Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

23 ապր 2022 10:17

Փաշինյանն ու նրա նեղ թիմը տանում են իրար հակասող վտանգավոր գործընթացներ,«փրկելու» քողի ներքո կարող են վնասել Հայաստանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ։




- Մի քանի օր առաջ Մոսկվայում կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը, որտեղ  երկու երկրների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ` 30 կետից կազմված։ Ո՞ր կետերը կգործեն հօգուտ Հայաստանի եւ որո՞նք՝ ի վնաս։


- 30 կետանոց հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում է ռուսական կողմի շահերն ու դիրքորոշումները: Դրական կարելի է գնահատել միայն 24-րդ կետը, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ ԵԱՀԿ ՄԽ ներքո դրա դիվանագիտական-քաղաքական կարգավորման կարեւորության մասին: Ընդհանրապես, եթե հետեւենք Փաշինյանի վերջին այցերին, հանդիպումներին եւ դրանցից հետո հանրայնացվող հայտարարություններին, ապա հստակ կտեսնենք, որ ՀՀ պետական շահն արտացոլված չէ դրանցից եւ ոչ մեկում, լինի դա Բրյուսելում, թե Մոսկվայում: Ես տպավորություն ունեմ, որ Փաշինյանն իր իշխանությունը պահելու նպատակով «այո» է ասում աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների կողմից հնչող առաջարկներին, ընդ որում՝ դրանք հաճախ հակասում են միմյանց: Հատկապես Ռուսաստան-Արեւմուտք այս բարդ հարաբերությունների փուլում Փաշինյանի գործելաոճը միայն նորանոր խնդիրներ է ստեղծում Հայաստանի եւ Արցախի համար: Պետք է լինի գերակա պետական շահ, դրա հստակ գիտակցում, դրա հիման վրա տեսլականի ձեւավորում, եւ հանդիպումներն էլ պետք է հիմնված լինեն դրանց ծառայելուն: Օրինակ՝ Բրյուսելում Ալիեւի եւ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո հանրայնացված հայտարարության մեջ չկային ո՛չ «Լեռնային Ղարաբաղ», ո՛չ էլ «հակամարտություն» արտահայտությունները: Խնդիրն այն է, որ Փաշինյանի եւ նրա թիմակիցների մոտ չկա պետական շահի գիտակցում, նրանք մեզ առավոտից երեկո կքարոզեն, թե ինչ է ուզում, այսպես կոչված, «միջազգային հանրությունը», կխոսեն Ադրբեջանի ակնկալիքների մասին, մինչդեռ իրենց գործը հայկական շահը ներկայացնելն է, իսկ դա իսպառ բացակայում է: Ուստի խնդիրը Մոսկվայում կամ Բրյուսելում չէ, խնդիրը Երեւանում է եւ այստեղ իշխող ուժի որդեգրած հակապետական ծրագրերի մեջ է:




- Հայաստանյան տարբեր ուժեր ակտիվացել են Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններից հետո` քննադատում են, վերլուծում են, զգուշացնում են։ Կլսի՞, կարձագանքի՞ դրանց վարչապետը, թե՞ լուռ իր գործը կշարունակի։


- Մի վտանգավոր միտում եւս կա․ տարբեր ուժային կենտրոններին խոստումներ տալով՝ Փաշինյանը փորձելու է հետո խուսանավել։ Դա եւս խնդրահարույց է: Օրինակ՝ ես տպավորություն ունեմ, որ Արմեն Գրիգորյանի միջոցով հստակ գործընթաց է գնում ԵՄ-ի միջնորդությամբ Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ: Պատահական չէ, որ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցից անմիջապես հետո Լեհաստան է գործուղվում Արմեն Գրիգորյանը: Երեւանում էլ հանդիպում է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Վերջինս օրեր առաջ Բաքվում էր: Նա է «խաղաղության պայմանագրի» գլխավոր կնքահայրերից ու գործընթացն ուղղորդողներից մեկը: Իսկ այդ պայմանագիր կոչվածը մեզ համար կապիտուլյացիա է նշանակում եւ Արցախից հրաժարում, ուստի չի բխում մեր շահերից: Ասածս այն է, որ Փաշինյանն ու նրա նեղ թիմը տանում են իրար հակասող վտանգավոր գործընթացներ, որոնք շատ մեծ վնաս կարող են բերել Հայաստանին՝ ընդհուպ մինչեւ մեծացնելով էսկալացիայի հնարավորությունը: Այս պահի դրությամբ Մոսկվան եւս զգուշավոր բառամթերքով է խոսում «խաղաղության պայմանագրի» մասին՝ փորձելով այդ գործընթացի վերահսկողությունը պահել իր ձեռքում: Պարզ է՝ հիմքում իրենց շահն է, մեծագույն հարցը մնում է, թե որտեղ է եւ ինչու չկա մեր շահն արտացոլված որեւէ տեղ:


- Ադրբեջանում անդրադարձե՞լ են արդյոք Մոսկվա-Հայաստան հանդիպմանը։ Ինչպիսի՞ արձագանք է տվել պաշտոնական Բաքուն այս հանդիպման 30 կետանոց հայտարարությանը։


- Ադրբեջանում մեծ անդրադարձ չի արվել Փաշինյան-Պուտին հանդիպմանը, քանի որ իրենց նպատակն է՝ ԵՄ միջնորդությամբ արագորեն հասնել «խաղաղության պայմանագրի» ստորագրմանն ու հետո դուրս բերել ռուսական կողմին տարածաշրջանից: Ադրբեջանը հստակ դրել է այդ նպատակը, իսկ պաշտոնական Երեւանն իր գործողություններով նպաստում է դրա իրագործմանը՝ Արցախից հրաժարումը ներկայացնելով որպես Հայաստանը փրկելու միջոց, ինչը կատարյալ անհեթեթություն է: Դա միայն ավելի կբացի Բաքվի ախորժակը, թող Ալիեւի ելույթներին հետեւեն, թեեւ շատ թեզեր իրենք մեր Ազգային ժողովի ամբիոնից են կրկնում արդեն: Ժամանակին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլը, անդրադառնալով այն ուժերին, որոնք կարծում էին, որ ֆաշիստական Գերմանիայի հետ հնարավոր է խաղաղություն հաստատել, նշել է՝ «խաղաղասերներն այն մարդիկ են, որոնք կոկորդիլոսին կերակրում են ուրիշ մարդկանցով՝ հույս ունենալով, որ իրենց վերջում կուտի»: Նույն իրավիճակը մենք ունենք այսօր, կա ղեկավար եւ թիմ, որը «փրկելու» քողի ներքո իսկապես վտանգի տակ է դնում հայկական պետականության գոյությունը»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր