Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

16 նոյ 2018 11:56

Փաշինյանն ու ճաղավանդակները. արտառոց իրավիճակ արտահերթից առաջ

Փաշինյանն ու ճաղավանդակները. արտառոց իրավիճակ արտահերթից առաջ Ակնառու է, որ խորհրդարանում ուժերի նոր հարաբերակցության հնարավոր հիմնական սխեմաների շարքը գործնականում բացառում է գաղափարական-հայեցակարգային ուժեղ բաժանարար գծերի առկայությունը, այն պատճառով, որ հավակնորդ ուժերի գերակշռող մեծամասնությունը նախ ֆավորիտ ուժի հանդեպ իր դիրքավորումով ամենևին էլ կոշտ հակադրության մեջ չէ, և բացի դրանից՝ նրանք միմյանց հանդեպ դիրքավորումներով, ըստ էության, գտնվում են միևնույն դիապազոնում: Բացառություն կարող են լինել «Սասնա ծռերը»՝ իրենց մոտեցումների կոշտությամբ, ինչպես նաև ՀՀԿ-ն՝ Հայաստանի ծանր վիճակի համար իր պատասխանատվության ծանր բեռով: Նոր խորհրդարանը չի լինելու նաև, այսպես ասած, ավանդական մետությունների բաժանման տեղը, ու նաև ժամանակը դրանը չէ: Ըստ այդմ, մեծ հավանականությամբ, նոր խորհրդարանի քարտեզը արտահայտելու է ավելի շուտ հանրային համակրանքի, քան գաղափարական-քաղաքական հայացքների և շերտավորման պատկերը: Իսկ այդ համակրանքը ձևավորվելու է մի դեպքում, իհարկե, թավշյա հեղափոխությամբ և դրա արդյունքով, մյուս դեպքում՝ արդեն հանրության հետ մնացյալ ուժերի աշխատանքի արդյունավետությամբ:

Սրանից դուրս, սակայն, կա նաև մեկ այլ հարց, թե քաղաքական ինչպիսի կոնֆիգուրացիա կնախընտրի նոր իշխանությունը: Նիկոլ Փաշինյանի համար խորհրդարանում իր, թերևս, անկասկած, ճնշող մեծամասնությամբ հանդերձ, ինչպիսի՞ ուժերի հարևանություն կարող է լինել առավել նախընտրելի: Այս դեպքում, երևի թե, միարժեք է պատասխանը ՀՀԿ-ի մասով: Ինչպես օրերս նաև հայտարարել են իշխող ուժի մի շարք ներկայացուցիչներ, ՀՀԿ-ն կարող է լինել իդեալական ընդդիմություն: Իդեալական այն իմաստով, որ ոչնչով չի կարող վտանգ ներկայացնել նոր իշխանության համար: Իհարկե, մյուս կողմից ծիծաղելի է խոսել նոր իշխանության համար վտանգ ներկայացնող ընդդիմության ընդհանրապես հնարավորության մասին: Մյուս կողմից՝ անշուշտ, իր արմատականությամբ ոչ կոմֆորտ կարող է լինել «Սասնա ծռերը», թեև իշխանության լեգիտիմությունը պահելու պարագայում այդ ուժի արմատականությունը կաշխատի ավելի շատ իր, քան իշխանության դիրքերի դեմ:
Բավական հարմարավետ կարող է լինել ԲՀԿ «ընդդիմադիր հարևանությունը»: Միայն այն, որ այդ ուժը ակնհայտորեն ասոցացվում է նախորդ իշխող համակարգի հետ, արդեն իսկ բավարար է՝ անհրաժեշտության դեպքում այդ «ցավոտ կետի վրա սեղմելու» համար: «Լուսավոր Հայաստան»-ի պարագայում կա երկու հանգամանք՝ Նիկոլ Փաշինյան-Էդմոն Մարուքյան հայտնի լարվածությունը, որ եղավ 2016-ի աշնանը և որը, անկասկած, թողել է իր նստվածքը, անգամ «Ելք»-ով հանգուցալուծված թվալուց հետո: Մյուս հանգամանքն այն է, որ թավշյա հեղափոխության ծրագրում «Ելք»-ի մյուս երկու գործընկերները չեն աջակցել Փաշինյանին ու թեև դա չի վերաճել առերևույթ կոնֆլիկտի, սակայն դարձյալ մեծ է նստվածքի հավանականությունը: Եվ այդ հանգամանքը առկա է, փաստորեն, նաև «Մենք» դաշինքի պարագայում, որտեղ է Արամ Սարգսյանը:
Զուտ քաղաքական տրամաբանության իմաստով՝ երկու այդ ուժերը որևէ անհարմարություն Նիկոլ Փաշինյանի համար չեն պարունակում: Այս շարքը իհարկե կարելի է թվարկել, թե Փաշինյանի համար՝ որպես իշխանություն, ի՞նչ դասավորություն ու հարևանություն է նախընտրելի, կամ ոչ շահեկան, մերժելի: Սակայն այս ամենում, թերևս, հարկավոր է անդրադառնալ ամենագլխավոր հարցին, կամ արձանագրել առանցքային խնդիրը: Իսկ ինչպե՞ս է Փաշինյանը նպաստելու կամ խանգարելու այս կամ այն դասավորությանը: Իհարկե, կան զուտ քաղաքական թեմատիկ գործիքներ, բայց մյուս կողմից, այստեղ ամենևին միարժեք չէ դրանց էֆեկտի հարցը և քանի որ դաշտը բավականին բազմազան է, այդ առումով բավական բարդ կլինի Նիկոլ Փաշինյանի համար հաշվարկել, թե ինչպես է հնարավոր կիրառել առավել նախընտրելի հարևանության «թեմատիկ» գործիքակազմը այնպես, որ իրականում չստացվի այլ էֆեկտ, հակառակ էֆեկտ կամ հարակից անցանկալի էֆեկտ: Իսկ ոչ քաղաքական, այսպես ասած՝ իշխանական գործիքակազմի կիրառումը բոլորովին այլ խնդիր է, և այստեղ, իհարկե, Նիկոլ Փաշինյանի համար էֆեկտը՝ որևէ դեպքում, շատ ավելի քիչ է լինելու, քան վնասը, եթե նա գնա այդպիսի քայլի: Եվ նա, անկասկած, շատ լավ է պատկերացնում դա, առավել ևս, որ, ըստ էության, չունի այդպիսի քայլի գնալու անհրաժեշտություն, չկա դասավորություն, որը նրա համար՝ որպես մեծամասնության կրող, խնդրահարույց է թեկուզ երկարաժամկետ առումով:
Եվ այդ իմաստով, իրավիճակը այդ հենման կետով դիտարկելը՝ Փաշինյանի նախընտրության, թերևս ավելի շատ նախորդ իրողություններից եկող իներցիա կամ կարծրատիպ է, որից պետք է ձգտել ազատվել, ու ազատել հանրությանը առնվազն հաջորդ ընտրությանն ընդառաջ՝ գալիք հնգամյակում: Ստեղծագործական ազատության դաշտի ընկալումը հասկանալիորեն բավական բարդ է քառորդ դարի ճաղավանդակային քաղաքականությունից հետո, երբ քաղաքական ուժերը իսկապես ստացել են աշխատանքի և արդյունքի՝ եթե ոչ բացարձակ, ապա գերակշռող մասով արդար հարաբերակցության հնարավորություն: Այսինքն՝ թե՛ հանրությունն իհարկե, թե՛ քաղաքական ուժերը պետք է այժմ ազատվեն մտավոր-հոգեբանական ճաղավանդակային իրականությունից, քաղաքական հեռանկարներն ու ճանապարհները հաշվարկելով ոչ թե այն կետից, թե ինչ է պետք իշխանության կրող ուժին կամ անձին, այլ այն կետից, թե ինչ է պետք իրենց և հասարակությանը: Քաղաքական սուբյեկտության զգացումը դժվարությամբ, բայց, թերևս, նաև ընթացիկ արտահերթ ընտրության օգնությամբ մուտք կգործի հայաստանյան քաղաքական դաշտ:
















Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր