Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ»

Եթե դա մեկ կամ երկու դեպք լիներ, միգուցե կարելի էր համարել պատահականություն: Բայց խոսքը կոնկրետ «գծի» ու հետևողական դրսևորման մասին է: Վերցնում են Փաշինյանի լուսանկարը, «կցում» են որևէ ընդդիմադիր գործչի նկար, ու նույնիսկ կարևոր էլ չի, թե ինչ տեքստ է գրված: Հաշվարկը թերևս այն է, որ վիզուալ առումով կարող է տվյալ ընդդիմադիր գործիչն ասոցացվել Փաշինյանի հետ: Ու որպեսզի վրիպում չլինի, հրապարակման ներքո «ֆեյք» կամ ոչ ֆեյք օգտատերերի միջոցով ծավալում են մեկնաբանությունների «շքերթ», որոնց առանցքային շեշտադրումը Փաշինյանի նկարի հետ պատկերված հակափաշինյանական գործչին մրոտելն է՝ առնվազն «բոլորն էլ նույնն են» մեկնաբանություններ կորզելով: Ու միայն լուսանկարներով կամ վիզուալ առումով չի այդ հնարքը դրսևորվում:
Ընդհանրապես, հրապարակ են նետվում տարբեր «գործիքներ»՝ նշյալ թեզը տարածելու կամ պարզապես ինչ-որ կերպ օրվա իշխանություններին ու ընդդիմադիր տարբեր գործիչներին մեկ հարթակի վրա դնելու համար:
Ի՞նչ են հուշում դիտարկված այդ դրսևորումները: Դրանք հուշում են, որ Փաշինյանն ու նրա քարոզչաքաղաքական սատելիտները բոլորից լավ են գիտակցում, թե իշխանությունն ինչ աստիճանի է վարկաբեկված: Նրանք հասկանում են, որ ցանկացած մեկին վարկաբեկելու ուղիղ ճանապարհը այդ գործչին որևէ կերպ Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի հետ մի հարթակի վրա դնելն է, առավել ևս՝ լուսանկարներն իրար հետ դնելն ու «բոլորն էլ նույնն են» անհեթեթությունը տարածելը: Եվ ահա, Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց վարկաբեկվածությունը փորձում են օգտագործել կամ հենց օգտագործում են որպես հակաքարոզչական «գործիք»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 27․ 05․ 25 թ համարում։