Այս հավաքների շրջանակներում օգոստոսի 1-ին զորակոչված տղաները հերթապահում են արդեն 55 օր.հայրենիքի պաշտպանությունը նույնացրել են պատժի հետ

Առաջին հերթափոխը կատարվել է միայն 28-օրյա հերթապահությունից հետո․ սեպտեմբերի 9-ին նրանց փոխարինել են ժամկետային զինծառայողներ, սակայն սեպտեմբերի 13-14-ին իրավիճակի սրացման ժամանակ նրանց կրկին բարձրացրել են դիրքեր, ինչը հասկանալի է։ Սակայն դրանից հետո նրանք հերթապահում են առանց դադարի, իսկ նոր հերթափոխը կկատարվի միայն հերթապահության 67-րդ օրը։ Դա նոնսենս է, եթե հաշվի առնենք, որ բոլոր մոբիլիզացվածները սովորական տղաներ են՝ հիմնականում 40-45 տարեկանից բարձր։ Կոնկրետ ուղղություններ ու դիրքեր չենք նշում՝ հասկանալի պատճառներով։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժամանակին Անդրանիկ Քոչարյանը սպառնում էր «պատժել» ընդդիմության հանրահավաքներին մասնակցող քաղաքացիներին եռամսյա ուսումնամարզական հավաքով և ուղարկել նրանց առաջին գիծ՝ ակնհայտ է դառնում, որ իշխանություններն իսկապես որոշել են հայրենիքին ծառայելը դարձնել պատժատեսակ։ Չնայած տղաների պատրաստակամությանը՝ կանգնելու իրենց դիրքերում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մարտական առաջադրանքները կատարելու համար, դիրքերում հերթապահողներին չփոխարինելու փաստը լուրջ կասկածների տեղիք է տալիս կատարվածի դիտավորության վերաբերյալ։
Նաև հաշվի առնելով, որ հակառակորդը դիրքերում հերթափոխում է իր զորքերը 10 օրը մեկ՝ մեր զինվորների հոգնածությունն ու առանց հերթափոխի մնալը կարող է ունենալ ողբերգական հետևանքներ։
Պաշտպանության նախարարության թեժ գծին տղաների հարազատների բազմաթիվ դիմումները չեն կարողացել շտկել իրավիճակը, ուստի կոչ ենք անում կոմպետենտ կառույցներին կարգավորել ստեղծված իրավիճակը՝ անդառնալի հետևանքներից խուսափելու համար։