Ադրբեջանը նախագիծ է մշակում՝ ԼՂ-ում հայերի էթնիկ զտում իրականացնելու,Լաչինի միջանցքը 9 ամսվա ընթացքում առաջին անգամ բացվեց հենց դրա համար

«Դրանից հետո Ադրեջանը բացեց Լաչինի միջանցքը, բայց մի նպատակով, որ 100 հազարից ավելի փախչող մարդկանց դուրս թողնի այնտեղից։ Հազարամյակներ շարունակ ԼՂ բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են եղել, իսկ այսօր ԼՂ-ում գրեթե չկան հայազգի մարդիկ։ Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ՝ ինչն է էնթնիկ զտում։ Այսօր, վստահ եմ, ադրբեջանցի գործընկերս կասի, որ հավատարիմ է հայազգի անձանց հետ հաշտեցման ու «խաղաղ ապագայի» նպատակներին, սակայն այդ բառերը ձեզ ծանոթ կթվան, քանի որ նույնն Ադրբեջանն ասաց ինն ամիս առաջ, ապա սովամահության ենթարկեց ԼՂ բնակչությանը, վերջում էլ հարձակվեց այդ մարդկանց վրա՝ ստիպելով լքել իրենց տները»,- արձանագրեց Կիրակոսյանը։
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը նաև կխոսի այն մասին, թե թույլ է տալու ԼՂ բնակիչներին վերադառնալ իրենց տներ, բայց այդպիսի հայտարարություն դեռ երկու տարի առաջ՝ հոկտեմբերին ևս արվել է, սակայն ԼՂ հայազգի որևէ բնակչի թույլ չի տրվել վերադառնալ իր տուն։
«2020 թվականի սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտում իրականացնելու քաղաքականություն է վարել։ Այդ իրականությունն այսօր արդեն պարզ է բոլորին։ Ադրբեջանի պատասխանատվությունը կորոշվի այս գործի քննության փուլում։ Դուք կարող եք տեղում փոխել իրավիճակն ու կանխել էթնիկ հայերի տեղահանման անշրջելի դառնալը։ Երաշխավորել հայերի հազարամյակների մշակութային ներկայության պահպանումը ԼՂ-ում և կանխել դրա ջնջումը, ինչն արդեն արվել է Նախիջևանում և Ադրբեջանի մի շարք վայրերում»,- դիմելով ներկաներին հայտարարեց Կիրակոսյանը։
Նա նաև անդրադարձավ Արցախից առևանգված և Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայերին՝ պնդելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Կիրակոսյանը նաև հորդորեց պաշտպանել ԼՂ առևանգված քաղաքական առաջնորդներին Ադրբեջանի շինծու քրեական մեղադրանքներից։