Ալեն Սիմոնյանը բյուջեի հաշվին կոսմետիկա և երիտասարդացնող քսուքներ է ձեռք բերել․ «Ժողովուրդ»
.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է փաստաթուղթ, ըստ որի՝ Ազգային ժողովը «Նաիրիան» ՓԲԸ-ից երկկողմանի հաստատված փաստաթղթերով գնել է՝
1. դեզոդորանտ նարդոսի եթերայուղով
2. հակատարիքային ձգող քսուք
3. հակատարիքային քսուք աչքի համար
4. տոնավորող հեղուկ մաշկի բոլոր տեսակների համար
5. տուփ՝ սպիտակ ծաղիկներով
Այս գնումների համար Ազգային ժողովը պետբյուջեի միջոցներից վճարել է 66.750 ՀՀ դրամ: Գումարը, անշուշտ, մեծ չէ, բայց անհասկանալի է, թե Ազգային ժողովի որ կարիքի համար է ձեռք բերվել հակատարիքային ձգող քսուք, ով է այն օգտագործում, կամ ում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հակատարիքային քսուքը նվիրել:
Սա արդեն անգամ զավեշտալի չէ:
ԱԺ նախագահի մամուլի խոսնակը պարզաբանեց, որ այդ գնումն իրականացվել է եւ որպես նվեր փոխանցվել է պաշտոնական հանդիպումներից մեկի ժամանակ, նշելով, որ դիվանագիտական էթիկայից ելնելով՝ չի կարող ասել, թե կոնկրետ որ պաշտոնատար անձին է այն նվիրվել:
«Ձեր կողմից հիշատակված գնումը, այո, իրականացվել է։ Եվ, ինչպես ընդունված է դիվանագիտական արարողակարգում, բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումների ժամանակ փոխանակվում են նվերներով, ու այստեղ որեւէ արտառոց բան չկա։ Հակառակը՝ պետք է ուշադրություն դարձնենք, որ այն հայկական արտադրության է, ու այս ճանապարհով նաեւ նպաստում ենք հայկական արտադրության բրենդների ճանաչելիության բարձրացմանը։ Տարբեր առիթներով նմանատիպ հայկական արտադրության տարբեր նվերներ ենք տալիս: Օրինակ՝ հայկական չրեր, խմիչքներ, շարֆեր. սա էլ դրանցից հերթականն է ու արտառոց ոչինչ չկա»,–նշել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարը։
Ալեն Սիմոնյանը պետականը սեփական միջոցների հետ է խառնել եւ չի տալիս հաշվետվություն, թե ինչ է արել հակատարիքային քսուքները եւ ինչու է դրանք գնել պետբյուջեի միջոցներից, սակայն նա եռանդով քննադատում է նախկին կոռումպացված համակարգը՝ չխուսափելով անձամբ դառնալ կասկածելի գնումների եւ կոռուպցիոն գործարքների օբյեկտ. ասվածի վկայությունը հրապարակված փաստաթղթերն են»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 05․ 06․ 25 թ համարում։