Անբարոյականությունը՝ քաղաքական պայքարի անվան տակ. Թիրախում Հայաստանն է. ՀԺ

Ասենք՝ հրապարակվում են Հայաստանի 2019 թ. առաջին ութ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, պարզվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի եկամուտներն ավելացել են 21,7 տոկոսով (սա ֆանտաստիկ բարձր ցուցանիշ է), և… հսկայական «խորիմաստ» վերլուծություններ են արվում, որոնց իմաստն այն է, որ դա խայտառակ վատ ցուցանիշ է, վկայում է տնտեսական անկման մասին, և այլն: Հասկանալի է, չէ՞, որ եթե տնտեսական աճը եղել է, ասենք, 6 տոկոս, իսկ բյուջեի եկամուտներն ավելացել են 21 տոկոսով, նշանակում է՝ ստվերն էապես կրճատվել է, և այստեղ վիճելու բան չկա: Բայց՝ չէ. պարզվում է՝ կարելի է վիճարկել նաև մածունի սպիտակ լինելը:
Կամ, ասենք, չնայած նախկին իշխանությունների հսկայական ջանքերին՝ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս դատաիրավական բարեփոխումների նախագծին: Եվ ի՞նչ: Նախկիններն իսկույն շրջանառության մեջ են դնում մի վարկած, ըստ որի՝ դրա դիմաց միջազգային հանրությունը ՀՀ իշխանություններից պահանջել է հանձնել ազատագրված յոթ շրջանները: Այսինքն՝ ստացվում է, որ նույնիսկ դատաիրավական բարեփոխումների իրականացնումն է կործանարար Հայաստանի համար:
Ուրիշ օրինակ բերենք: Աշխարհահռչակ booking.com-ը Երևանն ընդգրկում է 2020 թ. աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ տասնյակում, իսկ նախկինների ձեռքից կերակրվող «մեր» լրատվամիջոցներն իսկույն աղմուկ-աղաղակ են բարձրացնում, թե դա սուտ է, չկա այդպիսի բան, Հայաստանում այդքան հյուրանոց չկա, դա բլեֆ է, և այլն: Ընդ որում՝ ադրբեջանական լրատվամիջոցներից չեն արտագրում (թեև նրանք էլ են ճիշտ նույն կերպ արձագանքում), սեփական նախաձեռնությամբ են «սխալ հանում» booking.com-ին:
Խաղողի մթերումից ենք խոսում, ահռելի ջանքեր ենք գործադրում, որ հայկական կոնյակն ու գինին նորանոր շուկաներ նվաճեն, արտահանման ծավալներն աճեն, և այլն, իսկ սրանք իրենց այսրոպեական շահի համար անհեթեթ վերլուծություններ են անում ու աշխարհով մեկ հայտարարում, թե Հայաստանից մեծ քանակով կեղծ կոնյակ է արտահանվում (պատկերացնո՞ւմ եք, թե ադրբեջանական լրատվամիջոցներն ինչ հաճույքով կարտատպեն այս «վերլուծությունները»): Շվեյցարական Կարմիր խաչն իր ամենամյա միջոցառումը նվիրում է Հայաստանին ու ողջ հասույթը (հարյուր հազարավոր դոլարներ) ուղղում Հայաստանի տարեցների կյանքի բարելավմանը՝ սրանք այդ ամենի մեջ նկատում են միայն այն, որ վարչապետի տիկինն էլ է մասնակցել միջոցառմանը ու նույնիսկ թանկ հյուրանոցում է ապրել: Իսկ թե ինչ միջոցառում էին ու ինչի համար էր արվում՝ այդ մասին ոչ մի խոսք…
Կարելի է, իհարկե, համարել, որ սա սովորական քաղաքական պայքար է և առանձնապես ուշադրություն չդարձնել: Բայց իրականում սա այնքան էլ սովորական քաղաքական պայքար չէ, որովհետև թիրախում ավելի հաճախ ոչ թե իշխանություններն են, այլ Հայաստանը: Ու սա, ի դեպ, ողջ քաղաքական դաշտի խնդիրն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: