Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում          Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»       Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների    

04 ապր 2019 10:56

Պատերա՞զմ, թե խաղաղություն՝ թեկուզ հարաբերական. ի՞նչ է կատարվում ներսում.«Ժամանակ»

Պատերա՞զմ, թե խաղաղություն՝ թեկուզ հարաբերական. ի՞նչ է կատարվում ներսում.«Ժամանակ»«Ապրիլյան պատերազմի հերթական տարելիցը հայաստանյան հանրության շրջանում տվեց պատերազմի և խաղաղության թեմայով քննարկումների աշխուժացման հերթական առիթը: Այդ համատեքստում էլ ծավալվեցին խոսակցություններ հնարավոր պատերազմի վտանգի մասին, որի առնչությամբ շատերը խոսում են ուղղակի անխուսափելիության շեշտադրումներով:
Այստեղ, իհարկե, բավականին դժվար է վիճարկել այն, որ արցախյան հարցի ներկայիս իրավիճակի պայմաններում, մինչև ատամները զինվող Ադրբեջանի պայմաններում մենք ապրում ենք պատերազմի մշտական վտանգի առկայությամբ: Մյուս կողմից՝ մենք թերևս պետք է պատասխանենք մի կողմից շատ ավելի պարզ, մյուս կողմից խորքային այլ հարցի՝ իսկ մենք արդյոք երբևէ ապրելո՞ւ ենք այլ պայմաններում: Ինչի՞ մասին է խոսքը:
Մենք գտնվում ենք մի ռեգիոնում, որը դարեր շարունակ եղել է աշխարհաքաղաքականության հանգուցային կետերից մեկը, համաշխարհային շահերի յուրօրինակ խաչմերուկ՝ իր բազմաթիվ ու բազմաշերտ քաղաքական և էթնիկ խնդիրներով: Խնդիրներ, որոնց մի զգալի մասն էլ անմիջականորեն առնչվում է մեզ՝ հայերիս: Արդյո՞ք փոխվելու է ռեգիոնը, օրինակ՝ ապրելու է միացյալ Եվրոպայի կյանքով: Սա մի հարց է, որին ճշգրիտ պատասխանելը չափազանց դժվար է: Եվրոպան էլ արյունալի բախումների ռեգիոն էր, որը, սակայն, ներկայումս լիովին հակադիր բնութագիրն ու հատկանիշներն է պարունակում: Հնարավո՞ր է դա Կովկասում: Այդ հարցի պատասխանը ամենևին պարզ չէ, իսկ Կովկասն էլ թերևս նույնիսկ այդ պայմաններում նույնական չէ Եվրոպայի հետ:
Փոխարենը, չունենալով այդ հարցերի պատասխանը, մենք ունենք հակառակի հարցում համոզվելու մի շարք ավելի նախադրյալներ՝ եզրակացնելու համար, որ մենք ապրելու ենք բարդ ռեգիոնում դեռ շատ երկար ժամանակ: Եվ այստեղ բանն ամենևին միայն Արցախի հարցը չէ, ու պատրանքային է կարծել, թե մեր պետական անվտանգության մարտահրավերները միայն դրա, այսպես ասած, չկարգավորվածությունից են ու «կարգավորումից» հետո նվազելու են:
Եվ ուրեմն, պատերազմի վտանգի սպառնալիքն էլ ավելի լայն է ու բազմաշերտ, քան լոկ Ադրբեջանը և դրա սպառազինվածությունը: Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է լրջորեն վերագնահատենք մեր պատկերացումները ազգային անվտանգության, ռեգիոնալ անվտանգության մասին և ըստ այդմ՝ գանք տրամագծորեն հակառակ եզրահանգման առ այն, որ այդ վտանգների կանխարգելումը Հայաստանի ներսում է, ոչ թե դրսում որևէ աղբյուրի բացակայության մեջ:
Որքանով է Հայաստանն իր ներսում տնօրինում կանխարգելման ռազմական, քաղաքական, տնտեսական, մշակութային, հոգեբանական տարրեր, բաղադրիչներ, կարողություններ: Ըստ դրա, մենք կարող ենք դատել՝ պատերա՞զմն է ավելի իրական, թե՞ խաղաղությունը՝ թեկուզ հարաբերական»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր