Արդյո՞ք Ադրբեջանի հավաքականը կմասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Ադրբեջանի հավաքականի մասնակցության հարցում հստակություն դեռ չկա։ Կմասնակցի Ադրբեջանը երևանյան մրցաշարին, թե ոչ, պարզ կդառնա մարտի 16-ին։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասացին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
«Նախապես մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք ապահովել յուրաքանչյուր երկրի մարզիկների անվտանգությունը, որոնք պատրաստ են Երևանում մասնակցել կայանալիք առաջնությանը»,-ասաց Հարությունյանը:
«Մասնակցության հայտի վերջնաժամկետ սահմանված է մարտի 16-ը` մինչև աշխատանքային օրվա ավարտը: Մենք կապահովենք մասնակիցների անվտանգությունը»,- իր հերթին ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի ԵԱ-ն վարկանիշային է Փարիզի 2024 թվականի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին: Տոմսերը մոտավոր կարժենան 1000-10.000 դրամ: