Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

25 մայիս 2018 19:11

Արագաչափերի նպատակը եղել է փող գռփելը

Հանրության շրջանում քննարկվող «թոփ» թեմաներից մեկը ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար կուտակված տույժ-տուգանքների ներումն է: Հանրության մի մասը շատ ուրախ է դրա համար, մյուսը խիստ քննադատում է: Եվ ուրեմն, ճի՞շտ որոշում է սա, թե ոչ:
Միանգամից նկատենք, որ ցանկացած այսպիսի համաներում իր մեջ անարդարության բաղադրիչ ունի: Ստացվում է, որ եթե մարդը պարտաճանաչ է եւ խախտում կատարելուց հետո անմիջապես վճարում է տուգանքը, ապա, պատկերավոր ասած, տուժում է: Իսկ անպարտաճանաչը, որը չի վճարում տուգանքը, շահում է: Սա բոլոր համաներումներին բնորոշ իրավիճակ է: Նույնիսկ ազատազրկվածների դեպքում համաներումը նմանատիպ անարդարության տարր ունի: Ասենք, մարդը 5 տարի առաջ գողության համար դատապարտվել է 6 տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատվում է մեկ տարի շուտ, իսկ մեկ ուրիշը, եթե նույն հանցագործության համար ազատազրկված է եղել նույն՝ 6 տարով, սակայն մեկ տարի առաջ, ապա նա ազատության մեջ է հայտնվում մեկ տարի բանտում անցկացնելուց հետո: Ստացվում է որ նույն հանցագործության համար մեկը նստեց 5 տարի, մյուսը՝ 1 տարի: Արդա՞ր է: Իհարկե ոչ, սակայն համաներումը ողջունում են թե՛ մեկը, թե՛ մյուսը:
Ինչ վերաբերում է կոնկրետ երթեւեկության կանոնների համար սահմանված տուգանքների ներմանը, ապա սա ունի բազմաթիվ շերտեր եւ միանշանակ դրական կամ բացասական վերաբերվել սրան հնարավոր չէ:
Նախ սկսենք նրանից, որ Հայաստանում երթեւեկության կանոնների համար սահմանված տուգանքների համակարգի նպատակը ի սկզբանե եղել է ոչ թե անվտանգության ապահովումը, այլ հնարավորինս շատ փող գռփելը: Հայաստանում մեկ տարվա ընթացքում տեսանկարահանող սարքերով եւ արագաչափերով հայտնաբերված խախտումներից գանձվել է ավելի քան 10 միլիարդ դրամ, որը ՀՀ պետական բյուջեի մոտ 1 տոկոսն է: Սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից է: Եվրոպական երկրներում այդ ցուցանիշը մոտ 15 անգամ ավելի փոքր է: Ու որպես հետեւանք՝ տուգանքների այդպիսի համակարգը ամենեւին չի նպաստել երթեւեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը: Այսպես. ամենաթարմ վիճակագրական տվյալներով այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներին զոհ է գնացել 74 մարդ: 2009-ին, երբ չկային արագաչափեր ու տեսանկարահանող սարքեր, առաջին եռամսյակում զոհվել է 65 մարդ, 2011-ին՝ 45 եւ այլն:
Երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների համակարգը Հայաստանում, կարելի է ասել, աբսուրդի ժանրից է: Երեւի չեք մոռացել, որ 5000 դրամանոց տուգանքը չվճարելու համար սառեցվում էին քաղաքացիների բանկային հաշիվները, որոնց վրա կար, ասենք, 1 միլիոն դրամ: Ու դա տեւեց մի քանի տարի: Սահմանված առավելագույն արագությունը 1 կմ ժամով գերազանցած վարորդը տուգանվում էր 10 հազար դրամով, 20 կմ ժամով գերազանցածը նույնպես տուգանվում էր 10 հազար դրամով: Չեք մոռացել, չէ՞: Ու այդ տուգանքներից հավաքված գումարի մի մասն էր միայն գնում պետբյուջե: Մյուս մասը գնում էր բոլորիս հայտնի անձանց գրպանը: Ու ստացվում էր, որ տուգանքները պարտաճանաչ վճարող ու դրա դեմ չընդվզող քաղաքացիներս նպաստում էինք, որ այդ վիճակը հարատեւի: Մինչդեռ եթե ժամանակին բոլորս միասին անհնազանդություն դրսեւորեինք ու չվճարեինք տուգանքները, այդ իրավիճակը շատ արագ կշտկվեր:
Ասել, որ հիմա իրավիճակը շտկվել է, բնականաբար՝ չի կարելի: ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը երեկ հայտարարեց, որ կներվի ընդհանուր առմամբ մոտ 13.7 միլիարդ դրամի տուգանք: Իսկ մի շարք կանոնների խախտումներ անող վարորդներ այսուհետ էլ չեն տուգանվի՝ կենթարկվեն միայն «բանավոր նախազգուշացման»: Պետք է հուսալ, որ սա ընդամենը ժամանակավոր լուծում է, քանի որ այսպիսի մոտեցումը նույնպես չի նպաստելու երթեւեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը: Տուգանքների այս համակարգը պետք է բարեփոխվի հիմնովին եւ արմատապես: Օրինակ, խախտումների վտանգավորության աստիճանը պետք է համապատասխանի տուգանքի չափին: Ներկայումս տեխզննման կտրոնը մեկ օրով ուշացնելը առաջացնում է 20 հազար դրամի տուգանք, չնայած դա ոչ մի, բացարձակապես ոչ մի կապ չունի երթեւեկության անվտանգության հետ: Կարմիր լույսի տակով անցնելը, որը ուղղակի սպառնալիք է մարդկանց կյանքի համար, նույնպես 20 հազար դրամի տուգանք է ենթադրում: Սա, իհարկե, աբսուրդ է: Կամ. Երեւան-Էջմիածին մայրուղու հիմնական մասում սահմանված առավելագույն թույլատրելի արագությունը 70 կմ ժամ է, ճիշտ այնքան, որքան, ասենք, Երեւանի Մաշտոց պողոտայում: Բա սա աբսո՞ւրդ չէ: Օրական 5 անգամ արագությունը գերազանցող վարորդը յուրաքանչյուր խախտման համար վճարում է նույնքան, որքան տարին մեկ անգամ խախտող վարորդը: Սա էլ է աբսուրդ: Ու այս աբսուրդների շարանը կարելի է շարունակել շատ երկար:    
Ի՞նչ լուծումներ կարող են լինել: Օրինակ, եթե վարորդը 3 ամսվա ընթացքում մի անգամ մի երկու-երեք կմ ժամով գերազանցել է արագությունը, ապա նրան կարելի է ոչ թե տուգանել, այլ գրավոր նախազգուշացում ուղարկել: Եթե երկրորդ անգամ է գերազանցել, ապա կարելի է տուգանել, ասենք, 2 հազար դրամով, երրորդ անգամ՝ ասենք 5 հազար դրամով եւ այլն: Բայց եթե նա ամեն օր է խախտում, ապա նա ճանապարհային խուլիգան է: Նրան կարելի է տուգանել մի քանի հարյուր հազար դրամով ու դեռ մի բան էլ մեկ տարով զրկել մեքենա վարելու իրավունքից: 
Տուգանքների համակարգում այսպիսի փոփոխություններ կատարելուց հետո պետք է վերացնել բոլոր ծուղակները, որոնք լարված են միայն նրա համար, որ վարորդները ստիպված խախտում կատարեն եւ տուգանք վճարեն:
Իսկ դրանից հետ պետք է անցնել ավելի խորը ու ավելի մասշտաբային բարեփոխումների: Օրինակ, Երեւանում չի կարող երթեւեկությունը լինել անվտանգ ու արդյունավետ այսպիսի ծանրաբեռնվածության պայմաններում: Առանց ստորգետնյա կամ բազմահարկ ավտոկայանատեղիների, առանց քաղաքաշինական նորմերի պահպանման, առանց հասարակական տրանսպորտի աշխատանքի ժամանակակից լուծումների, առանց լուսացույցների աշխատանքի սինխրոնիզացման եւ ավտոմատ կառավարման համակարգի ներդրման, էական առաջընթաց այս ոլորտում ակնկալել հնարավոր չէ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր