Տղային ողջակիզումից փրկել է մայրը, որը որդու աչքերին արցունքներ նկատելով՝ հասկացել է, որ նա դեռեւս ողջ է
Հնդկաստանի Փիլալամարի գյուղից 18-ամյա Հենդեմ Կիրանային բժիշկները մահացած էին ճանաչել: Տղային ողջակիզումից փրկել է մայրը, որը որդու աչքերին արցունքներ նկատելով՝ հասկացել է, որ նա դեռեւս ողջ է:
Hindustan Times պարբերականը հայտնում է, որ տղային հոսպիտալացրել էին հունիսի 26-ին՝ բարձր ջերմության եւ փսխոցի գանգատներով: Նրա մոտ ախտորոշել էին հեպատիտի ծանր ձեւ: Նրա վիճակը սրընթաց վատթարացել էր, եւ բժիշկների խորհրդով ազգականները նրան մասնավոր կլինիկա էին տեղափոխել: Այնտեղ տղան կոմայի մեջ էր ընկել, եւ հուլիսի 3-ին բժիշկները հայտարարել էին, որ պացիենտի ուղեղը մահացել է ու նրա ապրելու հավանականություն այլեւս չկա:
Ծնողները տղային, որը դեռեւս միացված էր կենսապահովման սարքին, տուն էին տարել, որպեսզի «նա հայրենիքում վերջին շունչն առնի»:
Դիակիզման պատրաստելու ժամանակ, սակայն, Հենդեմի մայրը նկատել է, որ նրա աչքերին արցունքներ են հայտնվել: Նա անմիջապես բժիշկ է կանչել: Ժամանած բժիշկը զննել է պատանուն եւ հայտարարել, որ նրա սիրտը դեռեւս բաբախում է: Նա հայտարարել է, թե զուր չէ, որ ընտանիքը չի անջատել նրան կենսապահովման սարքից:
Պատանուն կրկին տեղափոխել են հիվանդանոց: 3 օր հետո նա արթնացել է, եւ ազգականների խոսքով՝ նույնիսկ կարողացել է «ցածրաձայն խոսել»: Հուլիսի 7-ին նրան դուրս են գրել՝ բուժումը պետք է շարունակի տանը: