Վեթինգը վտանգավոր է, նայած, թե այն ով և ինչպես է իրականացնում, չի կարելի, որ կաշառակերը դատի կաշառակերին. «168 ժամ»
![](https://shabat.am/img/artpic/77efdb9c06feb5c066b120815_Egypt-Turkey.jpg)
Ժողովն իր հայտարարության մեջ նաև խիստ դատապարտել էր դատավորների հասցեին արվող անհարգալից հայտարարությունները և արձանագրել, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը և գործնականում չի երաշխավորում նրանց անկախությունը: «Անկախ դատավոր» հ/կ նախագահ, նախկին դատավոր Պարգև Օհանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով դատավորների ընդհանուր ժողովին, ցավով արձանագրեց, որ Դատավորների ընդհանուր ժողով կոչվածը երբեք իր տեղում չի եղել և երբեք չի ծառայել որպես դատական իշխանության բարձրագույն մարմին, չի աջակցել իր դատավորներին թեկուզ հենց իր հարցով:
«Դատավորի հարցը դրվել է հանձնաժողովում, հետո Արդարադատության խորհրդում, և որևէ արձագանք, սրտացավություն երբեք չի եղել: Անգամ, երբ Արդարադատության խորհուրդը որոշեց, որ պետք է դիմի ՀՀ նախագահին դատավորների լիազորությունները դադարեցնելու համար, Դատավորների ընդհանուր ժողովը եղել է քնած: Ձևական պատվերների հիման վրա արդարադատության նախարարի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի պատվերով ներկայացրել են թեկնածուներ: Հիմա գուցե պետք են այսպիսի իրավիճակներ, որպեսզի ավելի միասնական դառնան, հասկանան, որ պետք է իրար աջակցեն, որովհետև երկու ձեռքը երես է լվանում»,- ասաց Պարգև Օհանյանը:
Ինչ վերաբերում է ժողովի տարածած հայտարարության բովանդակությանը, մեր զրուցակիցն ասաց, որ այն իր համար ընդունելի է, չպետք է ընդունելի լինեն դատավորների հասցեին հնչող անհարգալից արտահայտություններն ու պիտակավորումները:
Մեր հարցին, թե դատավորներին ի՞նչ մեխանիզմներով պետք է «վեթինգի» ենթարկեն, ո՞րն է իր համար ընդունելի մեխանիզմը, Պ. Օհանյանը պատասխանեց, որ մարդիկ հաճախ վախենում են անորոշությունից ու չիմացությունից, և քանի որ «վեթինգը» մեր հանրության շրջանում նոր երևույթ է, շատերին այն անհանգստացնում է. ինչը հասկանալի է: «Այս մտավախությունների հիմքերը կարելի է կիսել կամ արդարացնել, քանի որ «վեթինգը» վտանգավոր է, նայած, թե այն ով և ինչպես է իրականացնում: Հաճախ եմ ասել՝ չի կարելի, որ կաշառակերը դատի կաշառակերին, կոպիտ եմ ասում, բայց պատկերացրեք. Քննիչը՝ կաշառակեր, դատախազը՝ կաշառակեր, ու բռնել են մեծ կաշառակերի: Այսինքն՝ ովքե՞ր են լինելու «վեթինգ» իրականացնողները, քանի որ դա ինչ-որ տեղ լինելու է դատավորների, այսպես ասած, դատը, որտեղ պետք է որոշեն դատավոր աշխատելու համար ո՞վ է արժանի, ո՞վ ոչ:
Դատավորները «վեթինգը» չափից ավելի վերապահումներով են ընդունում, բայց սա նորմալ է, և եթե ճիշտ ու արդար իրականացվի, ապա դատավորներն ավելի անկախ կդառնան և վստահություն կշահեն»,- ընդգծեց Պ. Օհանյանը:
Հարցին էլ, թե անցումային արդարադատության համակարգն ի՞նչ ժամանակաշրջան պետք է ընդգրկի, նա պատասխանեց, թե միշտ մտածել է, որ ժամանակահատվածի առումով ամեն ինչ պարզ է, սակայն հետո հասկացել է, որ անցումային արդարադատությունը պետք է վերաբերի անցյալին:
«Կարծում եմ՝ անցումային արդարադատությունը պետք է ընդգրկի վերջին 30 տարիները: Սա, իհարկե, բարդ կլինի, բայց պետք է այն ընդգրկի Երրորդ Հանրապետության կայացման սկզբից մինչև այսօր»,-ասաց նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: