Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

14 օգոս 2023 10:00

2016-ից մինչ օրս ադրբեջանցիները նվազագույնը 96 անգամ թռել են իսրայելական ավիաբազա՝ պայթուցիկների «առաքման կետ». Hetq.am

Իսրայելական «Haaretz» օրաթերթն այս տարվա մարտին հրապարակել էր մի հետաքննություն, ըստ որի՝ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռները 2016 թվականից մինչեւ 2023 թ. մարտ առնվազն 92 անգամ վայրէջք են կատարել Իսրայելի «Օվդա» ավիաբազայում: Ադրբեջանական ինքնաթիռների վայրէջքներն այստեղ ուշագրավ են նրանով, որ «Օվդան», «Haaretz»-ի փոխանցմամբ, Իսրայելում միակ աերոդրոմն է, որի միջոցով օդային ճանապարհով պայթուցիկներ են ներմուծվում այդ երկիր կամ այնտեղից արտահանվում:

«Հետք»-ն իր հերթին ուսումնասիրել է «Haaretz»-ի հրապարակումից հետո կայացած նույնատիպ չվերթերը եւ պարզել, որ ապրիլ-հունիս ամիսներին տեղի է ունեցել եւս 4 թռիչք դեպի «Օվդա»:

Ելնելով աերոդրոմի բացառիկությունից՝ կարելի է ասել, որ այն ռազմավարական նշանակություն ունի զարգացած ռազմարդյունաբերություն ունեցող Իսրայելի եւ այս ոլորտում նրա գործընկեր երկրների համար: «Haaretz»-ը նշում է, որ պայթուցիկների տեղափոխումը Իսրայելի գլխավոր՝ Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանի միջոցով արգելված է, քանի որ այն գտնվում է խիտ բնակեցված գոտում: Փոխարենը պետք է նկատել, որ «Օվդան» երկրի հարավային անապատային հատվածում է՝ Էյլաթ քաղաքից մոտ 45 կմ հյուսիս: 1980 թ. կառուցված «Օվդան» նախկինում ոչ միայն ռազմական ավիացիային էր ծառայում, այլեւ ընդունում էր քաղաքացիական չվերթեր՝ սպասարկելով Էյլաթ քաղաքն ու հարակից բնակավայրերը: Սակայն 2019 թվականից այն միայն ռազմական աերոդրոմ է՝ ավիաբազա:

Ըստ «Haaretz»-ի՝ տարիներ շարունակ միայն մի քանի արեւելաեվրոպական ավիափոխադրողներ են իրավունք ստացել օգտվել «Օվդայից»՝ տեղափոխելով պայթուցիկներ: Դրանցից մեկն ադրբեջանական «Silk Way Airlines» բեռնափոխադրող ավիաընկերությունն է, որն, ինչպես ասվեց վերեւում, 2016-ից մինչ օրս «Օվդայում» կատարել է առնվազն 96 վայրէջք:

«Haaretz»-ը հրապարակել է նաեւ Իսրայելի քաղավիացիոն իշխանության ղեկավարի 2013 թ. հոկտեմբերին տված այն թույլտվությունը, որը «Silk Way Airlines»-ին իրավունք է տալիս «Օվդայից» տեղափոխել «պայթուցիկ սուբստանցիա, որը դասակարգված է իբրեւ վտանգավոր եւ արգելված է տեղափոխել օդով»: Ինչպես տեղեկանում ենք փաստաթղթից, այն նախատեսված է եղել 2013 թ. նոյեմբերի 5-ին «Օվդայից» դեպի ադրբեջանական «Նասոսնայա» ավիաբազա (գտնվում է Սումգայիթի հարեւանությամբ) թռիչքի համար: Տեղափոխվող պայթուցիկ նյութի մաքուր առավելագույն քաշը, ըստ թույլտվության, սահմանվել է 15 տոննա:    

«Silk Way Airlines»-ը հիմնադրվել է 2001 թ.: Թռիչքներում օգտագործվող դրա միջազգային կոդերն են՝ ZP (IATA) եւ AZQ (ICAO), ազդականչը՝ «SILK LINE», սակայն «Haaretz»-ը նշում է, որ դեպի «Օվդա» թռիչքների ժամանակ երբեմն կիրառվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ազդականչը: Սա նշանակում է, որ այդ թռիչքները կատարվել են հենց բանակի անունից:

«Haaretz»-ը նաեւ գրել է, որ 2016 թ. «Silk Way Airlines»-ին թույլատրվել է շարունակել վայրէջքները «Օվդայում», չնայած դրա ինքնաթիռները չեն համապատասխանում Իսրայելի ավիացիոն աղմուկի ստանդարտներին: Նկատենք, որ այս բեռնափոխադրողը ներկայում շահագործում է ռուսական «Իլ-76ՏԴ» (3 հատ, արտադրված են 1990-ականներին) եւ «Իլ-76ՏԴ-90» (2 հատ, արտադրված են 2007 եւ 2008 թթ.) ինքնաթիռներ, որոնցից առաջին տեսակի բեռնատարողությունը 50 տ է, իսկ երկրորդինը՝ 60 տ: Բացի դրանից՝ 2 հատ «Իլ-76ՏԴ-90»-ները մոդեռնիզացված են հենց ադրբեջանական կողմի պատվերով ու համապատասխանում են ICAO-ի ավիացիոն աղմուկի ներկա ստանդարտներին, որոնք առավել խիստ են, քան նախկինում եղել են:

Իսրայելական պարբերականը հրապարակել է «Silk Way Airlines»-ի կողմից դեպի «Օվդա» թռիչքների քանակական տվյալները՝ ըստ 2016-2023 թթ. կիսամյակների: Ինֆոգրաֆիկան ցույց է տալիս, որ թռիչքները դեպի «Օվդա» հաճախակիացել են այն ժամանակ, երբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախում կամ Հայաստան-Ադրբեջան սահմանին:
Վիճակագրությունը ներկայացված է մինչեւ 2023 թ. մարտ ամիսը ներառյալ
Մեկնաբանելով այս տվյալները՝ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանն ասում է, թե գաղտնիք չէ, որ Իսրայելն Ադրբեջանին մեծ քանակի զենք-զինամթերք է մատարակարում, իսկ այս վիճակագրությունը հավելյալ ցույց է տալիս, որ պատերազմի ժամանակ այդ երկիրը պատրաստ է ավելի շատ աջակցել Ադրբեջանին: «Պարզ է, որ Իսրայելի կողմից զենքի վաճառքը բիզնես է, բայց դա նաեւ դաշնակցի պահվածք է,- նշում է Ներսիսյանը,- Ադրբեջանի կողմից վճարվող գումարները բավականին մեծ են, բայց Իսրայելը հարուստ պետություն է ու, եթե շատ ուզի, կարող է առանց այդ գումարների էլ ապրել: Կարծում եմ, որ այստեղ մենակ բիզնեսը չէ, այլ նաեւ քաղաքական նախապատվություններ կան»:
«Հետքի» մեկ այլ աղբյուր պատմում է, որ ամիսներ առաջ ՀՀ-ում Իսրայելի դեսպանի հետ (դեսպանի նստավայրը Երուսաղեմում է) կայացած մի փակ հանդիպման ժամանակ վերջինս այն միտքն է արտահայտել, թե իր երկիրը Հայաստանի հետ չի համագործակցի անվտանգային ոլորտում, փոխարենը կարելի է սերտացնել տնտեսական կապերը: Ըստ աղբյուրի՝ տրամաբանությունը հետեւյալն է. եթե դու միլիարդավոր դոլարներ արժեցող սպառազինություն ես վաճառում մի երկրի, ապա արդյոք կհամաձայնես զենք վաճառել նաեւ նրա թշնամի երկրին, որն ունի շատ ավելի փոքր ֆինանսական հնարավորություններ, այսինքն՝ առաջինից ավելի խոշոր հաճախորդ չէ: Դրանով դու, ըստ էության, հարվածի տակ կդնես քո խոշոր գնորդի հետ համագործակցությունը:

Իսրայելական թերթը հիշեցրել է իր երկրին ու ադրբեջանական ավիաընկերությանն առնչվող նախկին սկանդալը
«Haaretz»-ը չի մոռացել չեխ լրագրողների սկանդալային բացահայտումը 2018 թ., որի առանցքային դերակատարներից մեկը «Silk Way Airlines»-ն էր:

Հայաստանի դեսպանը քննադատում է Սլովակիային Ադրբեջանին զենք մատակարարելու համար. «Oգնել եք մեզ սպառնացող պետությանը»
Հիշեցնենք, որ Սլովակիայի «MSM» ընկերությունը, որը պատկանում է չեխ ազդեցիկ զինագործ Յարոսլավ Ստրնադի «Czechoslovak Group»-ին, ըստ լրագրողական հետաքննության, արտահանել էր 122 մմ «RM-70» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ 152 մմ «Dana» ինքնագնաց հաուբիցներ, որոնք օգտագործված են եղել: Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունն այս զենքերն Իսրայել արտահանելու թույլտվություն էր տվել «MSM»-ին, սակայն վերջնարդյունքում դրանք հայտնվել էին Ադրբեջանում: Ըստ «MSM»-ի՝ զինտեխնիկան նախատեսված է եղել իսրայելական «Elbit Systems» ընկերության համար, որն իր հերթին, հիշեցնենք, Ադրբեջանի ռազմական մատակարարներից է: Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI), որն զբաղվում է զենքի առեւտրի ուսումնասիրությամբ, նշել է, որ «RM-70» ՀԿՌ համակարգերը հենց Իսրայելում են վերանորոգվել-թարմացվել, «Dana» հաուբիցները եւս Ադրբեջան են հասել վերանորոգված վիճակում: Ըստ այդմ՝ երկուսն էլ Ադրբեջանը ստացել է 2017 թ.: Առաջ անցնելով՝ հիշեցնենք, որ երկու զինատեսակներն էլ կիրառվել են 44-օրյա պատերազմում:

Չեխիայում եւ Սլովիակայում ՀՀ այն ժամանակվա դեսպան Տիգրան Սեյրանյանը քննադատել էր Սլովակիայի իշխանությունների վարքագիծն ու համոզմունք հայտնել, որ նույն «Czechoslovak Group»-ը շատ լավ գիտեր, թե իրականում ուր են գնում ռեակտիվ համակարգերն ու հաուբիցները:

Բրատիսլավայի օդանավակայանից ռազմական բեռը դեպի Իսրայել, ապա Ադրբեջան տեղափոխողը եղել է հենց «Silk Way Airlines»-ը: «Կան հստակ ապացույցներ, որ ադրբեջանական ավիաընկերության բոլոր թռիչքները Բրատիսլավայից մեկնում են իսրայելական Օվդա կամ Թել Ավիվ քաղաքներ, իսկ այնուհետեւ՝ Ադրբեջանի մայրաքաղաք»,- սլովակական մամուլին հայտնել էր դեսպան Սեյրանյանը:
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI) 2021-ին հրապարակված իր ուսումնասիրության մեջ նշել էր, որ 2011-2020 թթ. կտրվածքով Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը եղել է Ռուսաստանը, որին այդ ընթացքում բաժին է հասել Բաքվի գնումների 60,1 %-ը (խոսքը ծախսված դրամական միջոցների մասին է, ոչ թե զենքի քանակի): Ինստիտուտը, մեջբերելով Ալիեւի հայտարարությունը, գրել էր, որ 2018-ի դրությամբ Ադրբեջանը Ռուսաստանից հասցրել էր ընդհանուր 5 մլրդ դոլարի զենք գնել: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ «SIPRI»-ն նշել էր, որ ՌԴ-ի տնտեսական շահը, թերեւս, կարեւոր մոտիվ է Ադրբեջանին զենք վաճառելու հարցում: Ինչ վերաբերում է Բաքվի մյուս մատակարարներին, ապա 2011-2020 թթ. նրա խոշոր «առաքիչներից» են եղել Իսրայելը (26,6 %), Բելառուսը (7,1 %) եւ Թուրքիան (2,9 %), իսկ այլ երկրների կողմից Ադրբեջանին վաճառած զենքի դրամական ընդհանուր ծավալը եղել է 3,3 %:

«SIPRI»-ն, սակայն, նկատել է, որ 2016-2020 թթ. կտրվածքով Իսրայելն է դարձել Ադրբեջանի գլխավոր ռազմական դոնորը. այդ ընթացքում իսրայելական զենքի համար ծախսված գումարը կազմել է Ալիեւի ռեժիմի ռազմական ներկրումների 69 %-ը: Հետազոտական ինստիտուտը գրել էր, որ չնայած բաց աղբյուրներում բավականաչափ ինֆորմացիա կա Ադրբեջանի կողմից իսրայելական կոնկրետ զինատեսակների ձեռքբերման մասին, իրականում քիչ բան է հայտնի փաստացի առաքված զենքի քանակի մասին: Այդուհանդերձ, հայտնի է, որ Իսրայելը հիմնականում վաճառում է բարաժող ռազմամթերք (նույն «կամիկաձե» դրոններն են), հետախուզական ԱԹՍ-ներ, կառավարվող եւ բալիստիկ հրթիռներ, որոնք կիրառվել են թե՛ 2020 թ. պատերազմում, թե՛ դրանից առաջ տեղի ունեցած սահմանային բախումներում («SIPRI»-ն առաջին հերթին նկատի է ունեցել 2016 թ. քառօրյա պատերազմն ու 2020 թ. ամռանը Տավուշում տեղի ունեցած բախումները):

Ադրբեջանի ձեռք բերած իսրայելական որոշ զինատեսակներ
Հիմնվելով «SIPRI»-ի վիճակագրության վրա՝ «Հետքը» նախկինում մի քանի անգամ գրել է Ադրբեջանի ռազմական գնումների մասին: Հղումները՝ ստորեւ:

Ինչպես է Իսրայելը զինում Ադրբեջանին
Ինչով է զինվում Ադրբեջանը վերջին տարիներին
Ովքե՞ր են եղել Հայաստանի ու Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարները 2011-2020 թթ.
Շվեդական ինստիտուտի 2021 թ. գնահատականով՝ եթե 2016-2020 թթ. Ադրբեջանի ռազմական գնումների 69 %-ը եղել է իսրայելական, ապա նույն ընթացքում Իսրայելի ռազմական արտահանումների 17 %-ն է բաժին հասել Ադրբեջանին, ինչը խոսում է իսրայելական ռազմարդյունաբերության համար Ադրբեջանի աճող դերի մասին: 2016-ին Ալիեւը հայտարարել էր, որ իր երկիրը 5 մլրդ դոլար է ծախսել Իսրայելից ռազմատեխնիկա գնելու վրա:

Ըստ «SIPRI»-ի վիճակագրության՝ Ադրբեջանն Իսրայելին առաջին ռազմական պատվերները տվել է 2005-ին. խոսքը «Lynx» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ու դրանց կողմից արձակվող եւ մինչեւ 150 կմ հեռահարություն ունեցող «EXTRA» հրթիռների մասին է: Հետազոտական ինստիտուտի տվյալներով՝ 2006-ին «Lynx»-երն Ադրբեջան են առաքվել՝ դառնալով, թերեւս, իսրայելական առաջին ռազմական ձեռքբերումները Բաքվի համար: Իսկ ահա իսրայելական ԱԹՍ-ների առաջին պատվերը տրվել է 2007-ին, առաջին առաքումն էլ արվել է 2008-ին (խոսքը «Aerostar» հետախուզական դրոնների մասին է):

«SIPRI»-ն նկատել էր, որ մի քանի ենթադրություններ կան այն բանի վերաբերյալ, թե որն է Ադրբեջանին զենք մատակարարելու շարժիչ ուժը Իսրայելի համար՝ տնտեսական շա՞հը, ադրբեջանական նավթից այդ երկրի կախու՞մը, թե՞ Իրան-Իսրայել հարաբերությունները: Ինչպես տեսնում ենք, բոլորն էլ էական դեր խաղացող բաղադրիչներ են Իսրայել-Ադրբեջան համագործակցության մեջ:

Բայց այդ համագործակցությունը վերջին տարիներին նոր գույներ է ստացել՝ դուրս գալով նավթի ու զենքի «ավանդական» շրջանակներից: «Haaretz»-ը գրում է, որ ժամանակակից սպառազինության հետ մեկտեղ իսրայելական ընկերություններն Ադրբեջանին վաճառում են նաեւ լրտեսական տեխնոլոգիաներ, ինչպիսին են «NSO Group»-ի «Pegasus» լրտեսական ծրագիրն ու «Verint» ընկերության մոնիտորինգային համակարգերը (վերջինս ամերիկյան ձեռնարկություն է, բայց մասնաճյուղ ունի Իսրայելում): «Haaretz»-ի փոխանցմամբ՝ այս տեխնոլոգիաներն Ադրբեջանը կիրառել է լրագրողների, իրավապաշտպանների, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ: «Pegasus»-ը կիրառվել է նաեւ հայ հասարակական գործիչների դեմ, ու չնայած ամբողջապես հստակ չէ, թե ով է եղել կիրառողը, հիմքեր կան ենթադրելու, որ լրտեսման դեպքերը կարող են կապված լինեն ԼՂ հակամարտության հետ, այսինքն՝ Ադրբեջանի ներգրավվածությունը վարկածներից մեկն է:

Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների մասին «Haaretz»-ը մեջբերել է «WikiLeaks»-ի արտահոսած փաստաթղթերից մի հեռագիր, որի հեղինակը Բաքվում ԱՄՆ դեսպանության քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Ռոբ Գարվերիկն էր (Rob Garverick): Վերջինս դեռ 2009-ին գրել էր. «Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ զուսպ են, բայց սերտ: Երկրներից յուրաքանչյուրն իրեն հեշտորեն նույնականացնում է մյուսի աշխարհաքաղաքական խնդիրների հետ, եւ երկուսն էլ Իրանին համարում են գոյաբանական սպառնալիք: Իսրայելի՝ համաշխարհային մակարդակի ռազմարդյունաբերությունն իր հաճախորդների նկատմամբ ոչ պահանջկոտ վերաբերմունքով իդեալական ձեւով համընկնում է Ադրբեջանի պաշտպանական կարիքներին, որոնք զգալիորեն մնում են չբավարարված ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Ռուսաստանի կողմից տարբեր պատճառներով՝ կապված Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ հարաբերությունները, որոնք Ադրբեջանի նախագահ Ալիեւը դիպուկ ձեւով բնութագրել է որպես այսբերգ, որի 9/10-րդը մնում է մակերեւույթի տակ, նշանավորվում են նաեւ Իսրայելի կողմից այն բանի պրագմատիկ ճանաչմամբ, որ Ադրբեջանին քաղաքականապես անհրաժեշտ է հանրայնորեն եւ միջազգային ֆորումներում հավատարիմ մնալ Իսլամական համագործակցության կազմակերպության ընդհանուր գծին»:       

Անդրադառնալով ներկա միտումներին՝ ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը նկատում է, որ Ադրբեջանի համար Իսրայելի դերը մեծանում է, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ներկայում Ռուսաստանը, կարելի է ասել, զենքի մատակարար չէ, հետեւաբար Բաքուն պետք է գնումներ կատարի հատկապես Իսրայելից ու Թուրքիայից: Միաժամանակ շեշտում է, որ Թուրքիայի ռազմարդյունաբերությունն իր տեսականիով ու որակով սահմանափակ է իսրայելականի համեմատ: Ըստ փորձագետի՝ Իսրայելը շարունակելու է զբաղեցնել Ադրբեջանի ռազմական ներկրումների մեծ մասը, քանի որ ավելի շատ, հետաքրքիր ու որակով արտադրանք է թողարկում, քան Թուրքիան:

Հավելենք, որ «Silk Way Airlines»-ի անունը լայն շրջանակներին հայտնի դարձավ հատկապես 2017 թ. Բուլղարիայում հրապարակված մի լրագրողական հետաքննությունից հետո, ըստ որի՝ ադրբեջանական ընկերությունը իր երկրի դիվանագիտական չվերթերի անվան տակ զենք-զինամթերք է տեղափոխել տարբեր պատերազմական գոտիներ՝ ծառայություններ մատուցելով պատվիրատուներին: «Հետքն» իր հերթին 2020 թ. անդրադարձել է 44-օրյա պատերազմի օրերին, մասնավորապես, «Silk Way Airlines»-ի ու նրա «դուստր» «Silk Way West Airlines»-ի թռիչքներին դեպի Իսրայել («Բեն Գուրիոն» եւ «Օվդա» օդանավակայաններ) ու Թուրքիա (նաեւ այլ երկրներ), որոնք Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարներն էին պատերազմում: Այդ թռիչքներով ադրբեջանցիներն, ըստ ամենայնի, տեղափոխել են զենք-զինամթերք, ինչը չի հերքել նաեւ պաշտոնական Բաքուն (տես այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ եւ այստեղ): 

Որո՞նք են Իսրայել-Ադրբեջան համագործակցության շարժիչ ուժերը
«Haaretz»-ը նկատում է, որ Ադրբեջանն արդեն երկու տասնամյակ Իսրայելի ռազմավարական գործընկերն է: Եթե Իսրայելը միլիարդավոր դոլարների զենք-զինամթերք է վաճառում Ադրբեջանին, ապա վերջինս նրան մատակարարում է նավթ եւ մուտք է ապահովում Իրանի ուղղությամբ:

Հղում անելով օտարերկրյա մամուլի հրապարակումներին՝ իսրայելական պարբերականը գրում է, որ Ադրբեջանը թույլատրել է իսրայելական հետախուզությանը՝ «Մոսադին», առաջապահ մասնաճյուղ հիմնել իր տարածքում, որը մոնիտորինգ է անում Իրանում առկա իրավիճակը, ինչպես նաեւ Իսրայելին աջակցելու համար (եթե հարկ լինի գրոհել Իրանի միջուկային օբյեկտները) աերոդրոմ է կառուցել: Մեր կողմից հիշեցնենք, որ 2021-ի հոկտեմբերին Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները բացել են Իրանի սահմանից 30 կմ-ի վրա գտնվող Ֆիզուլու նոր օդանավակայանը, իսկ 2022-ի հոկտեմբերին՝ Զանգելանի օդանավակայանը, որն ընդամենը 4 կմ է հեռու Իրանից: 2024-ին էլ նախատեսվում է Լաչինի օդանավակայանի բացումը, որն այս երկուսից ավելի հեռու է իրանական սահմանից: «Haaretz»-ը նշում է նաեւ, որ երկու տարի առաջ հրապարակված հաղորդագրություններում ասվում էր, թե «Մոսադի» գործակալները Իրանի միջուկային ծրագրի արխիվը գողացել ու Իսրայել են տեղափոխել՝ օգտագործելով Ադրբեջանի տարածքը:

Բացի դրանից՝ պարբերականը գրում է, որ որոշ գնահատականների համաձայն՝ Իսրայելի ներկրած նավթի գրեթե կեսը գալիս է Ադրբեջանից:

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ Ադրբեջանին զինելիս Իսրայելը երբեք չի ասում, թե դա ուղղված է նաեւ Իրանի դեմ, բայց վերջինիս գործոնը կարեւոր է, քանի որ «Մոսադն» ամենաքիչը հետախուզական նպատակներով օգտագործում է Ադրբեջանի տարածքը: Փորձագետը միաժամանակ նկատում է, որ պաշտոնական Թեհրանի հայտարարություններն Ադրբեջանում Իսրայելի ազդեցության եւ ներկայության մասին երբեմն շատ ծայրահեղական են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր