Արտառոց բան չկա նրանում, որ ժողովրդավարական երկրում ոչ թե մեկ հոգի, այլ հազարավոր մարդիկ դժգոհ լինեն իրենց ղեկավարից.«Առավոտ»

Իսկ պալատականներն ու չափից դուրս ջերմ երկրպագուները չեն բացականչում՝ «մի լսիր նրանց, թագավոր ջան, դու ամենալավն ես, քեզնից դժգոհները պարզապես չարախոսներ են, նրանք կա´մ հոգեկան հիվանդ են, կա´մ ծախված-ուղղորդված են, կա´մ սրիկաներ»: Ղեկավարին նման «սփոփիչ» բառեր ասողներից շատերը վստահ են, որ իրենց կեցվածքը շատ օգտակար է «թագավորին», մի մասն էլ, հավանաբար, հույս ունի, որ քծնանքը օգտակար կլինի իրենց:
Բայց պետք է հաշվի առնել, որ «ազգովի» փառաբանում են միայն ամբողջատիրական երկրների առաջնորդներին:
Պաշտամունքի առարկա էին Ստալինը, Մառն, Կիմ Իր Սենը, և ո՞վ կարող է ասել, որ այդ պաշտամունքը մեծ մասամբ չի եղել անկեղծ, որ, ասենք, 1953 թվականին խորհրդային մարդկանց ստիպում էին, որ նրանք ողբան «մեծ առաջնորդի» մահը:
Ժողովրդավարական երկրներում այդպես չէ՝ Մակրոնով կամ Թրամփով իրենց երկրների քաղաքացիները չեն հիանում՝ բնակչության, ենթադրենք, 60 տոկոսը նման լիդերներին ընդունում է, 40%-ը (այսինքն՝ միլիոնավոր մարդիկ)՝ մերժում, և ոչ ոքի մտքով չի անցնում այդ 40 տոկոսին մեղադրել, որ նրանք ծախված սրիկաներ են: Եվ եթե որևէ մեկը՝ լինի նա քաղաքական գործիչ, թե հասարակ քաղաքացի, արտահայտում է այդ 40 տոկոսի կարծիքը, նրա բերանը նույնպես չեն փորձում փակել «դու վաբշե խոսալու տեղ չունես» սպանիչ փաստարկով:
Նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրներում կան մարդիկ, որոնք դժգոհ են իրենց կյանքից, և պարտադիր չէ, որ նրանց բողոքները լինեն զուտ նյութական: Նման մարդիկ իրավունք ունեն անհատապես կամ խմբով մոտենալու իրենց երկրի ղեկավարին (իհարկե, վերջինիս անվտանգությունը պետք հուսալիորեն ապահովվի) և հայտնելու իրենց բողոքը:
...Հիշում եմ, 1993 թվականի դեկտեմբերի 7-ին նույն Գյումրիում բորբոքված մարդկանց մի խումբ մոտեցավ Լևոն Տեր-Պետրոսյանին և չափազանց կոշտ արտահայտություններով բնութագրեց նրա իշխանությունը: Տարբերությունն այն է, որ այն ժամանակ հեռախոսով հնարավոր չէր նկարահանումներ կատարել, համացանցը զարգացած չէր, իսկ Տեր-Պետրոսյանն այդ պահին մեծ թվով երկրպագուներ չուներ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: