Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի կողմից արվել են մանիպուլյատիվ հայտարարություններ

1. 2018թ. փետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ քննվող քրեական գործով այդ իրադարձությունների հանգամնանքների մասին հավաքված փաստական տվյալները տրամագծորեն տարբերվել են ներկայումս անջատված քրեական գործում առկա փաստական տվյալներից:
2. Հիշյալ խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ դատախազությունը՝ ի դեմս դատախազ Կարեն Բիշարյանի, գործի նյութերի գնահատմամբ իրավացիորեն կարծիք է հայտնել, որ երկու նախագահներին հարցաքննելու ահնրաժեշտությունը բացակայում է, քանզի նման անհրաժեշտության մասին վկայող փաստական տվյալներ գործով հավաքված չեն եղել:
3. Դատախազ Կարեն Բիշարյանն Ազգային ժողովի իր ելույթում ամենևին էլ չի բացառել քննության ընթացքում համապատասխան հիմքերի առկայության դեպքում նախագահներին հարցաքննելու հնարավորությունը:
4. Ակնհայտ է, որ գործում չկար թիվ «0038» հույժ գաղտնի հրամանը: Հիշյալ խորհրդարանական լսումների ժամանակ բարձրացված հարցադրումները ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դրանցից անմիջապես հետո 2008թ. մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զինված ուժերի ներգրավման մասին փաստահավաք խմբի զեկույցը հենց ՀՀ գլխավցոր դատախազի կողմից է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրա շուրջ քննություն կատարելու համար, որի շրջանակներում հիշյալ հրամանն առաջին անգամ ամբողջությամբ գաղտնազերծվել է և պարզվել են դրանում պարունակվող՝ գործի համար էական նշանակություն ունեցող տվյալները: Հետևաբար, այդ փաստական տվյալները գործում հայտնվել են մինչև պաշտպանի կողմից նշված՝ 2018թ. մայիսյան հայտնի իրադարձությունները:
5. Պաշտպան Միհրան Պողոսյանի վկայակոչած 2010թ. դատավճռով անձինք դատական քննության արագացված կարգի կիրառմամբ դատապարտվել են ոչ թե թիվ «0038» հույժ գաղտնի հրամանն ամբողջությամբ, այլ դրա քաղվածքի պատճենը հրապարակելու համար, իսկ այդ քաղվածքի պատճենում չկան այնպիսի փաստական տվյալներ, որոնք ինքնին այսօրվա գործով կատարված իրավական հետևանքների հիմք կհանդիսանային:
Հուսալով, որ այլևս առիթ չենք ունանա այս հարցերին անդրադառնալու՝ միաժամանակ հարգարժան փաստաբանին հորդորում ենք պաշտպանական մարտավարությունը կառուցել բացառապես մասնագիտական դաշտում՝ քննության առարկա հանդիսացող հանգամանքների շուրջ, ըստ էության, փաստարկումներ բերելով, ինչն առավել օգտակար է վստահորդի համար, քան դատավարական հակառակորդներին մանիպուլյատիվ հնարքներով վարկաբեկելու անհաջող փորձերը»: