Ինչու է ՀՀ քաղաքացու անձնագրում որպես ծննդավայր գրվել «Ադրբեջան». Ոստիկանության պարզաբանումը
![](https://panorama.am/news_images/664/1990985_1/vostikanutyun2.thumb.jpg)
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքով հստակ սահմանված են այն տվյալները, այդ թվում՝ ծննդյան վայրը, որոնք պետք է անձնագիրը պարունակի։ Յուրաքանչյուր դեպքում ՀՀ քաղաքացու անձնագրում որպես ծննդավայր նշվում է այն երկիրը, որն ամրագրված է նրա կողմից ներկայացվող փաստաթղթում (ծննդյան վկայական, օտարերկրյա պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթուղթ)։ Ուստի եթե անձը, ՀՀ քաղաքացու անձնագիրը ձեռք է բերում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ, որում ծննդավայրը նշված է «Ադրբեջանի ԽՍՀ», ապա նրա ՀՀ քաղաքացու անձնագրում նշվում է «Ադրբեջան»։
Հարցին՝ ինչու «Ադրբեջան», ոչ թե «Ադրբեջանի ԽՍՀ», պարզաբանենք, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը ճամփորդական փաստաթուղթ է և պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության չափանիշներով հաստատված են երկրների անվանումները և եռանիշ կոդերը։ Այդ չափանիշներով նախկին միութենական երկրների մասով գրելաձև առկա չէ և այդ երկրները նախատեսված են առանց «ԽՍՀ» նշումի։ Այս իսկ պատճառով մշտապես ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշվել է հիշյալ չափանիշներին համապատասխան․ օրինակ՝ Հայաստան, Վրաստան, Էստոնիա, Ադրբեջան և այլն։
ՀՀ Ոստիկանություն