Անկախ պացիենտների արյան խմբից, հնարավոր կլինի փոխներարկել արհեստական արյուն
Ճապոնացի գիտնականները արհեստական արյուն են ստեղծում, որը հնարավոր կլինի փոխներարկել բոլոր պացիենտներին՝ անկախ նրանց արյան խմբից: Արհեստական արյունը պարունակում է արյան կարմիր բջիջներ, որոնք թթվածին են տեղափոխում, ինչպես նաեւ թրոմբոցիտներ, որոնցից է կախված արյան մակարդելիությունը:Փորձարարական բաղադրությունը փորձել են արյան ծանր կորստով 10 ճագարների վրա, որոնցից 6-ը ողջ են մնացել արյան փոխներարկման շնորհիվ: Գիտնականների խոսքով՝ այս արդյունքները միանգամայն համադրելի են սովորական արյան օգտագործման ցուցանիշներին:
Եթե համանման արդյունքներ ստացվեն նաեւ մարդկանց մասնակցությամբ հետազոտություններում, ապա մարդկությունն իր տրամադրության տակ կունենա յուրահատուկ բաղադրություն, որը կլուծի դոնորական արյան հետ կապված բոլոր խնդիրները:
Աշխարհում մինչեւ հիմա նկատվում է դոնորական արյան պակաս, հատկապես հազվագյուտ խմբերի: Չնայած դոնորության մասսայականացմանը, այս խնդրին բախվում են նույնիսկ զարգացած պետություններում, չհաշված աղքատ եւ զարգացող երկրները: Դոնորական արյան պակասը հաճախ դառնում է պացիենտների մահվան պատճառը, ինչպես նաեւ անհնարին է դարձնում շատ վիրահատություններ ու միջամտություններ: