Ադրբեջանի իշխանություններն ուկրաինացի լրագրողների համար շրջայց են կազմակերպել գրավյալ հայկական շրջանի օդանավակայանում

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ շրջայցին մասնակցել են ուկրաինական «1+1» եւ «5-րդ ալիք» հեռուստաալիքների, UNIAN լրատվական գործակալության, «Украина сейчас» եւ «Третья сила» ինտերնետ-պարբերականների աշխատակիցները:
«Մեր աչքերով տեսանք օկուպացիայի 27 տարիների ընթացքում Ֆիզուլի քաղաքում հայերի կողմից իրականացված վայրագությունների, վանդալիզմի վկայությունները։ Լրագրողներին մանրամասն տեղեկատվություն է տրամադրվել այն մասին, որ օկուպացիայի շրջանում հայկական ահաբեկչության հետեւանքով Ֆիզուլիի շրջանի 105 հազար բնակիչներ զոհվել են, ավերվել են հասարակական շենքեր, տներ, գործարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ»,-ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից ներկայացվում են սարսափազդու, բայց իրականությունից շատ հեռու «տվյալներ»։
Դատելով հաղորդագրությունը պատկերող լուսանկարներից՝ Ուկրաինայից ժամանած հյուրերին եթե ինչ-որ բան մանրամասն ներկայացվել է, ապա դա բացառապես օդանավակայանն է։ Նույն լուսանկարից կարելի է դատել, որ ներկայացված «տեղեկատվությունն» այնքան էլ չի հետաքրքրում լրագրողներին, որոնք ակնհայտորեն մտահոգված են իրենց հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններով ։