Հանրապետական ծննդատանը 21-ամյա ծննդկան է մահացել․կրկին բժիշկների մեղքով,պնդում են հարազատները
Հանրապետական ծննդատանը 21-ամյա ծննդկան է մահացել․ հարազատները մեղադրում են բժիշկներին
Factor.am-ը գրում է․ Նոյեմբերի 28-ին «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ ՓԲԸ-ում» (Հանրապետական ծննդատուն) 21-ամյա ծննդկան է մահացել։ Այս մասին Factor.am-ին հայտնեց տուժող կողմի փաստաբան Արթուր Պիվազյանը։
Փաստաբանի խոսքով՝ 21-ամյա Ծ․Ն․-ն նոյեմբերի 25-ին ընդունվել է Հանրապետական ծննդատուն, որտեղ ծննդաբերությունից հետո շուրջ երկու օր մնացել ու անընդհատ բողոքել է առողջական վիճակից՝ որովայնի, ոտքերի ցավից։
Ըստ փաստաբանի՝ նոյեմբերի 27-ին բժիշկ գինեկոլոգ Նարեկ Շահբազյանը խորհուրդ էր տվել նյարդաբան հրավիրել, որպեսզի հասկանան, թե կնոջ ոտքերն ինչի՞ հետևանքով են ցավում։ Շուտով նրան անգամ ցավազրկողները չեն օգնել, ու մի շարք հետազատություններից հետո, գիշերը, ժամը 02:00-03:00-ի սահմաններում ծննդկանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։
«Ըստ իմ վստահորդի՝ ( մահացած ծննդկանի ամուսնու-հեղ ) աղջկան բուժող գինեկոլոգ բժիշկն իրեն ասել է, որ ամեն ինչ նորմալ է, այն արդյունքներով, որոնք հետազատություններն են ցույց տալիս, պետք է, որ նման ցավեր չլինեին, այս պահին իրավիճակը նորմալ է։
Բժիշկը հարազատներին հորդորել է գնալ տուն, առավոտյան վերադառնալ»,- ասաց Արթուր Պիվազյանը։
Նոյեմբերի 28-ի առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում աղջկա հարազատները եկել են հիվանդանոց ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բժիշկը նրանց տեղեկացրել է, որ աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, որ նրանց բացակայության ընթացքում աղջկա մոտ սրտի կանգ է արձանագրվել, որը վերականգնվել է, սակայն այժմ կրկին կյանքի համար են պայքարում, աղջկան արհեստական շնչառություն է միացված։
Մոտ մեկ-մեկուկես ժամ անց նորից ինտենսիվ թերապիայի բաժնի բժիշկը դուրս է եկել ու հարազատներին հայտնել, որ 21-ամյա ծննդկանը մահացել է։ Փաստաբանի խոսքով՝ հարազատներին հայտնել են, որ ըստ նախնական տեղեկությունների՝ աղջկա մոտ արյան վարակում է արձանագրվել։ Փաստաբանի խոսքով՝ հարազատներն իրեն փոխանցել են, որ աղջիկը որևէ հիվանդություն չի ունեցել։
«Արմենիա» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Նարինե Մովսեսյանը մեզ հեզ զրույցում ասաց, որ աղջկա մոտ ծննդաբերական խնդիր առկա չի եղել։
«Հաստատ ծննդաբերական խնդիր չէ, հետազոտության արդյունքները դեռևս պարզ չեն, երբ պատրաստ լինեն, տեղյակ կպահենք»,- ասաց Նարիե Մովսեսյանը՝ ևս մեկ անգամ կրկնելով, որ աղջկա մոտ խնդիրը միանշանակ ծննդաբերական չի եղել և պնդելով, որ աղջկա գանգատներից հետո նրան հետազոտել են լավագույն մասնագետները։