Մեկնարկեց Ավագ շաբաթը՝ Ավագ երկուշաբթի «Անիծված թզենու» հիշատակության օրն է

Բարի գործերով զարդարենք մեր կյանքը. շաբաթը սկսվում է այս խորհրդով:
Ավագ Երկուշաբթի Սուրբ Գիրքը մեզ հիշեցնում է, թե ինչպես Թզենու վրա պտուղ չգտնելով, Տերը անիծեց այն և ծառը չորացավ:
Պատահական չէ թզենու ընտրությունը:
Պատվիրանազանցության համար Դրախտից արտաքսված Ադամն ու Եվան թզենո՛ւ տերևներով ծածկեցին իրենց մերկությունը: Մեղքը
հոգու մերկացման է տանում և այն ոչնչով Աստծուց քողարկել հնարավոր չէ: Հավատն առանց գործերի մեռած է, ինչպես ծառը՝ առանց պտղի:
Ավագ երկուշաբթի առավոտյան ժամերգության ընթացքում ընթերցվում է Անիծված թզենու պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձի ճանապարհին տեսնելով մի թզենի, որի վրա պտուղ չկար, անիծելով չորացնում է այն:
Ըստ մեկնության, ծառի պտուղը խորհրդանշում է մարդկային բարի գործերն ու առաքինությունները, որոնցից զուրկ մարդը պատժվելու է այդ թզենու օրինակով, որովհետև ինչպես Հակոբոս առաքյալն է ասում՝ «Հավատքն առանց գործերի մեռած է»: