Հայաստանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ «ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգի» վերաբերյալ փաստաթուղթը չի հետաձգի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա ընդգծել է, որ աշխատանքները Ադրբեջանի հետ շարունակվում են բոլոր ուղղություններով, և երկու կողմերի մոտ առկա է դրական տրամադրվածություն։Սիմոնյանի խոսքով՝ այն մտահոգությունները, որոնք հնչում են հայկական կողմում, որոշ ձևակերպումներով առկա են նաև Ադրբեջանում։ Այդ պատճառով, նրա համոզմամբ, անհրաժեշտ է շարունակել քննարկումները՝ փոխադարձ մտահոգությունները փարատելու և վստահության վերականգնման ճանապարհ անցնելու համար։ «Վստահության վերականգնումը հեշտ գործընթաց չէ, բայց այն իրագործելի է»,– նշել է նա։
Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին՝ ԱԺ նախագահը ընդգծել է, որ դրանց մասին խոսելը «անշնորհակալ գործ է»։ Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է եղել պայմանագրի ստորագրմանը շատ վաղուց և այժմ ևս պատրաստ է, իսկ այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են։
Ալեն Սիմոնյանը նաև հայտարարել է, որ ներկայումս կոնֆլիկտի պայմաններ կամ նախադրյալներ չկան։ Նրա գնահատմամբ՝ հարցերը, որոնք առաջանում են պետությունների միջև, բնական են, և Հայաստանը պատրաստ է դրանք քննարկել իր հարևանների հետ՝ համատեղ ձևաչափով։
ԱԺ նախագահը նշել է, որ շփումների համար օգտագործվում են բոլոր միջազգային հարթակները, և ադրբեջանական կողմը նույնպես դրական է տրամադրված այդ շփումների նկատմամբ։ Նրա խոսքով՝ առաջիկայում, Ստամբուլում կայանալիք Միջխորհրդարանական միության (IPU) համաժողովի ընթացքում, հնարավոր են նոր հանդիպումներ Ադրբեջանի Ազգային ժողովի նախագահի հետ։ Սիմոնյանի խոսքով՝ նախատեսվում է շարունակել քննարկումները նաև ավելի ընդլայնված ձևաչափով՝ նույնիսկ միջազգային հարթակներից դուրս, երկկողմ հիմքի վրա։
Հիշեցնենք, որ նախօրեին Բաքուն շատ կտրուկ էր արձագանքել դիտարկվող փաստաթղթին։ Մասնավորապես՝ Բաքվից հայտարարել էին, թե ««ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգ» վերնագրով փաստաթուղթը, որը ստորագրվել է Եվրոպական Միության և Հայաստանի միջև գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո 2025 թ. դեկտեմբերի 2-ին Բրյուսելում, լուրջ մտահոգություններ է առաջացնում մի շարք հարցերի առաջնահերթությունների շարքում այն հարցերի ներառումը, որոնք խեղաթյուրում են հետկոնֆլիկտային շրջանի իրականությունը և ընդհանուր առմամբ հակասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին»։
Բաքվին անհանգստություն է առաջացրել այն նաև հանգամանքը, որ փաստաթղթի ներածական մասում և մի քանի այլ բաժիններում օգտագործվել է «Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված ղարաբաղցի հայեր» արտահայտությունը, ինչն ըստ երկրի ԱԳՆ-ի՝ «Ադրբեջանի նկատմամբ կողմնակալության հստակ դրսևորում է»։
