Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին          Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի մոտ լարվում է, հատուկ ջոկատայինները ցրում են հանրահավաքի մասնակիցներին    

18 մար 2022 09:58

Թշնամին ձեւը սովորեց․ Արցախում կան մտահոգություններ, որ գազի խնդիրը կկրկնվի․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը նախօրեին խոստացել է վերականգնել Արցախ մուտք գործող գազի խողովակը։ Հիշեցնենք, որ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետեւանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել էր գազամատակարարումը, եւ հույս կա, որ իրավիճակը կշտկվի մինչեւ շաբաթվա վերջ։ Մոտ տասն օր բնական գազից զրկված Արցախում, սակայն, լուրջ մտահոգություններ ունեն, որ հակառակորդը պարբերաբար կդիմի նման սադրանքների։ Ինչպես ասում են՝ ձեւը սովորեց։ Այլընտրանքային գազատար կառուցելու եւ նման իրավիճակներից խուսափելու մասին զրուցել ենք Արցախի ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանի հետ, որը նաեւ համակարգում է էկոնոմիկայի ոլորտը։


- Արցախը մարտի 8-ից կանգնած է հումանիտար ճգնաժամի առջեւ, շուրջ տասն օր 100 հազարից ավելի բնակչություն զրկված է բնական գազից, եւ չնայած խնդիրը խոստացել են կարգավորել, բայց չկա երաշխիք, որ այն չի կրկնվի։ Արցախի կառավարությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է այլընտրանքային գազատարի հարցով։


- Բնականաբար, կան նման մտահոգություններ, եւ պետք է ասեմ, որ քննարկվում են տարբերակներ, սակայն, հասկանալի պատճառներով, չենք բարձրաձայնի այդ մասին։ Այո, տարբերակներ քննարկում ենք։


- Ո՞ր հատվածում էր գազատարը վնասվել։


- Շուշիի ներքեւը, Լիսագորից Շուշի ընկած հատվածում։


- Հայտարարվեց, որ ադրբեջանական կողմը պայթեցրել է Արցախ մտնող գազատարը, սակայն երեկ Արցախի քաղաքական շրջանակներում ներքին քննարկումներ կային, թե չի բացառվում, որ չեն էլ պայթեցրել։ Նրանք հղում էին անում Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությանը, համաձայն որի՝ ՀՀ եւ ռուս խաղաղապահների բանակցությունների արդյունքում է խնդիրը լուծվել, եւ Արցախի կողմից մասնագետներ չեն մասնակցել գազատարի վերականգնման աշխատանքներին, ուստի չէին բացառում, որ ոչ մի պայթյուն էլ չի եղել, եւ ադրբեջանցիները պարզապես դադարեցրել են Արցախի գազամատակարարումը, ապա այդ սադրանքի միջոցով ինչ-որ բան ստացել։ Իսկ թե կոնկրետ ինչ՝ պարզ կդառնա առաջիկայում։


- Այո, մեր մասնագետները տեղում չեն եղել, չեն ուսումնասիրել, չեն մասնակցել այդ աշխատանքներին, եւ այս առումով, իսկապես, դժվար է բան ասելը, բայց այն, որ այդ գիշերը հարակից տարածքի բնակիչները պայթյունի ձայն են լսել, դա չենք կարող հերքել։ Ավելին չեմ կարող ասել։


- Այդ օրերին տեսանք նաեւ, որ Ստեփանակերտը պարբերաբար հոսանքազրկվում է, հոսանքի, ջրի մասով կոմունիկացիաներն է՞լ են խոցելի, ասենք՝ այդ կայանները կամ խողովակաշարերը նույնպե՞ս գտնվում են թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում։


- Ոչ, Հայաստանից Արցախ մտնող հոսանքի հոսքագիծն անցնում է Բերձորով, հասնում Ստեփանակերտ, իսկ էլեկտրաէներգիայի անջատումները եղել են կարճատեւ՝ պայմանավորված գազի բացակայությամբ, ծանրաբեռնվածության պատճառով։ Մարդիկ ավելի շատ հոսանք են օգտագործել, եւ խափանումները դրանով էին պայմանավորված։


- Այսինքն, այդ առումով խոցելի՞ չենք։


- Նորից եմ ասում՝ Բերձորով է գալիս, բայց այնտեղ նման խոշոր վթարներ, ինչպես գազատարի հարցով էր, չեն եղել։


- Իսկ, մյուս կողմից՝ Արցախը չունի՞ հակաքայլերի գործիքներ նման դեպքերում։ Քայլեր, որով կկարողանա խաթարել հայկական տարածքներն օկուպացրած ադրբեջանցիների բնականոն կյանքը։


- Ես դրանց մասին չէի ուզի բարձրաձայնել»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր