Դեռեւս նոր վավերագրեր են ծնվում Հայոց ցեղասպանության մասին

Ցեղասպանությունից 110 տարի անց էլ բոլորովին նոր վավերագրեր են ծնվում` Հայոց ցեղասպանությունը ականատեսի աչքերով նկարագրելով եւ ներկայացնելով: Մեկը տողերիս հեղինակի ջանքերով եւ մասնակցությամբ ծնվեց մի քանի ամիս առաջ, եւ ես կարող եմ մի փոքր հանգիստ լինել, քանի որ իմ բաժին պարտքը ցեղասպանված մեր պապերի ու տատերի հանդեպ, այդպիսով, կարող եմ գոնե իմ մասով մասամբ հատուցած համարել: Բոլոր նրանց, որոնք հանուն քաղաքական նպատակահարմարության, աշխարհաքաղաքական վախերի փորձում են վերատեսության ենթարկել Հայոց ցեղասպանության պատճառահետեւանքային կառույցը, առաջարկում եմ Սասնո Սեմալ գյուղում 1900 թվականին ծնված, Հայոց ցեղասպանության նախապատրաստման շրջանից սկսած դեպքերը, սարսափելի կոտորածները, իր փախուստն ու դեգերումները, հայ ժողովրդի տառապանքները, ընդվզումի ու փրկության պատմությունները նկարագրած ականատեսի` Փեթարա Մանուկի համհարզ Սահակ Գալոյանի (Քեռու) «Հայի ճակատագիր» հուշագրությունը, որը կարելի է Հայոց ցեղասպանության մասին նորահայտ վավերագիր համարել:
Սահակ Գալոյանի բազմամարդ գերդաստանից Հայոց ցեղասպանությունից փրկվել է միայն ինքը, անցել դժոխային տառապանքներով, հետագայում նաեւ սիբիրյան աքսորներով, մահացել 1980 թվականին: Նրա ձեռագիր հուշերը երկար պահել են նրա ժառանգները եւ հրատարակել միայն մի քանի ամիս առաջ: Այս փաստագրական հուշագրությունը շահեկանորեն տարբերվում է ուրիշներից նրանով, որ անաչառ, առանց խմբային պատկանելության ազդեցության հայացք է կատարվողին, ականատեսի պատմություն հայերիս գլխով անցածին` հեղինակի մանկությունից, ցեղասպանության արհավիրքների նկարագրությունից սկսած` մինչեւ ավելի ուշ շրջան:Դա ընտանեկան վավերագիր է, Սահակ Գալոյանի ժառանգների խնդրանքով ես դրանք կարգի բերեցի` մեծ չարչարանքով, քանի որ բազմաթիվ ճշգրտումների կարիք կար: Իսկ արդեն խմբագրելիս հասկացա, որ իմ ձեռքում է հայտնվել շատ կարեւոր փաստաթուղթ, որն ունի տեղեկություններն առաջին ձեռքով, չմիջնորդավորված ներկայացնելու արժեք նախ, ապա եւ բազմաթիվ ազգային գործիչների, այդ թվում` Նժդեհի, Անդրանիկի, Մանուկի եւ այլոց մասին, հայերիս գլխով անցած ողբերգական իրադարձությունների շատ մանրամասների վերաբերյալ գուցեեւ անհայտ վկայություններ:
Այսինքն` գիրքը ոչ միայն տվյալ գերդաստանի համար է արժեքավոր, այլեւ որպես Ցեղասպանության նորահայտ վավերագիր` բոլորիս, հայ հանրության համար Հայաստանում եւ Սփյուռքում: Ցավոք Գալոյանի գրքի տպագրությունը ֆինանսավորած ժառանգները դա չկարեւորեցին, նրանք ողջ տպաքանակը որպես ընտանեկան նշանակության մասունք տարան արտերկիր, ու տպագրությունից մի քանի ամիս անց ես օրինակներ չունեմ այս կարեւոր վավերագիրը հասցնելու պետական, հանրային կառույցներին Հայաստանում եւ Սփյուռքում: Շատ կուզեի, որ գտնվեին մարդիկ, որոնք գնահատելով Հայոց ցեղասպանության վավերագրերի տրցակը եւս մեկով հարստացնելու կարեւորությունը հատկապես հիմա, նպաստեին գրքի նոր խմբաքանակի տպագրությանը` այդպես իրենց նպաստը բերելով մոռացության եւ ուրացման դեմ հայ հանրության ջանքին, եւ վավերագիր-գիրքն ի վերջո հասներ ուսումնասիրողներին եւ հանրային շրջանակներին:
Ցեղասպանության այս նորահայտ վավերագիրն արդեն գոյություն ունի: Սակայն համացանցում առիթից առիթ այս մասին պատմելով` պատկան կառույցներից միայն անտարբերություն եմ տեսնում: Հայոց ցեղասպանության ուրացման անթույլատրելիությունից խոսող հանրային շրջանակներ, տասնյակ կառույցներ կան, որոնց ասում եմ` արժեքավոր նոր վավերագիր է ստեղծվել, տեր եղեք:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ