Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

18 դեկ 2021 10:33

Հայաստանը կարող են կտրե՞լ Ռուսաստանից և Իրանից. «Զանգեզուրի միջանցքը» կբացի Հայաստանի շրջափակումը կամ հակառակը՝ ավելի կուժեղացնի այն

Свободная Пресса-ն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին՝ մասնավորապես կենտրոնանալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպման վրա։


«Բանակցությունների ընթացքում երկու ղեկավարները հաստատել են, որ զարգացնելու են նոյեմբերին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերած պայմանավորվածությունները: Սակայն, ինչպես երևում է, կողմերը դեռ պատրաստ չեն փոխզիջումների։ Խոչընդոտ է մնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ տրանսպորտային մայրուղի, որն Ադրբեջանն իր էքսկլավ Նախիջևանի հետ կապելու է Հայաստանի տարածքով։


«Երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։


Ավելի վաղ Ալիևն ասել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» գործունեության կանոնները պետք է լինեն նույնը, ինչ Լաչինի միջանցքում, այսինքն՝ առանց հայկական կողմից վերահսկողության:


«Եռակողմ հայտարարության մեջ բացահայտ ասվում է, որ Ադրբեջանն ապահովում է Հայաստանի և Ղարաբաղի միջև անվտանգ անցումը Լաչինի միջանցքով, և Հայաստանը պետք է ապահովի անվտանգ անցումն Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Ներկայում Լաչինի միջանցքում մաքսակետ չկա։ Զանգեզուրի միջանցքում էլ մաքսակետ չպետք է լինի»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ եթե Հայաստանը պնդի Զանգեզուրի միջանցքում մաքսակետւ հարցում, ապա Ադրբեջանը նույնպես կպնդի Լաչինի միջանցքում մաքսակետի տեղադրմանը։


Այսինքն՝ հերթական փակուղի՞ն։ Չհաջողվեց համաձայնության գալ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Եվրոպայում։


Հավանաբար շատերի մոտ հարց կառաջանա՝ ինչո՞ւ Սոչիից կես ամիս անց, երբ այնտեղ ընդունված որոշումները դեռ չկյանքի չեն կոչվել, հերթական հանդիպումը կայացավ։ Եվ ինչո՞ւ Եվրոպայում։


Այստեղ Եվրոպայի հետաքրքրվածությունը հասկանալի է. նրանք ցանկանում են հետ բերել կորցրածը, քանի որ հրադադարը և հետագա պայմանավորվածությունների կնքումը տեղի են ունեցել առանց նրանց միջամտության։


«Եվրոպացիների հիմնական նպատակն է կանխել Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Անդրկովկասում»,- համոզված է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։


Ըստ փորձագետի՝ դա նրանց թույլ կտա ապագայում կառուցել կարգավորման որոշակի ասպեկտներին հակազդելու քաղաքականություն, մասնավորապես՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության հարցում։


«Երկրորդ նպատակը հակամարտության կարգավորման հարցում Եվրամիության մարգինալացումը կանխելն է, քանի որ դա կբերի Հայաստանի և Ադրբեջանի վրա Բրյուսելի ազդեցության ընդհանուր անկմանը։ Ուստի ԵՄ ղեկավարության համար կարևոր է ստեղծել պատրանք, որ իրենք մասնակցում են կարգավորմանը, նույնիսկ այն իրավիճակում, երբ իրենցից ոչինչ կախված չէ»,- նշել է Ալեքսանդրովը։


Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքին», ապա փորձագետի խոսքով՝ կողմերի միջև տարաձայնությունները վերաբերում են դրա կարգավիճակին։


«Ալիևը պնդում է, որ Զանգեզուրի միջանցքի համար գործեն նույն կանոնները, ինչ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքի համար։ Նրա ցանկությունը հասկանալի է, սակայն, այն հակասում է եռակողմ հայտարարությանը, որտեղ հստակ ասվում է, որ «տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը»։ Այս միջանցքը ոչ մի արտատարածքային կարգավիճակ չի ունենա, և միջանցքով նույնպես չի կարող անվերահսկելի տեղաշարժ լինել»,- ասել է փորձագետը:


Մինչդեռ ՌԴ Ֆինանսական համալսարանի դոցենտ Գևորգ Միրզայանըպնդում է, որ «Ալիևը չի կատարում Սոչիում ստանձնած պայմանները»:


«Ռուսաստանը չի ուզում ու չի կարող ստիպել նրան։ Ինքը՝ Փաշինյանը, շահագրգռված է Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից հեռացնելու հարցում, ավելի ճիշտ՝ շահագրգռված են նրա օտարերկրյա ընկերները։ Եվրոպան՝ ի դեմս Ֆրանսիայի, ուրախ կլիներ վերադառնալ Հարավային Կովկաս, որտեղից նրան դուրս մղեց Թուրքիան։ Արդյունքում անցկացվում է Բրյուսելի գագաթնաժողովը»,- նշել է Միրզայանը։


Խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ փորձագետը նշել է հետևյալը.«Իլհամ Ալիևը փոխադարձություն է պահանջում: Նա ցանկանում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» նույն կարգավիճակն ունենա, ինչ Լաչինի միջանցքը: Սակայն խնդիրն այն է, որ Լաչինի միջանցքը կշարունակի գոյություն ունենալ ևս 4 տարի, որից հետո Ադրբեջանը բոլոր իրավունքներն ունի պահանջելու ռուսական խաղաղապահ ուժերի դուրսբերումը և օկուպացիայի կենթարկի Լեռնային Ղարաբաղի մնացած հատվածը, որից հետո Լաչինի միջանցքը կկորցնի իր նշանակությունը։ Իսկ «Զանգեզուրի միջանցքը» դրանից հետո էլ կշարունակի գոյություն ունենալ։ Հետևաբար, Ալիևի փոխադարձության պահանջները լիովին անտրամաբանական են»,-եզրափակել է Միրզայանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր