Խաշի սեզոնը Հայաստանում.Նախկինում խաշն ուտում էին միայն ձեռքերով, գլուխը ծածկած,այժմ՝ գդալով

Խաշը համարվում է տղամարդու ուտեստ, դրա հետ համաձայն է սու-խոհարար Գևորգ Սահակյանը։ Պապն է նրան խոհարարություն սովորեցրել։ Նա պատմել է, որ խաշ եփելու գործընթացը բոլորի համար չէ, չնայած բաղադրիչները պարզ են՝ ջուր, տավարի ոտքեր և ծնկներ որպես ժելատինի և կոլագենի աղբյուր:
«Մաքրելուց հետո երեք օր տավարի ոտքերը դնում ենք հոսող ջրի տակ, որ ամբողջ արյունը դուրս գա։ Այնուհետև կտրտում կտորների և եփում, եփի ընթացքում ջուր ենք ավելացնում»,- կիսվել է Գևորգ Սահակյանը։
Ավանդաբար խաշը եփում են խարույկի վրա։ Եփում են գիշերը, իսկ առավոտյան ուտում: Բայց որքան երկար եփվի՝ այնքան համեղ է ստացվում: Ապուրը մատուցվում է թթու վարունգով, բողկով, պանիրով և կանաչիով։ Պատրաստի խաշին ավելացնում են աղ, սխտոր և անպայման փշրած լավաշ հաց։
«Հին ժամանակ խաշն ուտում էին գլուխը ծածկած, սրբիչով կամ նույնիսկ լավաշով, իսկ հիմա ժամանակները փոխվել են, և ոչ ոք այլևս այդպես չի անում»,- պատմել են թղթակցին։ Սրբիչն օգնել է, որ խաշը տաք մնա: Եղել են նաև այլ ավանդույթներ: Նախկինում խաշն ուտում էին միայն ձեռքերով, այժմ գդալով։ Անցյալում է մնացել նաև այն կարծրատիպը, որ այդ ապուրը սնունդ է աղքատների համար։ Լավ եփած խաշը շատ օգտակար է։ Այն նույնիսկ բժիշկներն են նշանակում ոսկորներն ամրացնելու համար։
«Մեր պապիկները նոյեմբերից մարտ են խաշ կերել, և մենք շարունակում ենք այդ ավանդույթը։ Ընկերներով ցուրտ եղանակին հավաքվում ենք ճաշակելու խաշ»,- պատմել է Ծաղկաձորի բնակիչ Լյուդվիգ Մարգարյանը։ Խաշը նաև մարդկանց փրկում է խումհարից, ուստի այդ ապուրը հատկապես շատ է օգտագործվում ամանորյա տոներին։