Միշելի` մեզ համար ոչ նպաստավոր կետերը.Պարզից էլ պարզ է, որ Արցախի հանձնումից հետո հերթն հասնելու է Սյունիքի օկուպացիային և «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագիրը կյանքի կոչելուն»
Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը գրում է.
«Մինչ դուք հետևում եք Հայաստանի համար այս պահին երկրորդական նշանակության իրադարձության` Թուրքիայի ընտրությունների, ՀՀ դե-ֆակտո թուրքամետ վարչապետը Բրյուսելում ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս:
Պայքարը պետք է չդադարել, որպեսզի էդ ճանաչումը առ ոչինչ լինի»։
Նա նաև ներկայացրել է «Հայկական ալիք»-ի կողմից առանձնացված ԵԽ նախագահ Շառլ Միշելի` եռակողմ հանդիպումից հետո տարածած հայտարարությունից՝ «մեզ համար, մեղմ ասած, ոչ նպաստավոր կետերը».
«1. «Ղեկավարները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 քկմ) և Ադրբեջանի (86,600 քկմ) տարածքային ամբողջականությանը։ Բանակցությունների ընթացքում կհամաձայնեցվի սահմանի վերջնական սահմանազատումը»։
‼️86.600 քկմ-ի մեջ մտնում է նաև Արցախը: Առավել հստակ ամրագրում այն փաստի, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները Արցախը հանձնում են թշնամուն, չի կարող լինել: Հանձնում են բացեիբաց, առանց ավելորդ բառախաղի:
2. «Կապի առումով կողմերը հստակ առաջընթաց են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում։ Այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ շատ մոտ են միմյանց, մասնավորապես՝ Նախիջևանի հետ և Նախիջևանի միջոցով երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հարցում։ Նրանց համապատասխան թիմերին հանձնարարվել է ավարտին հասցնել սկզբունքների շուրջ համաձայնության գալը՝ երկաթուղային հաղորդակցության բացման պայմանների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ` կոնկրետ ժամանակացույցի հետ միասին»:
‼️Նախիջևանի հետ և Նախիջևանի միջոցով Ադրբեջանը միայն մեկ տարբերակ է դիտարկում` «Զանգեզուրի միջանցք» կոչվածը: Դե ինչ, ժամանակագրական հերթականությունը միանգամայն պահպանված է հայտարարության կետերում: Պարզից էլ պարզ է, որ Արցախի հանձնումից հետո հերթն անմիջապես հասնելու է Սյունիքի օկուպացիային և «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագիրը կյանքի կոչելուն»։
Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում, որից հետո Միշելն ասուլիսում մի քանի հայտարարություններ է արել։