Հետաքրքրական է, որ հղիության մասին լուրը կնոջ ներաշխարհում հաճախ երկակի զգացում է առաջացնում

Հղիությունը չի դասակարգվում որպես հիվանդություն,
սակայն անհրաժեշտություն ունի համապատասխան մասնագետի հսկողության: Կարելի է ասել`
հղիությունը բնության ամենագեղեցիկ և սպասված հրաշքն է:
Հետաքրքրական է, որ հղիության մասին լուրը կնոջ ներաշխարհում
հաճախ երկակի զգացում է առաջացնում: Որոշ հեղինակներ կարծում են, որ նույնիսկ
ամենացանկալի հղիությունն ուղեկցվում է հակասական հուզական վիճակներով. և՛
ուրախություն, սպասում, և՛
վախ, տխրություն:
Հղիությունը կնոջը դարձնում է հուզականորեն խոցելի, նպաստում է անհանգստության առաջացմանը,
իսկ բացասական զգացողությունները կնոջը դարձնում են ավելի զգայուն, պահանջկոտ շրջապատի նկատմամբ:
Հղի կնոջ համար ամենաչնչին բանն անգամ կարող է զայրանալու պատճառ դառնալ: Նույնիսկ եթե կինը մինչև հղիությունը աչքի էր ընկնում հանդարտությամբ, ապա նոր կարգավիճակում նա կարող է հեշտությամբ տագնապել, նյարդայնանալ: Տագնապի խթանմանը նպաստում է նաև ապագա մայրիկի
մեկուսացումն ակտիվ կյանքից:
Եթե կինը միշտ ձգտել է որոշակի կայունության և հավասարակշռության,
ապա շատ հավանական է, որ երեխայի ծնունդը կառաջացնի նրա մոտ միտք՝ ինչպե՞ս ամեն ինչ
կարգավորել: Հղի կնոջ հոգեբանությունն իր յուրահատուկ առանձնահատկություններն ունի հղիության յուրաքանչյուր եռամսյակում.
Առաջին եռամսյակը բնորոշվում է անկայուն տրամադրությամբ. մի կողմից երեխա ունենալու գիտակցված ցանկությունը, մյուս կողմից՝ անվստահությունը սեփական մայրական հնարավորությունների հանդեպ: Ի հայտ է գալիս զգայունություն, նեղացկոտություն և կամակորություն, որոնք ուղեկցվում են ուշադրության մեծ պահանջով:
Երկրորդ եռամսյակը համեմատաբար հանգիստ, հուզականորեն կայուն շրջան է համարվում: Ապագա մայրիկն աստիճանաբար հարմարվում է իր ոչ սովորական կարգավիճակին:
Երրորդ եռամսյակում արդեն սպասում է ապագա երեխայի լույս աշխարհ գալուն և կենտրոնացած է ծննդաբերության ընթացքի, մայրական հնարավորությունների, երեխայի
խնամքի հետ կապված մտքերի վրա:
Հղիության
ողջ ընթացքը անչափ կարևոր է հոգեբանական տեսանկյունից, քանի որ պտղի զարգացման, ինչպես նաև երեխայի հետագա հոգեկան զարգացման վրա մեծապես անդրադառնում է պտղի և մոր միջև եղած հոգեբանական կապը, հղի կնոջ հուզական վիճակը: Այդ է պատճառը, որ հղիության ընթացքում խրախուսվում է դրական հուզական վիճակը, հաճելի և գեղեցիկ վայրեր հաճախելը, նախասիրություններով զբաղվելը, մաքուր օդում զբոսանքները, ընտանեկան ներդաշնակ հարաբերությունները:
Եթե
բացասական հույզերը հաճախ են անհանգստացնում, փորձեք հաղթահարել այն գրելու, նկարելու
կամ Ձեզ աջակցող մարդկանց հետ շփվելու միջոցով:
Ժամանակակից կյանքում ընդունելի է նաև հոգեբանին դիմելը` հոգեբանական անհատական մոտեցումների
շնորհիվ ավելի արդյունավետ է հուզական ոլորտի
վերահսկումը, ներքին ներդաշնակության ամրապնդումը: Ի վերջո, և՛ կնոջը, և՛ ամուսնուն
անհրաժեշտ է հոգեբանական պատրաստվածություն նոր կարգավիճակի և դրանից բխող գործառույթների
համար:
Պոզիտիվ
հոգեբանությունից օգտակար կլինի նաև այն, որ
կոնկրետ դրական մտքեր ամեն օր կրկնելով,
Դուք
կարողանում եք ձևավորել դիրքորոշում երջանիկ հղիության համար, օրինակ.
Իմ հղիությունը բնական է, նորմալ և անվտանգ ինչպես իմ, այնպես
էլ երեխայի համար:
Ես աշխարհի ամենալավ մայրիկն եմ:
Իմ երեխան երջանկություն է ինձ համար:
Ես հանգիստ եմ: Իմ երեխան զգում է այդ հանգստությունը և հանգիստ
է, ինչպես և ես:
Հ.գ.թ. դոցենտ Սոնա Հարությունյան