Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

12 մար 2022 14:50

Ադրբեջանական սադրա՞նք, թե՞ ՌԴ- պատժում է ՀՀ -ին.Իրենց տեսակով քցող են, հիմա չգիտեն՝ ում քցեն, արդյունքում ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ ռուսները պատժելու են սրանց,և ցավոք տուժելու է հայ ժողովուրդը

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․


Վերջին օրերին ավելացել է լարվածությունը Հայաստան-Ադրբեջան եւ հատկապես Արցախ-Ադրբեջան շփման գծերում։ Արցախի սահմանամերձ գյուղերն արդեն ականանետերի թիրախ են դարձել, Խրամորթ գյուղում ականանետով վիրավորել են իր տան բակում գյուղատնտեսական աշխատանք կատարող 50-ամյա Սուրեն Բաղրյանին։ Երասխում ունենք զոհ, մարտի 8-ից խափանվել է Արցախի գազամատակարարումը, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում պայթել կամ, ինչպես ասում են՝ պայթեցվել է Արցախ մտնող միակ գազատար խողովակը, եւ մինչեւ հիմա թույլ չեն տալիս ռուս խաղաղապահներին ու մեր ներկայացուցիչներին մոտենալ խողովակին, որ նորոգեն ու վերականգնեն գազամատակարարումը: 


 Արցախահայությունը փաստացի հումանիտար աղետի առաջ է կանգնած։ Ոմանք այս իրավիճակը պայմանավորում են ռուս-ուկրաինական հակամարտությամբ եւ պատերազմի ձգձգմամբ, կան հոռետեսական կանխատեսումներ՝ եթե այս իրավիճակը երկար պահպանվի, թուրք-ադրբեջանական տանդեմի գործողություններն ավելի սանձարձակ կդառնան։ Հայաստանյան արեւմտամետ շրջանակներն էլ կարծում են, որ իրականում այդ լարումը հովանավորվում է հենց Ռուսաստանի կողմից, ՌԴ իշխանությունները, այսպես ասած, պատժում են Նիկոլ Փաշինյանին՝ երկակի խաղերի, Արեւմուտքի հետ սիլիբիլի անելու, Ֆրանսիա այցի համար։


Ի դեպ, կառավարության մարտի 10-ի նիստում Նիկոլ Փաշինյանի խորհրդավոր անդրադարձը Ռուսաստան այցին կարծես թե հիմնավորում է այդ տեսակետը։ Փարիզից մեկ օր առաջ վերադարձած Փաշինյանը հատուկ շեշտել է, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի ապրիլին նախատեսվող Մոսկվա այցը լինի հարուստ եւ բովանդակալից։


Ուշագրավ է նաեւ, որ Արցախում գազի մատակարարման խափանումն առաջացնում է ոչ միայն բազմաթիվ հումանիտար խնդիրներ, այլեւ սովորական կենսապահովման հարցերի վրա է մեծապես ազդում։ Իսկ Հայաստանի վարչապետը, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, ասաց՝ եկեք գնահատականներ չտանք։ Մինչդեռ Արցախի խորհրդարանը նախօրեի երեկոյան խորհրդարանի հրատապ նիստում միաձայն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին եւ համապատասխան կառույցներին ուղղված հայտարարություն։


«Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին եւ նրա համապատասխան կառույցներին՝ համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածքը, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները։ Ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի՝ անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող եւ քաղաքակիրթ որոշումը»,- նշված է հայտարարության մեջ։ Առանձին պատգամավորներ էլ կոչով դիմեցին հայաստանյան իշխանություններին՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը։


Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, դաշնակցական Վահրամ Բալայանն ասում է՝ խորհրդարանը չդիմեց ՀՀ իշխանություններին, քանի որ նախապես գիտեր, որ մերժվելու էր։ «Եթե այս օրերին զերծ են մնում գնահատական տալուց, ի՞նչ ճանաչելու մասին է խոսքը»,- նկատեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակից ելքը Արցախի կարգավիճակի հստակեցումն է։ Իսկ ադրբեջանական սադրանքների հիմնական պատճառը, Բալայանի կարծիքով, ռուս-ուկրաինական պատերազմն է։ «Փորձում են ստուգել ռուս խաղաղապահների եւ մեր արձագանքը, զգոնությունը՝ սկզբում բարձրախոսով էին սպառնում, հորդորում արցախցիներին հեռանալ, հետո կրակեցին ինքնաձիգներով, այնուհետեւ ականանետեր կիրառեցին։ Երեւի ավելի շատ այդ հակամարտությամբ է պայմանավորված»,- ասաց Բալայանը։ Մեր դիտարկմանը, թե ինչն է խանգարում Արցախում տեղակայված խաղաղապահներին՝ սաստել սադրանքները, ի վերջո, նրանք հենց այդ առաքելությամբ են տեղակայված, ասաց․ «Երեւի․․․ չեմ կարող վստահ ասել, բայց միգուցե կոնֆլիկտային իրավիճակ չեն ուզում ստեղծել, միգուցե բանակցությունների ավելի փափուկ միջոցներով են փորձում հարցը լուծել»։


Բալայանի կարծիքով՝ Հայաստանի սուբյեկտայնությունն այս պահին «զրոյական մակարդակի» է, ուստի հենց այդ պատճառով էլ չի կարծում, թե ՀՀ իշխանությունները կարող են ինքնագլուխ ինչ-որ բաներ անել․ «Դրա համար եմ ասում, որ երկրորդ վարկածը, թե Ռուսաստանը պատժում է, չեմ կարծում, թե աշխատող է»։ 


Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի կարծիքով՝ վերջին օրերի լարվածության պատճառը մեկն է․ «Հայաստանում իշխանություն չկա, երկրորդ՝ գոյություն ունեցող խունտան լավ չի պատկերացնում, թե աշխարհաքաղաքական զարգացումներն ինչի կհանգեցնեն։ Մենք բազմիցս ասել ենք, զգուշացրել, որ նման բաներ են լինելու, իսկ նրանք ո՛չ լսում են, ո՛չ էլ հասկանում։ Չորրորդ՝ Արցախի քաղաքական ուժերն անիմաստ են դիմում ՀՀ իշխանություններին, որովհետեւ Հայաստանում իշխանություն չկա։ Ադրբեջանն օգտվում է ստեղծված իրավիճակից, լարում է մտցնում՝ շատ լավ հասկանալով, որ ստեղծված իրավիճակը նաեւ Ռուսաստանի հետ է բախման տանելու, բայց միեւնույն ժամանակ դրանով հող է նախապատրաստում, որ Ռուսաստանում, եթե իրավիճակը մի փոքր տատանվի, ցնցվի, շատ արագ անցնեն Արեւմուտքի կողմը»։ Զաքարյանի գնահատմամբ, ռուս-թուրքական տանդեմի խնդիրները չեն ավարտվել, դրանք շարունակվում են եւ այլ նկրտումներ ունեն․ «Արցախում ստեղծված խնդիրների, հատկապես՝ հումանիտար խնդիրների լուծումը պետք է տան հայաստանյան իշխանությունները, ինչը չեն կարողանում անել։ Որովհետեւ իրենց տեսակով քցող են, հիմա չգիտեն՝ ում քցեն, արդյունքում ե՛ւ Արեւմուտքը, ե՛ւ ռուսները պատժելու են սրանց, բայց, ցավոք, դրա արդյունքում տուժելու է ե՛ւ հայ ժողովուրդը, ե՛ւ Արցախում բնակվող մեր հայրենակիցները, ու դրա համար ենք ասում, որ սրանցից օր առաջ պետք է ազատվել ու նորմալ մարդկանց բերել իշխանության, որ երկիրը փրկեն։ Մարդիկ պետք է դուրս գան եւ պահանջեն սրանց հրաժարականը, կամ սրանք հնազանդ պետք է հեռանան, որովհետեւ պաշտոնի կռիվ չէ, հայ ժողովրդի գոյաբանական խնդիրն է դրված»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր