաստանում ընդունվի խտրականության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրություն

ԵՄ-ն կարևորել է, որ Հայաստանում ընդունվի խտրականության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրությունՀամատեղ մամուլի հաղորդագրություն
ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 10-րդ հանդիպում 
Բրյուսել, 8-ը ապրիլի 2019թ.
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության  հերթական 10-րդ հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում 2019 թվականի ապրիլի 8-ին: Եվրամիությունն ու  Հայաստանն անդրադարձել են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման շարունակականությունն ապահովելու պատրաստակամությանը: Հայաստանում տեղի ունեցած վերջին ընտրություններից հետո ՀՀ քաղաքացիների շրջանում մեծ են ակնկալիքները ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության և ամրապնդման շուրջ: Համաձայնագրով Եվրամիությունը և Հայաստանի Հանրապետությունը  հանձնառու են ամրապնդել հարգանքը հիմնարար ազատությունների նկատմամբ:
Հանդիպման ընթացքում ԵՄ և ՀՀ քննարկել են հավաքների և արտահայտման ազատությանը, ընտրական ոլորտի բարեփոխումներին, գենդերային հավասարությանը, հակախտրականության քաղաքականությանը, արդարադատության ոլորտի, քրեակատարողական հաստատությունների բարեփոխումներին, ինչպես նաև աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցեր: Լրատվությանն առնչվող ՀՀ օրենսդրության հետագա փոփոխությունները կարող են բաձրացնել թափանցիկության և բազմակարծության մակարդակը:
Հայաստանը հաստատել է իր հաձնառությունը  հետամուտ լինելու արդարադատության ոլորտի,  մասնավորապես՝ բոլորի օրենքի առջև հավասարության սկզբունքի ապահովման, դատական իշխանության  անկախության, ինչպես նաև զսպումների և հակակշիռների արդյունավետ մեխանիզմի ուղղությամբ բարեփոխումների իրականացմանը: Խիստ կարևոր է, որ Հայաստանում ընդունվի միջազգային չափանիշներին համապատասխանող  խտրականության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրություն և ստեղծվի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից գործող իրավահավասարության ապահովման  ազգային մարմին: Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ աշխատակազմի կողմից դրական քայլեր են ձեռնարկվել շուրջօրյա օգնության թեժ գիծ ստեղծելու և արագ արձագանքման թիմ ձևավորելու ուղղությամբ:
Եվրամիությունն ու Հայաստանը քննարկել են Գենդերային հավասարության մասին 2019-2023 թվականների ազգային ռազմավարության նախագծի մշակումը: Կողմերն ընդգծել են հանրային իրազեկության մակարդակի բարձրացման և գենդերային հավասարության խթանման կարևորությունը՝ հատկապես կրթության միջոցով,  ինչպես նաև վերահաստատել են աջակցությունն այդ ուղղությամբ:  
Հայաստանի իշխանությունների և Խոշտանգումների և անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) միջև սերտ համագործակցությունը կարող է օգտակար լինել: Անհրաժեշտ է, որ Հայաստանի կանխարգելման ազգային մեխանիզմը շարունակի կարողությունների զարգացման միջոցով բարելավել մշտադիտարկումները և գնահատել հոգեբուժական հաստատություններում, ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկներում և անչափահասների ուղղիչ հիմնարկներում տիրող իրավիճակը:
 
Հավատարիմ իր կողմից որդեգրված քաղաքականությանը Մարդու իրավունքների շուրջ երկխոսությանն ընդառաջ Եվրոպական միությունը հանդիպումներ և խորհրդակցություններ է անցկացրել հայաստանյան և միջազգային ՔՀ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Երկխոսության արդյունքում մշակվել են Գործառնական եզրակացություններ՝հստակ գործողություններով, որոնք կմշտադիտարկվեն և կքննարկվեն հաջորդ տարվա ընթացքում:
ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: ԵՄ պատվիրակությունը ղեկավարում էր  Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբբելսը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գենդերային հարցերով գլխավոր խորհրդական Մարիա Մարինակին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր